14:54 , 19 հունվար, 2015
«ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲ Ընկերության պատասխանը Կասկադի` հունվարի 18-ի միջադեպի հետ կապված
Ի պատասխան blognews.am, news.am և այլ կայքերում զետեղված և բավականին բուռն մեկնաբանությունների առիթ դարձած նյութի` Կասկադում ս.թ հունվարի 18-ի կեսօրին տարածքի պահպանությունն իրականացնող Պահնորդների և «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր նախագահ Սրապիոն Ավետիքի Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ն հայտնում է.
Ինչպես ամբողջ հայ ազգի, այնպես էլ «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ի ղեկավարության և պահնորդների համար Հայկական դրոշը համարվել և համարվում է ՀՀ ազգային խորհրդանիշ, որը պետք է ծածանվի ամենուր և միշտ: «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ն իր ավելի քան 1100 հոգանոց անձնակազմով միշտ պատրաստ է միանալ և հպարտորեն ծածանել Հայկական եռագույնը ինչպես Սրապիոն Գևորգյանի, այնպես յուրաքանչյուր հայի հետ` վառ պահելով մեր բոլոր հերոս ազատամարտիկների հիշատակը:
Ինչ վերաբերվում է Կասկադի տարածքում մեր պահնորդներին դրոշի ծածանել չթույլատրելու մեջ մեղադրելուն, հայտնում ենք, որ ոչ ոք չի արգելել Հայկական դրոշը ծածանել այդ տարածքում և պարզաբանում ենք, որ «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ի աշխատակիցները ընդամենը փորձել են պահպանել «Գաֆէսճեան թանգարան» Հիմնադրամի ներքին կանոնակարգը, համաձայն որի` տեսաձայնագրություններ, նկարահանումներ իրականացվում են միայն Հիմնադրամի ղեկավար անձանց իրազեկված լինելու դեպքում: Պահնորդի կողմից հարց է հնչել, թե ինչ նպատակով են նկարում, որին պատասխանել են` հեռուստատեսության համար, որից հետո Պահնորդը, շարունակելով իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, փորձել է Հիմնադրամի ներքին կանոնակարգի մասին ծանոթացնել նկարահանող անձանց, սակայն ապարդյուն, քանի որ վերջինիս խոսելու հնարավորություն իսկ չի տրվել` պարոն Սրապիոն Գևորգյանի կողմից դրոշը ծածանելու հանգամանքն անընդմեջ մեջբերելու պատճառով:
Միջադեպին մասնակից դարձած աշխատակցի նկատմամբ «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից արդեն իսկ կիրառվել են համապատասխան գործողություններ` ոչ պատշաճ խոսելաոճ դրսևորելու համար:
Հ.Գ . Իսկ մեր հայրենասեր, ազգասեր հասարակությանը խորհուրդ ենք տալիս տեղի ունեցած դեպքերին, միջադեպերին արձագանքել և ակտիվորեն մեկնաբանել միայն իրավիճակին ստույգ տեղյակ լինելու դեպքում և հայ լինելով հանդերձ` թույլ չտալ նման գռեհիկ արտահայտություններ և աձնական բնույթի վիրավորանքներ անհատի նկատմամբ:
Հարգանքներով`
«ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն` Վ.Կակոսյան