10:49 , 21 հունվար, 2015
Armlur.am-ը գրում է․
«Կարին» ավանդական երգի-պարի խումբն այս տարվա հետ կապված մի շարք ծրագրեր ունի: Խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ընդամենը մի քանի օրից մեկնելու է Պերմ՝ տեղի հայ համայնքի հետ վարպետության դասեր անցկացնելու նպատակով: «Ժողովուրդ»-ը նրա հետ զրուցել է Հայաստանում ազգային մշակույթի զարգացման նախադրյալների, վերջերս Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության եւ դրան հետեւած իրադարձությունների մասին:
-2014-ից Հայաստանի 13 դպրոցներում անցկացվում են ազգային երգի եւ պարի դասեր: Փորձարարական այս ծրագիրն ի՞նչ փուլում է, եւ 2015-ին ի՞նչ առաջընթաց կարելի է ակնկալել:
-Ուսումնական տարվա հաջորդ տարեսկզբին, ենթադրաբար, Հայաստանի եւս 100 դպրոց կմիանա ծրագրին, հույս կա, որ այդ դպրոցների քանակն աստիճանաբար կմեծանա:
-Մեր երկրում կարելի է հանդիպել, այսպես կոչված` «բարձր հովանու» ներքո կազմակերպվող տարատեսակ համերգների, այնինչ ազգային մշակույթը, կարծես թե, նույն ակտիվությամբ չի հովանավորվում…
-Առհասարակ, ազգային մշակույթը հովանավորության, պետական ուշադրության կարիք ունի: Թերեւս իշխանությունները դրա մեջ շոուի տարր չեն տեսնում կամ, գուցե, բարձր մշակույթ չեն տեսնում, չգիտեմ…Մինչդեռ հարկավոր է առաջին հերթին ներդրումներ կատարել հենց ազգային մշակույթը զարգացնելու ուղղությամբ: Հուսով եմ՝ շուտով սառույցը կկոտրվի:
-Կարծես թե մեր պետությունը դեռ չի եկել նաեւ այն գիտակցությանը, որ հարկավոր է ավելի շատ ֆինանսավորում հատկացնել ազգային մշակույթը աշխարհին ներկայացնելու համար… -Այդ ֆինանսավորման կարիքն, իսկապես, կա: Բացի այդ՝ պետությունը պետք է ֆինանսավորի այն խմբերին, որոնք ազգային մշակույթը լավագույնս կներկայացնեն արտերկրում եւ բարձր կպահեն մեր երկրի պատիվը, եւ ոչ թե հովանավորի պատահական խմբերի եւ անիմաստ ծախսեր անի:
-Դուք հաճախ եք նշում, որ մեզ մոտ անհրաժեշտ է զարգացնել վերկուսակցական մտավորականության գաղափարը, ի՞նչ եք կարծում՝ այսօր մտավորականի խոսքը լսելի՞ է հանրությանը, եւ ի՞նչ է պակասում դրա համար:
-Եթե մտավորականն ամբիոն ունենա իր տեսակետներն արտահայտելու համար եւ եթե իրոք մտավորական է, ժողովուրդն ականջալուր կլինի հենց նրան, քան թե, օրինակ, ինչ-ինչ անհայտ ուժերի: Պարզապես մտավորականներին հաճախ զրկում ենք այդ ամբիոններից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ