15:50 , 21 հունվար, 2015Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

Բրիտանական քաղաքական գործիչ Ուիլյամ Գլադսթոնի ճակատագիրը յուրօրինակ է: Նա չորս անգամ եղել է Միացյալ Թագավորության վարչապետը և գերազանց է դրսևորել իրեն այդ պաշտոնում:
Նրա քաղաքական ձեռքբերումների շարքին են դասվում Իռլանդիայում պետական եկեղեցու վերացումը, ընտրություններում գաղտնի քվեարկություն մտցնելը, իռլանդացի գյուղացիների իրավունքներն ընդլայնող երկու օրենսդրական ակտի ընդունումը և երկրի մշակութային կյանքին ցուցաբերած օժանդակությունը: Միջազգային քաղաքականության մեջ Ուիլյամ Գլադսթոնն այդքան էլ փայլուն չէր ներկայանում, սակայն լոկ այն պատճառով, որ դեմ էր պատերազմներին և ցանկացած բռնության, որը տարածված էր այդ ժամանակ (ինչպես և այժմ) համաշխարհային քաղաքական դաշտում:
Օժտված լինելով առանձնահատուկ մտածողությամբ` Գլադսթոնն ուշադրության էր արժանացնում բրիտանացիների կյանքի ամենատարբեր ոլորտներին: Հայտնի է օրինակ, որ այս ազատամիտ գործիչը թեյելու էր հրավիրում թեթևաբարո կանանց և զրուցում նրանց հետ` հույս ունենալով վերադաստիարակել այդ «կամակոր կանանց»: Ժամանակակիցներն ընդգծում էին նրա բարձր բարոյական հատկանիշները, արդարամտությունն ու մարդասիրությունը: Այդ որակների լավագույն հաստատումն են Գլադսթոնի պատվին կանգնեցված բազմաթիվ հուշարձանները, ինչպես նաև նրա անունը կրող փողոցներն ու ոչ մեծ թաղամասերը:
«Բարձրագույն հոգի». այսպես է թարգմանվում դևանգրի բարբառից «Մահաթմա» տիտղոսը, որով Մոհանդաս Գանդային պարգևատրել է բանաստեղծ Ռաբինդրանաթ Թագորը, մինչդեռ ինքը` Գանդին, խուսափում էր այդ պատվանունից` չհամարելով իրեն արժանի:
Գանդին հռչակ ձեռք բերեց որպես կաստային անհավասարության սկզբունքային ընդդիմադիր, որի դեմ վարում էր անողոք (բայց խաղաղ) պայքար, ինչպես նաև անբռնակալության (սանսկրիտերեն այսպես կոչված satyagraha, «ճշմարտության ձգտում, հաստատակամություն ճշմարտության մեջ») գաղափարների կողմնակից: Նրա քաղաքական և հասարակական գործունեությունը մեծ ազդեցություն է թողել Հնդկաստանի զարգացման և պատերազմող հնդիկ ու մուսուլման խմբավորումների հաշտեցման գործում:
1921թ.-ին Գանդին գլխավորել է Հնդկական ազգային կոնգրեսը և այդ պաշտոնում անձնվիրաբար աշխատել հնդիկ ժողովրդի բարեկեցության համար: Նրա հիմնական մտահոգություններն էին երկրում կանանց դիրքի բարելավումը, բնակչության աղքատ խավերի կենսամակարդակի բարձրացումը, ազգային և կրոնական կոնֆլիկտների հարթեցումը, տնտեսության զարգացումը և, իհարկե, Հնդկաստանի ազատագրումը բրիտանական լծից:
Նա կիսում էր իր հացը աղքատների հետ, ուղևորվում երրորդ կարգի վագոններով, հացադուլներ հայտարարում և կազմակերպում բրիտանական ապրանքները բոյկոտելու և բռնակալության դեմ ուղղված ակցիաներ: Մահվանից առաջ Գանդին աշխատել է հնդկական սահմանադրության նախագծի վրա:
Լինելով ոգեշնչող և Հնդկաստանի անկախության շարժման խորհրդանիշ՝ Մահաթմա Գանդին զոհ դարձավ քաղաքական ինտրիգներին: 1948թ. հունվարի 30-ին Գանդին իր զարմուհու հետ դուրս եկավ տան բակ՝ երեկոյան աղոթքի համար: Նրան ողջունեց երկրպագուների և համախոհների ամբոխը: Հանկարծ ամբոխից առանձնացավ մի մարդ: Մոտենալով Գանդիին` նա երեք կրակոց արձակեց: Արնաքամ լինող քաղաքական գործիչը ներման նշան արեց իր վրա կրակողին: Հետագայում պարզվեց, որ մարդասպանն անդամակցում է «Հինդու Մահա Սաբհա» կրոնաքաղաքական կազմակերպության, որը համարում էր, թե Գանդին չափազանց բարյացկամ է վերաբերվում հնդիկ մուսուլմաններին:
Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը, նշվում է ողջ աշխարհում որպես Բռնության դեմ միջազգային օր:

XX-րդ դարը համարվում է քաղաքացիական իրավունքի համար պայքարի դար տարաբնույթ իրավապաշտպան կազմակերպությունների և նրանց առաջնորդների կողմից, որոնց թվին է դասվում Մարտին Լյութեր Քինգը: Սակայն գոյություն ունեն և ավելի քիչ հայտնի գործիչներ, ովքեր նույնպես նպաստել են քաղաքացիական հասարակության զարգացմանը, ինչպես օրինակ Էռնեստ Վանդիվերը` ամերիկյան Ջորջիա նահանգի նահանգապետը 1959-1963թթ.-ին:
Վանդիվերը ջանք չէր խնայում ձևավորված ռասսայական խտրականությունն արմատախիլ անելու համար: Դա հազվադեպ էր դիտվում նահանգապետերի շրջանակում, որոնք մոլեռանդ ռասիստներ էին: Օրինակ, Վանդիվերը հավանություն տվեց նահանգի դատարանի որոշմանը` երկու սևամորթ ուսանողների` Համիլթոն Հոլմսի և Շարլեյն Հանթերի՝ Ջորջիայի համալսարան ընդունելու մասին, չնայած ավելի վաղ համալսարանի ուսանողները բողոքի ցույց բարձրացրեցին համալսարանում սևամորթների ներկայության դեմ:
Բացի այդ, Վանդիվերը վերացրեց Ջորջիայի Գլխավոր ասամբլեայի հաստատած հրամանը, համաձայն որի արգելվում էր համատեղ ուսուցմամբ (աղջիկների և տղաների) դպրոցների պետական ֆինանսավորումը: Ջորջիա նահանգի դատավոր Ժոզեֆ Քուիլլիանը բարձր գնահատեց Էռնեստի գործունեությունը նահանգապետի պաշտոնում՝ ասելով.
«Նա այդպես էլ չսովորեց ստել»:

Վացլավ Հավելը, անկասկած, օժտված է եղել գրական տաղանդով: Նա գրում էր բանաստեղծություններ, էսսեներ և պիեսներ, սակայն պատմության մեջ առաջնահերթ հիշվում է որպես քաղաքական գործիչ և այլախոհ:
Նրա քաղաքական ուղին երկար էր և փշոտ: Հավելը 1968թ.-ին սովետական զորքի Չեռնոբիլ մտնելու ակտիվ հակառակորդներից էր, որի պատճառով մի շարք խնդիրների առաջ էր կանգնել. նրան երկրից դուրս չէին թողնում, իսկ նրա ստեղծագործություններն արգելված էին:
Հավելը երկար տարիներ պայքար է մղել քաղաքական համակարգի ժողովրդավարացման և իր երկրի քաղաքացիների իրավունքների պահպանման համար, մի քանի անգամ դատապարտվել է, սակայն համառորեն շարունակել է իր գործունեությունը:
1989թ. աշնանը Չեխոսլովակիայում սկսվեց հանրահայտ Թավշյա հեղափոխությունը, որի առաջնորդներից մեկն էլ դարձավ Վացլավ Հավելը:
Երբ կոմունիստները կորցրին իրենց քաղաքական ազդեցությունը, Հավելն ընտրվեց երկրի նախագահ, սակայն, մնալով այդ պաշտոնում մինչև 1992թ.-ն, լքեց այն ժամանակից շուտ՝ գիտակցելով, որ Չեխոսլովակիայի օրերը հաշված են: Իսկ արդեն 1993թ.-ին նա նորից ընտրվեց` դառնալով Չեխոսլովակիայի վերջին և Չեխիայի առաջին նախագահը: 1998թ.-ին Հավելը վերընտրվեց երկրորդ անգամ:
Վացլավ Հավելի գործունեությունը ստացել է միջազգային ամենամեծ ճանաչումը և աջակցությունը, նա բազմաթիվ պարգևատրումների և մի շարք մրցանակների դափնեկիր է:
Խորհրդանշական էր նրա առաջին փորձը որպես ռեժիսոր: 2011 թ.-ին նրա «Հեռացում» ֆիլմն առաջին անգամ ներկայացվեց հանրությանը Մոսկովյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Նույն թվականին էլ մահացավ Վացլավը:

Աուն Սան Սու Չժին` ներկայիս քաղաքական դաշտի ամենանշանավոր գործիչներից մեկը, 15 տարի (1989-2010թթ. ընթացքում) գտնվում էր տնային կալանքի տակ տարաբնույթ մեղադրանքներով, սակայն հիմնականում Բիրմայի քաղաքական կյանքում ակտիվ գործունեության պատճառով:
Մահաթմա Գանդիի և Մարտին Լյութեր Քինգի գաղափարներով ոգեշնչված`այս խիզախ կինը 1988թ.-ին հիմնեց «Ազգային լիգա ժողովրդավարության համար» կուսակցությունը՝ դիմակայելու համար զինվորական խունտային, որը «Բրիմայի սոցիալիստական ծրագրի կուսակցության» նախագահ, գեներալ Նե Վինի պաշտոնաթողությունից հետո բռնագրավել էր Բիրմայի իշխանությունը:
1990թ.-ին խորհրդարանական քվեարկության ժամանակ նրա կուսակցությունը հավաքեց ձայների 59%-ը, սակայն Աուն Սան Սու Չժիին չթողեցին ղեկավարել կառավարությունը: Այդ պատճառով քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարեցին և հերթական անգամ նրան տնային կալանքի տակ առան: Լինելով Յանգոնի իր տանը` Սու Չժին ստացավ Նոբելյան մրցանակ, որը ստանալու համար Օսլո մեկնեցին նրա որդիները:
Սու Չժիին ազատ արձակեցին տնային կալանքից 2010թ.-ին` երկրում խորհրդարանական առաջին ազատ ընտրություններ անցկացնելուց 6 օր անց, իսկ երկիրը 1989թ.-ից սկսած ստացավ Մյանմա անվանումը: Այն, ինչի համար Սու Չժին այդքան երկար պայքարում էր, վերջապես իրականացավ. կուսակցությունը հաստատվեց խորհրդարանում, իսկ նրա առաջնորդն այժմ զբաղեցնում է պատգամավորական աթոռը և շարունակում է քաղաքացիական իրավունքների և ազատության համար իր պայքարը: