Նա, ով թալանեց Ուելսի արքայազնին, Ռոքֆելլերներին ու այլ հարուստ մարդկանց. անհավատալի պատմություն գողերի արքայազնի մասին


18:15 , 21 հունվար, 2015

Յուրաքանչյուր գործում կան մարդիկ, ովքեր հասել են այդ գործի բարձրունքներին։ Այսպես ասած՝ դասականներ։ Գողության մեջ այդպիսին Արթուր Բերրին էր՝ գողերի արքայազնը՝ 1920-ականներին Նյու Յորքի ոստիկանության մղձավանջը։ Իր տաղանդով նա կարող էր հաջողության հասնել ցանկացած գործում, բայց նա գերադասեց զբաղվել համերկրացիների նյութական արժեքների յուրացմամբ։

Բերրին մասնագիտացած էր թանկարժեք քարերի վրա. փող չէր գողանում, ոսկին թափում էր այն բանից հետո, երբ զարդի միջից հանում էր քարերը։ Իր գործունեության ընթացքում ոչ մի անգամ չի օգտագործել զենք ու ձեռք չի բարձրացրել, ինչպես ինքն էր նրանց անվանում, իր «հաճախորդներից» ոչ մեկի վրա։ Նրանք տանն էին լինում Բերրիի այցերի ժամանակ, ու վերջինս շատ քաղաքակիրթ կերպով խնդրում էր, որ հենց իրենք հանեին իրենց զարդերը՝ ժամանակը խնայելու համար։

Նա թալանում էր բացառապես հարուստ ու ազդեցիկ մարդկանց, ու մի պահ դա նույնիսկ դարձել էր բարձրաշխարհիկ պատկանելիությունը հավաստագրող բան՝ թալանվել «ջենթլմեն գողի» կողմից։ Նա ֆանտաստիկ հնարամտություն էր ցուցաբերում, անգիր էր անում թանկարժեք զարդերի կատալոգներ ու աշխարհիկ քրոնիկների սյունյակներ, այցելում էր տարբեր միջոցառումներ, ուսումնասիրում էր հարուստների տների կառուցվածքն ու պլանը, ինչպես նաև ազդանշանային համակարգին վերաբերվող դետալները։

Նման մի բարձրաշխարհիկ միջոցառման ժամանակ նա հանդիպեց Ուելսյան արքայազնին։ Արթուրը շատ հաճելի զրուցեց ապագա միապետի հետ մի քանի ժամ նրա հարազատների մասին, իսկ մի քանի օր անց արքայական տան անդամի մոտից անհետացան 150.000 դոլարին համարժեք թանկարժեք իրեր։

Ռոքֆելլերի առանձնատունը հսկում էին երկու հատուկ վարժեցված պահակաշներ։ Բերրին պարանով նրանց մոտ իջեցրեց զուգվելու պատրաստ էգ շան, ինչից հետո հանգիստ թալանեց տունը, երբ պահակները զբաղված էին ամուրային գործերով, իսկ հետո վերցրեց իր հետ էգ շանը, որպեսզի հետքեր չթողնի։

Առաջին համաշխարհայինի ժամանակ Բերրին «արձակուրդ» վերցրեց, որի ընթացքում պատերազմեց ու անգամ Արծաթե աստղ բարձր շքանշանին արժանացավ։ Նա վարում էր շռայլ ապրելակերպ, նա ուներ անձնական վարորդ, որը երթևեկում էր կարմիր կադիլակով։ Նա իր եկամուտների մեծ մասը ծախսում էր կանանց վրա, որոնցից մեկն էլ հենց հանձնեց նրան ոստիկանությանը՝ խանդից դրդված։

Բերրիին դատապարտեցին 25 տարվա ազատազրկման, բայց բանտում նա ձանձրանում էր։ Նա խորամանկությամբ թափանցեց զինանոց, չեզոքացրեց պահակախմբին, բաժանեց զենքը բանտարկյալներին ու ապստամբություն բարձրացրեց։ Ստեղծված շիլաշփոթում նա ճողոպրեց։ Նրան կրկին բռնեցին երեք տարի անց, ու նա, այնուամենայնիվ, կրեց իր ողջ պատիժը։ Դուրս գալով բանտից՝ նա բնակություն հաստատեց մի փոքրիկ քաղաքում, որտեղ, չնայած իր անցյալին, մեծ հարգանք էր վայելում ու անգամ ընտրվեց տեղի վետերանների կազմակերպության ղեկավար։

Իր կյանքի վերջում նրան հարցրեցին, թե ումից է նա ամենամեծ գողությունն արել։ Արթուրը մտածեց ու պատասխանեց. «Ինձանից։ Ես կարող էի լինել բորսայի խաղացող կամ դասախոս, կամ հաջողակ ջործարար։ Ես կարող էի ավելիին հասնել, օգուտ բերել հանրությանն ու ստիպված չէի լինի իմ կյանքի լավագույն մեկ երրորդն անցկացնել բանտում»։