«Ալ կարմիր տառը» (Նաթանայել Հոութորն)


13:59 , 1 մարտ, 2012

Մեկ-մեկ դասական գրականություն կարդալու ցանկություն է առաջանում: Նաթանայել Հոութորնին էլ պատահաբար չընտրեցի. ժամանակակիցներից շատերն են նրա անունը հաճախ հիշատակում: Մտածեցի` կարդամ, տեսնեմ` էդ ի՞նչ է, որ էդքան նրանից մեջբերումներ են անում:

Ու էդպես «Ալ կարմիր տառը» ձեռքս ընկավ: Գիրքը տասնյոթերորդ դարի Բոստոնում ապրող մի կնոջ մասին է, որն արտամուսնական կապից հղիանում, երեխա է ունենում, իսկ հասարակությունը դատապարտում է նրան: Որ սկզբում կարդացի էս բնութագիրը, մի քիչ հիասթափվեցի: «Դարն ապրած թեմա»,- մտածեցի:

Հետո կարծիքս փոխեցի, որովհետև գրքում ներկայացված հասարակության վերաբերմունքն ու վարքուբարքը կարծում եմ` Հոութորնի ժամանակների համար էլ հնացած պիտի համարվեր: 

Ընդհանուր առմամբ, հրաշալի գործ էր: Երևում էր` հեղինակը վրան ահագին ջանք էր թափել: Ամեն բառը, արտահայտությունը հատուկ ընտրված էր, չափած-ձևած: Ճիշտ է` էն ժամանակվա գրականությունը հատուկ մանրամասն նկարագրությունների մեջ շատ էր խորանում, բայց էնքան չէ, որ խանգարեր սահուն ընթերցանությանը:

Հեղինակն իր գնահատականը չի տալիս, այլ գնահատում է տասնյոթերորդ դարի աչքով, ինչ կմտածեր էդ ժամանակների մարդը: Երեք գլխավոր հերոսները` Հեսթերը («մեղավոր» կինը), նրա ամուսինն ու սիրեկանը` Արթուրը, շատ հստակ բնավորություն ունեին: Հեսթերն ուժեղ էր, միայնակ տանում էր տառապանքը, չէր մատնում, թե երեխայի հայրն ով է: Վերջինս, լինելով տղամարդ, ամեն դեպքում թույլ է, նախընտրում է թաքուն տառապել, շարունակել բարի համբավ վայելել: Հեսթերը մեղավոր է, արհամարհված, մերժված: Իսկ Արթուրը քարոզիչ է, սուրբ է, բոլորը նրան պաշտում են: 

Հեսթերի ամուսինն իմանում է «խայտառակության» մասին, որոշում է վրեժ լուծել Արթուրից: Նա դառնում է մի սատանայական կերպար` Արթուրին դանդաղ մահի ու տանջանքի արժանացնելով:

Վերջը չեմ ասում` ինչ է լինում: Միայն ափսոս, որ ամփոփող վերջին գլուխն ահագին համը հանում է:

Չգիտեմ` Հոութորնն ինքը նման նպատակ ունեցել է, թե ոչ, բայց այս ստեղծագործության մեջ շատ լավ ես տեսնում, թե որքան հարաբերական բաներ են մեղավորն ու անմեղը ու անգամ այն կերպարը, որով մարդ ներկայանում է հասարակությանը:

Գրքի լեզվի մասին էլ չմոռանամ. սիրուն անգլերեն է, երկխոսությունները` հարմարացրած տասնյոթերորդ դարի լեզվին: Էնպես որ, եթե դասականի հավես ունեք ու եթե ուզում ենք ձեր անգլերենը մարզել, անպայման կարդացեք: