16:25 , 19 հունվար, 2015Ուղիղ 25 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 19-ին, մարտի դաշտում ընկավ 28-ամյա հերոսը։ 1990 թվականի հունվարի 18-ին վիճակը կտրուկ սրվել էր Արարատի շրջանի՝ Նախիջևանին սահմանամերձ գոտում. ադրբեջանական զինյալները մոտակա բարձունքից անընդմեջ գնդակոծում էին հայկական բնակավայրերը։ Հաջորդ օրը հայ մարտիկները ոչնչացրին թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավեցին մեծ քանակությամբ զինամթերք։ Հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը՝ Մովսես Գորգիսյանը, ջոկատով գրոհեց բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը։ Արդյունքում մեր տղաներին հաջողվեց լռեցնել թշնամուն, սակայն մարտում հերոսի մահով ընկավ ինքը Մովսեսը։ Մեծագույն կորուստ էր Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի համար… Մովսես Գորգիսյանը պարզապես մարտիկ չէր, նա գաղափարի մարտիկ էր, ով առաջիններից էր, որ բարձրացրեց կանոնավոր բանակ ստեղծելու գաղափարը, հանդես եկավ Հայոց անկախ պետականության վերականգմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Մովսես Գորգիսյանը թաղվեց Ծիծեռնակաբերդում։ 1996 թվականին հետմահու նրան ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհվեց։ Մենք պիտի հպարտանանք Մովսեսով, մեր մյուս զոհված ու կենդանի լեգենդներով, սակայն միայն հպարտանալն ու գրառումներ անելը բավարար չէ։ Հանուն մեր սուրբ նահատակների վառ հիշատակի, հանուն մեր կենդանի հերոսների՝ պարտավոր ենք առնվազն պահել այն, ինչ նրանք են ստեղծել, պարտավոր ենք ուժեղ լինել թե´ թշնամու, և թե´ բարեկամ ձևացողի առաջ, պարտավոր ենք անել հնարավորը և, ինչու ոչ, նաև անհնարինը՝ կերտելու Մոնթեի, Մովսեսի, Վարդանի, Լեոնիդի, Վազգենի երազած ազատ, անկախ, միացյալ, հզոր Հայաստանը։