Բորդյուժա. Գյումրիի ողբերգության հետաքննությունը օբյեկտիվ կանցկացվի


19:32 , 19 հունվար, 2015

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահ է Գյումրիի ողբերգության համակողմանի եւ օբյեկտիվ համատեղ հետաքննության անցկացնելու գործում: Բորդյուժան նման կարծիք է հայտնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Բորդյուժան ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին, մտերիմներին եւ ողջ հայ ժողովրդին Գյումրիի հայ ընտանիքի ողբերգական սպանության առիթով:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Զայնետդինովը հայտնել է, որ հեռախոսազրույցի ժամանակ նաեւ քննարկվել են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերյան նստաշրջանի ժամանակ ընդունված որոշումների իրացման հետ կապված հարցերը: Ընդգծվել է ղարաբաղյան հակամարտության լարվածության նվազեցման եւ հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: