«Հայկական ժամանակ». Բորբոքված էին, թող գնային եկեղեցի մոմ վառեին, աղոթեին, խաղաղվեին. ոստիկանապետ


09:37 , 20 հունվար, 2015

Երեկ երեկոյան 21:30-ի սահմաններում, Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա ակտիվ ցուցումներ էր տալիս տարածքը հսկող ոստիկաններին: Ոստիկանապետը պատասխանեց «Հժ»-ի, «Սիվիլնեթի» ու «Նյուսլայնի» հարցերին։ Ներկայացնում ենք հարցազրույցը կրճատումներով.

-Պարոն Գասպարյան, քիչ առաջ ոստիկանական նոր զորքեր են բերվել Գյումրի: Ինչի՞ հետ է կապված այդ ամենը, ինչո՞ւ են բերվել:

- Ոչ մի զորքեր էլ չեն գալիս, նորմալ ծառայություն ենք ուզում ապահովել Գյումրիում, ու ոչ մի կասկած չունեմ, որ ժողովուրդը... հասկացող ու զգոն է ժողովուրղը, այնպես որ պետք չէ աժիոտաժ ստեղծել, դա մեր ծառայությունն է՝ մի քիչ ուժեղացված ծառայություն է լինելու:

- Կա տեղեկատվություն, որ ռուսները խուճապի մեջ են և առհասարակ դուրս չեն գալիս բազայից:

- Չկա այդպիսի բան, չկա: Եթե դուք դրանից հաճույք եք ստանում, ես դրանից հաճույք չեմ ստանում:

- Ռուսական կողմի հետ բանակցություններում ի՞նչ եք քննարկել:

- Զգոնության ու ուշադրության կոչ եմ անում, որ ուշադիր լինեն զինվորականների հետ պատշաճ աշխատանք տանեն, որպեսզի զինվորականները քաղաքում չափ ու ձևի մեջ լինեն:

- Իսկ ի՞նչ կասեք վերջին միջադեպի մասին՝ դարձյալ երկու ռուս զինվորականների մասնակցությամբ:

- Դա միջադեպ չի եղել, ծառայողական քննություն են անցկացվում, էստեղ բոլորը բոլորին ճանաչում են... ռուս զինվորականները ճոճվելով են եղել ու որ թեմաներ չլինի, առաջարկել են տանել զորամաս, աննշան դեպք է:

- Մարդկանց զայրոյթը՝ թեկուզ քար նետելը արդա՞ր եք համարում:

- Երբեք: Բորբոքված էին, թող գնային եկեղեցի մոմ վառեին, աղոթեին, խաղաղվեին: Թող հասկանային, որ իրենց առաջ կանգնած է իրենցից շատ ավելի լավ հայ, որը պատրաստ է իր քաղաքացու համար զոհվել։