17:00 , 3 հոկտեմբեր, 2012
Պատմական իրադարձությունների բերումով հայ ազգի հոգևոր ժառանգությունը հանգրվանել է աշխարհի տարբեր քաղաքների մատենադարաններում, գրադարաններում, թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: 1512 թվականին Հակոբ Մեղապարտի կողմից Վենետիկում սև և կարմիր գույներով հրատարակվեց հայատառ առաջին գիրքը` «Ուրբաթագիրք» վերնագրով, որը միայն մեկ օրինակով պահպանվում է Ազգային գրադարանում և համարվում է գրադարանի ֆոնդի ամենահին գիրքը: Մասնավորապես այս հրատարակության շնորհիվ է, որ գրքի միջազգային ասոցիացաների և ՅՈՒՆԵՍԿՈ-ի որոշմամբ 2012 թվականի ապրիլի 23-ից սկսած մեկ տարով Երևանը հռչակվել և համարվում է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Բազմաթիվ հրատարակված ու անտիպ աշխատություններ կան, որոնք գրված են այլ լեզուներով, սակայն հայերի կողմից: Քիչ չեն նաև այլ ազգի հեղինակների կողմից, բայց հայ իրականությանը վերաբերող գրքերը: Հրատարակված ձեռագրացուցակների բովանդակությունը հուշում է, որ Երևանի և այլ քաղաքների մատենադարաններում գտնվող ձեռագրերը լիովին հնարավորություն են ընձեռում մերօրյա մարդուն կատարելագործելու իր խոսքն ու գործը, վարքն ու բարքը և պատասխանելու ժամանակի տարաբնույթ մարտահրավերներին: Ցավոք դեռ շատ ձեռագրեր կան, որոնց միայն վերնագրերին ու ենթավերնագրերին կարող ենք ծանոթանալ:
Հոգևոր ժառանգությունը որևէ մեկին կամ որևէ կազմակերպության պատկանել չի կարող, այն համազգային սեփականություն է, որը պահպանվում է պետությունների կողմից և հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր որևէ բնագավառում ուսումնասիրություններ են կատարում և տվյալ գործունեությունը չի հակասում հայ ազգի շահերին:
Մեր օրերում ինչպիսի խնդիրներ էլ առաջանան` քաղաքական, տնտեսական, կրոնական և այլ` միշտ վստահորեն կարող ենք մեր հայրերի թողած հոգևոր ժառանգությունից օգտվել ու գտնել խնդրի լուծման բանաձևը, ճիշտ այնպես ինչպես որևէ մեկը իր նախնիների թողած նյութական ժառանգությունից օգտվելով կարող է ինչ որ բան գնել, կամ ներդրումներ անել, կամ վերջապես այդ ժառանգությունը տնօրինել այնպես, ինչպես տվյալ պահին հարմար է գտնում:
Սակայն որքանո՞վ և ինչպե՞ս ենք մենք օգտվում մեր հոգևոր հարուստ ժառանգությունից: Կամ օգտվու՞մ ենք արդյոք: Յուրաքանչյուր ոք թող ինքը խորհի այս մասին և իր անձնական կյանքից հիշի գոնե մեկ դեպք, երբ իր կենցաղային կամ այլ բնույթի խնդիրների լուծման համար դիմել է գրքին ու ստացել իրեն բավարարող պատասխան: Կարծում եմ հարյուրավոր մարդիկ ոչ թե մեկ այլ բազմաթիվ այդպիսի դրվագներ կարող են վերհիշել:
Սակայն բացի մեր անձնականից առկա են նաև համազգային խնդիրներ, որոնց լուծման համար նույն հաջողությամբ կարող ենք օգտվել մեր նախնիների փորձառություններից, որոնք արձանագրվել ու պահպանվում են: Սակայն մինչ օրս ուսումնասիրության կարոտ հազարավոր հայկական ձեռագրեր կան մատենադարաններում, որոնց բովանդակության մասին գաղափար անգամ չունենք: Դա ժողովրդի սեփականությունն է և կարծում եմ համապատասխան կառույցները պարզապես պարտավոր են ձեռագրերը տեղից տեղ տեղափոխելուց ու վրայի փոշիները մաքրելուց բացի իրականացնել նաև այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան հայ ժողովրդին, մասնավորապես մտավորականներին` օգտվել իրենց նախնիների կողմից թողած հոգևոր ժառանգությունից: Հայաստանյան բոլոր ուսումնական հաստատություններում տարբեր մակարդակի գիտական աշխատանքներ են կատարվում, սկսած այսպես կոչված ռեֆերատներից վերջացրած դոկտորականներով, սակայն դրանց օգտագործած գրականության ցանկում հազվադեպ ենք հանդիպում սկզբնաղբյուրների: Այսինքն ուսումնասիրողները համարյա թե չեն օգտվում մատենադարանի ձեռագրերից, մինչդեռ այնտեղից նույն հաջողությամբ կարող են արդյունավետորեն օգտվել և՛ ֆիզիկոսն ու մաթեմատիկոսը, և՛ դիվանագետն ու քաղաքագետը, և այլ մասնագիտության մարդիկ, ինչպես վերը նշեցի, եթե նրանց ուսումնասիրությունները չեն հակասում հայ ազգի շահերին:
Վաղուց արդեն հոգևոր ժառանգությանը ավելի լուրջ մոտենալու և գործնական քայլեր կատարելու անհրաժեշտություն կա: Քաղաքական ու տնտեսական դաշտում առկա խնդիրների վերաբերյալ մեկնաբանությունները թողնելով համապատասխան մասնագետներին` նշեմ, որ մանավանդ հայաստանյան կրոնական դաշտը կարգավորելու համար շատ հրատարակված ու անտիպ աշխատություններ կարելի է գտնել: Մեզ համար կրոնական հանդուրժողականության ու քույր եկեղեցիների հետ խելամիտ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու հարցում վառ օրինակ կարող է հանդիսանալ 12-րդ դարի նշանավոր եկեղեցաքաղաքական գործիչ Ներսես Լամբրոնացու այս ուղղությամբ կատարած քայլերը, որոնք շարունակություն պետք է ունենան:
Ինչպես Գրիգոր Գ Պահլավունի (1113-1166), Ներսես Դ Շնորհալի “Կլայեցի”(1166-1173) և Գրիգոր Դ Տղա կաթողիկոսները, այնպես էլ նրանց հետևորդ Ներսես Լամբրոնացին եկեղեցիների միջև, ասել է թէ` ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար երբեք չարհամարհեց Հայ եկեղեցու ավանդությունները, նրան երբեք չլքեցին զգոնությունն ու խոհեմությունը, և ոչինչ ավելի քան Հայ եկեղեցու շահերը նա բարձր չդասեց` նույնիսկ իր հորից մնացած նյութական հարուստ ժառանգությունը: Նա պարզապես ընդունակ էր կատարելապես տարբերելու գլխավորը երկրորդականից, օրենքը` ավանդությունից և սերը` ատելությունից: Լամբրոնացին եկեղեցաքաղաքական ու գրական իր գործունեության ողջ շրջանում պաշտպանում էր Հայ եկեղեցու ինքնուրույնությունն ու ինքնակա նվիրապետական կառույցը և այդ ամենի հետ զուգահեռ պահպանում էր քույր եկեղեցիների հետ անկեղծ ու բարիդրացիական հարաբերությունները: Այդ սրբազան առաքելության անբաժան մասն էր կազմում նրա անմնացորդ նվիրումը հայ դպրությանն ու մատենագրությանը, որի անհերքելի ապացույցներն են հենց իր թարգմանական ու ինքնուրույն արժեքավոր ու անուրանալի երկասիրությունները, որոնց մասին միգուցէ մեկ այլ առիթով կխոսենք:
Օգտվենք ու նպատակային օգտագործենք մեր հոգևոր ժառանգությունը, որովհետև եթե չօգտվենք, ուրեմն մենք դրա տերը չենք և բոլոր առումներով իրավացի է Պողոս առաքյալը երբ ասում է.
«Որքան ժամանակ որ ժառանգը երեխա է, ավելին չէ, քան ծառան, թեպետև ամեն ինչի տեր է» (Գաղատ. Դ 1): Պարզ է, որ երեխայի մտավոր կարողությունները թույլ չեն տալիս օգտվել իր ժառանգությունից և քանի դեռ չի օգտվում ժառանգությունից, ուրեմն ծառային է հավասար, իսկ ժառանգության տերը նա է ով օգտագործում է այն: