Արա Աբրահամյանը՝ Գյումրու ոճրագործության մասին


15:16 , 19 հունվար, 2015

Արա Աբրահամյանը՝ Գյումրու ոճրագործության մասինSlaq.am-ը գրում է․

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, Slaq.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը:

-Պարո՛ն Աբրահամյան, ինչպես տեղյակ եք Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցավ ոճրագործություն: Ձեր գնահատականը դեպքերին:

- Եվս մեկ անգամ ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և բարեկամներին այս ծանր ողբերգության կապակցությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում փոքրիկ Սերյոժային: Ես, մեր կազմակերպության հետ միասին, պատրաստ եմ լիակատար աջակցություն ցուցաբերել փոքրիկի բուժման համար:

-Ձեր կարծիքով, ոճրագործությունից հետո ի՞նչ խնդիրներ են դրված մեր երկրի առջև:

- Առաջնային և կարևորագույն խնդիրը, իհարկե, դա գործի մանրամասն քննությունը, դատավարությունը Հայաստանում կազմակերպելն ու հանցագործին օրենքի ողջ խստությամբ պատժելն է: Համոզված եմ նաև, որ այն պաշտոնյաները, որոնց անպատասխանատու վերաբերմունքի հետևանքով զինվորը լքել է զորամասը և կատարել ծանր հանցագործություն կպատժվեն` իրենց ծառայողական պարտականությունները ոչ լիարժեք կատարելու համար: 
Ըստ մեզ, երկրորդ կարևորագույն խնդիրն է միջոցներ ձեռնարկել բացառելու նմանատիպ միջադեպի կրկնությունը: Կարծում եմ, հնարավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք անհնար կդարձնեն ինչպես հանցագործության կատարում, այնպես էլ ռուսական ռազմաբազայի և Գյումրու բնակիչների միջև որևէ միջադեպի ստեղծում: Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի հայերի միությունը պատրաստ է օժանդակել մասնագետներին, աջակցել պետական պաշտոնյաներին թե հայկական, թե ռուսական կողմից և կոնկրետ առաջարկություններ ներկայացնել ինչպես ռազմաբազայի ղեկավարությանը, այդպես էլ ՌԴ պատկան մարմիններին: 
Երրորդ կարևորագույն խնդիրը այն է, որպեսզի միասնական ուժերով թույլ չտանք նման դեպքերի մեկնաբանումն այս կամ այն կազմակերպության կամ անհատի կողմից հայ-ռուսական հարաբերությունների հարթության մեջ: Հայտնի է, որ ՌԴ ղեկավարությունը երկրի ղեկավարի մակարդակով իր ցավակցությունն է արտահայտել կատարվածի վերաբերյալ: Իսկ հանցագործներ և սրիկաներ, ցավոք սրտի, բոլոր տեղերում էլ կարող են լինել: Այս կամ այն պետությանը վիրավորելը կամ դրոշ այրելը խնդրի լուծման հետ որևէ կապ չունի: 
Ես համոզված եմ, որ Գյումրին, որն իր պատմության վերջին 150 տարիների ընթացքում մշտապես հյուրընկալել է ռուսական զինվորներին իր ավանդասիրությամբ, հստակ մտածելակերպով թույլ չի տա օգտագործել այս իրավիճակը և քննարկել երևույթը այլ հարթության մեջ, փորձելով քար նետել հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա: Իսկ այն, որ հանցագործը պետք է կրի օրենքով նախատեսված ողջ պատասխանատվությունը միանշանակ է: Հավաստիացնում եմ, որ մեր կազմակերպությունը իր իրավասությունների և հնարավորությունների շրջանակում կսահմանի հանրային վերահսկողություն և մինչև վերջ հետամուտ կլինի այդ գործընթացին, որպեսզի հանցագործը կրի օրենքով սահմանված իր արժանի պատիժը:

-Նման իրավիճակում ի՞նչ պետք է անի հայ հասարակությունը: Նկարագրեք խնդրեմ, թե ինչպիսի՞ վերաբերմունք է դրսևորվում Ռուսաստանում ապրող հայերի կողմից:

- Այս պահին մեզ ազգովի անհրաժեշտ է ցուցաբերել համախմբվածություն, միասնական մոտեցումներ, ստեղծված իրավիծակը սթափորեն վերլուծել միայն ու միայն մեր ազգային շահերի տեսանկյունից: Միաժամանակ պետք է հետևողական լինել, որպեսզի բացահայտվեն բոլոր վարկածները, գործի մանրամասնությունները և այդ մասին իրազեկվի հանրությունը: 
Մեր կազմակերպության Մոսկվայի կենտրոնական գրասենյակում ասօր չի դադարում մարդկանց հոսքը: 2.5 միլիոնանոց ռուսաստանահայության ներկայացուցիչների հետ միասին խոսում, քննարկում ենք ստեղծված իրավիճակը, դրա պատճառները և հետագայում որևէ միջադեպից խուսափելու մեխանիզմները: Այո, մարդիկ ցնցված են այս հանցագործությունից: Սակայն պահանջելով արդարացի պատիժ թե Հայաստանի, և թե Ռուսաստանի օրենսդրության համապատասխան, միաժամանակ սթափ են դատում, հասկանալով Հայաստանի ազգային շահերը և հայ-ռուսական դաշինքի իրական նշանակությունը Հայաստանի անվտանգության ապահովման և զարգացման գործում: