16:12 , 21 հունվար, 2015Panorama.am-ը գրում է․
Վալերի Պերմյակովի գործը Հայաստանում քննելու, բայց նրան Հայաստանին չհանձնելու որոշումը ընդունվել է ոչ թե իրավական, այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որը պայմանավորված է Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնվելու աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական նշանակության հետ: Այս մասին ասուլիսում անդրադառնալով Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ընտանիքի սպանդին՝ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նա նշեց, թե հակված չէ այդ սպանության հետևում տեսնել երրորդ ուժ, այլ կարծում է, որ տեղի ունեցածը ոչ սթափ դասալիքի գործողություն էր: Նա տարակուսելի համարեց ՀՀ իրավապահների կողմից նրան շուտ չհայտնաբերելը այն դեպքում, երբ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը երեք բջջային հեռախոսով դիմել է փախուստի, ինչից հետո միայն ռուս սահմանապահներն են նրան հայտնաբերել հայ-թուրքական սահմանը հատելու ժամանակ: Նրա համոզմամբ՝ նման դեպքերում արդի տեխնիկական միջոցներով հնարավոր է բավական արագ հայտնաբերել մարդուն:
«Բոլորը խոսում են երկու հանցագործությունների՝ դասալքության և Հայաստանի քաղաքացիների սպանության մասին, անտեսում երրորդ հանցագործությունը՝ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձը: Այդ վերջին հանցագործությունը միայն բավական էր, որ նրան ռուս սահմանապահները հանձնեին Հայաստանին: Բացի այդ հայ-ռուսական պայմանագրերի համաձայն՝ ՀՀ-ն ուներ բոլոր իրավունքները՝ պահանջելու, որ դատավարությունը տեղի ունենա ՀՀ տարածքում և ՀՀ համապատասխան ատյանների կողմից»,- ասաց բանախոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ