12:38 , 19 հունվար, 2015
Պուտինն ա ցավակցել... Մալախովն ա ներողություն խնդրել... Լիմոնովն ա ասել՝ դրան պետք ա գնդակահարել... Կիսելյովն ա իրա հաղորդման մեջ խոսել Գյումրիի սպանդի մասին...
Հա, ինչ խոսք, էս ամենը դրական տեղաշարժեր են, որոնք հնարավոր եղան այդ թվում այն ժողովրդական արձագանքի հետևանքով, որին ականատես եղանք այստեղ, Ռուսաստանը սկսեց իրար գալ ու ինչ-որ քայլեր ձեռնարկել՝ ստեղծված իրավիճակը Հայաստանում մեղմելու համար։ Պետք է հասկանալ նաև, որ Ռուսաստանն անհանգստացավ այստեղի զարգացումների համար, ինչպես նաև նրանից, թե ինչ ակտիվ ու ագրեսիվ կերպով Պերմյակովի գործի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին սկսեցին խոսել ռուսական «ընդդիմադիրները» և նրանից, թե ինչպես սկսեցին Հայաստանում ակտիվ փորձեր ձեռնարկվել՝ միանգամայն արդար ժողովրդական ցասման միանգամայն ինքնաբուխ բողոքի ալիքներն ուղղորդելու ու այլասերելու։
Խնդրեմ, լեննականցի անվանի քանդակագործ Արթուր Գևորգյանը, ով ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել Գյումրիում կայացած երկու բողոքի ցույցերին էլ, գրում է, որ երկու դեպքում էլ գործ են ունեցել սադրիչների հետ, որոնք ամեն գնով փորձել են բախումներ հրահրել ու իրավիճակը կառավարելիությունից դուրս հանել։ Գիտեմ նաև, որ էդ կերպարներից առնվազն մի մասը եղել են Երևանից եկած «պրոֆեսիոնալ» պայքարիստներ։
Ժողովուրդ, ապուշություն էր ռուսական որոշ պալատական ԶԼՄ-ների կողմից առաջ քաշած թեզը, թե ի սկզբանե այս ամենը պատվեր էր, Մայդանի իրականացում և այլն։ Կրկնում եմ, բողոքի ալիքը միանգամայն օբյեկտիվ էր ու իր մեծ մասով՝ ինքնաբուխ։ Սակայն նույնքան անմտություն կլինի հավատալ, որ այն աշխարհաքաղաքական ուժերը, ովքեր հետաքրքրված են հետխորհրդային տարածքում ու հատկապես Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ու Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունեցող երկրներում քաղաքական անկայունության առկայության մեջ, ձեռքները ծալելու էին ու տարիներ շարունակ իրենց աճեցրած մանկլավիկներին «ի մարտ» չէին գցելու, որպեսզի վերջիններս այդ արդար բողոքի հսկայական ալիքը կարողանան համապատասխանեցնել արդեն իրենց պատվիրատուների շահերին։
Ի վերջո, եթե ռետրոսպեկտիվ նայենք, Ուկրաինայում էլ ի սկզբանե Մայդանն այն մայդանը չէր, որը բերեց փետրվարյան հեղաշրջմանը։ Սկզբում մի քանի հարյուր ջահելություն էր, որը սկի Յանուկովիչի հրաժարականն էլ չէր պահանջում։ Հետո Յանուկովիչի կլանում իրեն դավաճանեցին, ու մասնավորապես նրա աշխատակազմի ղեկավարի հրամանով էդ ջահելությանը բերկուտը դաժան կերպով ցրեց (բերկուտի վետերանները միաբերան պնդում են, որ իրենց ասվել է, որ իրենց ուղարկում են աջ ծայրահեղականներին ցրելու), հետո դա ժողովրդական ցասման ալիք բարձրացրեց, ու Մայդանում հավաքվածների թիվը տասնապատկվեց ու հարյուրապատկվեց։ Հետո սկսեցին «բերկուտի գազանությունները»՝ սպանեցին Նիգոյանին ու էլի մի քանի հոգու, ու իրավիճակը դուրս եկավ վերահսկողության տակից։ Գլխավոր էլեմենտն այստեղ այն էր, որ պետք է ապահովել մասսայականություն ու ժողովրդական լայն զանգվածների ցասում, որոնք, գումարվելով արդեն եղած դժգոհությանը, կրիտիկական զանգված ստեղծեցին։
Բարեբախտաբար, մեր իշխանական էլիտայում նման դավաճան սադրիչներ չգտնվեցին, ու որ էլ ավելի կարևոր է՝ Գյումրիի ցույց կազմակերպիչները ոչ թե քաղաքական գործիչներ ու «պայքարիստներ» էին, այլ Արթուրի պես մտավորականներ ու քիչ թե շատ հեղինակություն ու պարյադչնի մարդկանց համբավ ունեցող կերպարներ, ովքեր կարողացան եթե ոչ ամբողջությամբ չեզոքացնել засланный казачок-ների սադրանքները, ապա մաքսիմալ մեղմել դրանք։
Իսկ մեզ մնում է լինել զգոն ու աչալուրջ ու հասկանալ իրավիճակի ողջ լրջությունը, որպեսզի այս կամ այն կերպ ու այս կամ այն չափով չկրկնենք Ուկրաինայի սխալը ու մեր իսկ ձեռքով մեր երկրի հերը չանիծենք։