16:46 , 19 հունվար, 2015Աշխարհի տարբեր ծայրերից ամեն օր լուրեր են տարածվում այս կամ այն տուգանված քաղաքական գործչի կամ պաշտոնյայի մասին: Տպավորություն է ստեղծվում, որ երբ մարդիկ հայտնվում են պետական ապարատում, ինքնաբերաբար դառնում են խաբեբա, ագահ և կոռուպացված: Միգուցե հենց այդ հատկանիշնե՞րն են նրանց թույլ տալիս հասնել իրենց կարիերայի բարձունքներին: Միանշանակ ասել չենք կարող:
Այնուամենայնիվ, պատմությանը (և ներկային) հայտնի են պետական պատասխանատու պաշտոնյաների կողմից երկրի և հասարակության շահերին անմնացորդ ծառայելու դեպքեր, ինչը հույս է ներշնչում, որ չնայած գոյություն ունեցող խնդիրներին և ամենակեր կոռուպցիային՝ համակարգում կան ազնիվ և սկզբունքային քաղաքական գործիչներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույններից լավագույններին:
1. Արիստիդես ( մ.թ.ա. 530-467թթ.)

Աթենացի պետական գործիչ և հրամանատար Արիստիդեսը զուր չէ ժամանակակիցների կողմից ստացել «արդար» մականունը: Նա չափազանց անկեղծ և բարձր բարոյական սկզբունքներով անհատ էր:
Արիստիդեսի մարդկային բացառիկ հատկանիշներն ընդգծել է Հերոդոտոսը. «Ճանաչելով Արիստիդեսին` կարող եմ ասել, որ նա Աթենքի ամենաազնիվ և արդար մարդն է»: Ինչպես գրել է Պլուտարքոսը, մի անգամ Աթենքի ազգային ժողովը որոշեց բնակչության շրջանում քվեարկություն անցկացնել` պարզելու առավել ազդեցիկ քաղաքական գործիչներին: Այդպիսով նրանք մտադիր էին 6000-ից ավելի ձայն հավաքած քաղաքական գործիչներին վտարել քաղաքից` բռնապետությունը կանխելու համար: Բնակիչները խեցիների վրա գրում էին անուններ և տալիս պաշտոնյաներին: Մի անգրագետ գյուղացի, մոտենալով քաղաքական գործչին, խնդրեց քվեաթերթիկին գրել «Արիստիդես» անունը (նրան անձամբ չիմանալով), և երբ Արիստիդեսը հարցրեց՝ արդյո՞ք նրան որևէ վնաս չի պատճառել, այդ գյուղացին պատասխանեց. «Ոչ, ես նույնիսկ չգիտեմ՝ ով է նա: Ուղղակի հոգնել եմ ամենուրեք լսել «Արդար… Արդար…»: Արիստիդեսը գրեց իր անունը և լուռ վերադարձրեց թերթիկը: Արիստիդեսը միշտ հետևում էր իր սկզբունքներին և այն սակավաթիվ քաղաքական գործիչներից մեկն էր, որ նույնիսկ կյանքի վերջին օրերին չկորցրեց աթենական ժողովրդի վստահությունը: Նա մահացել է Ք. ա. 467թ.-ին և հուղարկավորվել պետական միջոցների հաշվին:
2. Լուցիոս Կվինկցիոս Ցինցիննատ (մ.թ.ա. 519-439)

Հին հռոմեացի արիստոկրատ և քաղաքական գործիչ Լուցիոս Կվինկցիոս Ցինցիննատը առանձնանում էր նրանով, որ երկակի դարձել է Հռոմի դիկտատոր` կայսրությունը կործանումից փրկելու համար: Առաջին անգամ դա տեղի ունեցավ Ք. ա. 458թ.-ին, երբ Հավերժական քաղաքին սպառնում էր էկվերի և վոյսկերի ցեղերը: Երկրորդ անգամ տեղի ունեցավ Ք.ա. 439թ.-ին, երբ Սենատը Ցինցիննատին խնդրեց ճնշել պլեբեյների ապստամբությունը:
Ցանկացած այլ քաղաքական գործիչ նրա փոխարեն միանգամից կօգտվեր ընձեռնված հնարավորությունից՝ դառնալ Երկրի հզորագույն պետության մենիշխան կառավարիչ, բայց Լուցիոսը վտանգը վերանալուն պես հեռացավ: Այդպիսի ֆենոմենալ մեծահոգությունը նրան դարձրեց պարզության և բարության մարմնացում: Ցինցիննատը շատ համեստ կացութաձև էր վարում, ապրում էր ոչ մեծ ագարակում և գրեթե ամբողջ ազատ ժամանակը նվիրում աշխատանքին և հողի մշակմանը: Այդ իսկ պատճառով շատ նկարներում նրան պատկերում են գյուղական հագուստով և հողագործական գործիքով: Հռոմեացի ամենաանվանի պատմիչներից մեկը` Տիտ Լիվին, նույնիսկ նրա մասին գրել է. «Ցինցիննատ՝ գութանից սերված»: Հետաքրքրական է այն, որ Լուցիոսի հետևորդ և գաղափարակիր են համարում Ջորջ Վաշինգտոնին, որն ԱՄՆ-ի անկախության համար մղվող պատերազմի հաղթանակից անմիջապես հետո ուղևորվեց հայրենի եզերք և շարունակեց ապրել սովորական կյանքով: 6 տարի անց նա դարձավ ԱՄՆ-ի առաջին նախագահ և 2 տարի անընդմեջ պաշտոնավարելուց հետո կրկին տուն վերադարձավ: Ի դեպ, Վաշինգտոնը նաև եղել է Ցինցիննատի խմբակցության նախագահ, որում ընդգրկված էին ԱՄՆ-ի բանակի սպաները: Դժվար չէ գուշակել, թե ում պատվին է այդ անվանումը:
3. Մարկոս Ավրելիոս (121-180թթ.)
Փիլիսոփա ու կայսրության ղեկավար. թերևս, պատմության մեջ ամենահազվագյուտ իրողությունը: Մարկոս Ավրելիոսը դարձել է Հռոմի 5 լավագույն կայսրերից մեկը, որոնց գահակալությունն աչքի էր ընկնում հաստատունությամբ և մտածված ներքին և արտաքին քաղաքականությամբ, ինչը Հռոմեական կայսրությանը թույլ տվեց հասնել իր երբեմնի ծաղկունքին: Մարկոս Ավրելիոսը հայտնի է նաև որպես ստոիցիզմի երևելի ներկայացուցիչ: Ըստ այդ գաղափարախոսության՝ մեղքերը և անբարո արարքները խարխլում են անհատականությունը: Այդ իսկ պատճառով մարդկային էությունը չխունացնելու համար անհրաժեշտ է ամեն կերպ զարգացնել սեփական բարոյական և մտավոր հատկանիշները: Բարոյական նորմերի համաձայն՝ լավ արարքները և ցանկացած բնույթի շռայլություններից հրաժարվելը մարդկային երջանկության գրավականն են: Ինչ վերաբերվում է Մարկոս Ավրելիոսին, նրա աշխատանքները դարձել են ուշ դասական ստոիցիզմի հիմքը: Նրա մասին պատմաբան Հերոդիան ասել է. «Ավրելիոսն ապացուցել է իր հայացքները ոչ թե բառերով կամ փիլիսոփայական գաղափարներով, այլև իր մարդկային հատկանիշներով և անբիծ կենսակերպով»: Մարկոս Ավրելիոսը մահացել է ժանտախտից 180թ.-ին` գերմանացիների դեմ ռազմական արշավանքների ժամանակ, չնայած որ գեղարվեստական որոշ ֆիլմերում («Հռոմեական կայսրության անկումը»` 1964թ., «Գլադիատոր»` 2000թ.) այլ վարկած է ներկայացված: Վարկածի համաձայն՝ նրան թունավորվել են, քանի որ ցանկանում էր իր իշխանությունը հանձել իր որդեգրված զավակին (հռոմեական զորավարին)՝ անտեսելով իր հարազատ որդուն` Կոմմոդին, ով Ավրելիոսի կարծիքով՝ չէր համապատասխանում կայսեր տիտղոսին, քանի որ նյութապաշտ էր, սանձարձակ և հոգեպես անհավասարակշիռ:
4. Ջորջ Վաշինգթոն (1732 — 1799թթ.)
Ամերիկայի պատմության մեջ ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը` Ջորջ Վաշինգթոնը, վաղուց դարձել է այսպես կոչված առասպելական հերոս: Նա նախագահել է ԱՄՆ-ի առաջին Սահմանադրության ընդունման համար տեղի ունեցած կոնվենցիան, զբաղեցրել է Մայրցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնը, ինչպես նաև ստեղծել Միացյալ Նահանգների նախագահության ինստիտուտը:
Բրիտանական Գեորգ III արքան նրան անվանել է «դարարջանի մեծագույն գործիչ», իսկ Վաշինգթոնի մահից հետո նրա մասին լեգենդներ են հյուսվել: Նույնիսկ նրան աստվածացնելու փորձեր են եղել, ինչպես օրինակ Կապիտոլիումի գմբեթին հայտնի նկարի ստեղծումն է: «Վաշինգթոնի փառաբանում» խորագրով որմնանկարը պատկերում է Վաշինգթոնին` շրջապատված օլիմպիական աստվածների մի ամբողջ խմբով, իսկ Հավայան կղզիների սինթոյական տաճարներում Վաշինգթոնին երկրպագել են ինչպես Աստծո:
Ըստ լեգենդի՝ հիշատակվում է մի դեպք, երբ հայրը հարցնում է փոքրիկ Ջորջին, թե ով է կոտրել բալենին: Տղան սաստիկ վախեցել է, սակայն անկեղծորեն խոստովանել է, որ դա իր ձեռքի գործն է: Այս պատմությունը հաճախ է մեջբերվում որպես ապացույց Վաշինգթոնի բացառիկ ազնվության, իսկ «Ստել չեմ կարող» արտահայտությունը դարձել է նրա «այցեքարտը»: Սակայն հայտնի է, որ պատմությունը միանշանակ չի: Ամենայն հավանականությամբ, սա պարզապես հարգանքի տուրք է մի մարդու, ում ազնվության վրա առանց այդ էլ ոչ ոք չէր կասկածում:
Վաշինգթոնի մահից հետո Մայրցամաքային զորքի գեներալ Հենրի Լին նրա մասին ասել է. «Առաջինն է եղել թե պատերազմական օրերում, թե խաղաղ ժամանակաշրջանում և թե քաղաքացիների սրտում», իսկ Նապոլեոն Բոնապարտը տասնօրյա սուգ է հայտարարել ամբողջ Ֆրանսիայում:
5. Աբրահամ Լինքոլն (1809 — 1865թթ.)

Լինոքլնի նախագահությունը համընկնում է ԱՄՆ-ի պատմության ոչ ամենաթեթև շրջանի հետ, սակայն նա այդ փորձությունը պատվով է հաղթահարել: Միացյալ Նահանգների 16-րդ նախագահը երկիրն անցկացրել է Քաղաքացիական պատերազմի միջով (Հյուսիսի և Հարավի պատերազմ), վերացրել ստրկությունը և նպաստել ամերիկյան կառավարությունում առկա տարաձայնությունների հարթմանը: Աբրահամ Լինքոլնը կառուցել է (իհարկե` ոչ անձամբ), Միջմայրցամաքային երկաթուղին և սկսել տնտեսության լայնածավալ վերակազմավորումը, նրա մահից հետո ԱՄՆ դարձավ աշխարհի ամենաարագ զարգացող երկիրը: Նրա մահը ցնցեց ողջ աշխարհին: Քաղաքացիական պատերազմի ավարտից հինգ օր հետո` 1865թ. ապրիլի 14-ին, «Ֆորդ» թատրոնում (Վաշինգտոն քաղաքում) Լինքոլնը դիտում էր «Իմ ամերիկացի զարմիկը» ներկայացումը, երբ դերասան Ջոն Ուիլքս Բութը` արդեն հաղթանակ տարած հարավայինների կողմնակիցը, ներխուժեց և կրակեց Լինքոլնի գլխին: Հաջորդ օրը նախագահը վախճանվեց` այդպես էլ ուշքի չգալով:
Իր հայրենիքում ԱՄՆ-ի 16-րդ նախագահը հավերժացված է բազմաթիվ հուշարձաններով (այդ թվում է հայտնի հուշարձանը Ռաշմոր լեռան վրա), նա պատկերված է նաև 1 ցենտի և 5 դոլարի վրա, իսկ նրա ծննդյան օրը (մարտի 4) որոշ նահանգներում պաշտոնական տոն է համարվում:
Հ.Գ.-ի փոխարեն

Իհարկե, ոմանք կարող են մատնանշել, որ Գալուստ Գրիգորիչին տեսնելը նույն ցուցակում՝ Վաշինգթոնի, Լինքոլնի ու հռոմեական կայսր Մարկոս Ավրելիոսի հետ, մեղմ ասած, անակնկալ էր, բայց մենք ձեզ կառարկենք, քանի որ ավելի ազնվագույն քաղաքական գործիչներ չկան ու չեն եղել։ Լավագույն դեպքում եղել են հավասարներ։
Ցույց տվեք մի գործչի, ով տարիներ շարունակ ազնվորեն ի ցույց է դրել այն, որ ինտելեկտը՝ բացի էմպիրիկ մակարդակներից, լինում է նաև ստորգետնյա, բայց դա մահացու չէ քաղաքական գործչի համար։ Ապացուցել է մեզ, որ եթե ազնիվ ես ու չես էլ թաքցնում, որ շուրջ 20 տարվա քաղաքական գործունեությանդ մեջ չի եղել մի հայտարարություն, որտեղ ակամա ինչ-որ բոց արած չլինես, ու միակ դեպքը, երբ քիչ թե շատ ծավալուն ու հոդաբաշխ միտք է հենչել բերանիցդ՝ առանց անհեթեթությունների, եղել է ԱԺ նախագահ ընտրվելուց հետո՝ ռեֆերենտիդ գրած ճառը կարդալու դեպքը, դու կարող ես լինել երկրի քաղաքական երկնակամարի 3-րդ (կամ էլ 2-րդ) դեմքը։
Այո, ցանկացած այլ երկրում մեր Տիտանի կիքսերից ով էլ թույլ տար, կարող էր վերջակետ դնել իր գործունեության վրա, իսկ Գալուստ Սահակյանը՝ ոչ։ Ինչո՞ւ, որովհետև նա ազնիվ է, ու ժողովուրդը վաղուց գիտի, որ նրանից այլ բան ակնկալել չի էլ կարելի։ Կեցցե ազնվությունը։
Շարունակելի...