00:41 , 21 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Թուրքիայում վարչապետի գրասենյակը և նախարարությունները կարող են իրավունք ստանալ անմիջապես փակել համացանցային ռեսուրսները առանց դատական իշխանությունների նախապես վավերացման: Նման դրույթ է պարունակում իշխող` «Արդարություն և զարգացում» կուսակցության` պատգամավորներին հանձնած օրինագիծը, գրում է TASS-ը:
Կառավարությունը կկարողանա կայքերն արգելափակել կապի և հեռահաղորդակցական վարչության միջոցով: Որպես հիմք հասանելիությունը սահմանափակելու համար մատնանշվում են «քաղաքացիների կյանքի և գույքի պաշտպանությունը, ազգային անվտանգությունը, հասարակական կարգի պաշտպանությունը, հանցագործությունների կանխումը»:
Կառավարությունից համապատասխան հարցում ստանալուց հետո գերատեսչությունն այդ մասին տեղեկացնում է փրովայդերներին, որոնք էլ 4 ժամվա ընթացքում ինքնուրույն կամ կայքերի սեփականատերերի միջոցով կարգելափակեն նշված էջերի կամ կոնտենտի հասանելիությունը: Դրանից հետո մեկ օրվա ընթացքում գերատեսչությունը պետք է հարցում ուղարկի` արգելափակման համար դատարանից վավերացում ստանալու: Դատարանի գնահատականին տրվում է 72 ժամ: Եթե արգելափակումն անընդունելի համարվի, ռեսուրսը կրկին բաց կլինի օգտատերերի համար: