Վրաստանը գրավում է պարենային գներով. Լոռեցիները գնումներն անում են «Քարֆուր»-ից


14:52 , 18 հունվար, 2015

Fotor011814291k

1in.am-ը գրում է.

Վրաստանի «Քարֆուր»-ում «Ավեդով» ձեթն արժե 1.7 դոլար, մեկ կիլոգրամ շաքարավազը՝ 0.74 դոլար, միջին քաշի հացն արժե 0.37 դոլար (լարին դոլարով արտահայտվել է Վրաստանի ԿԲ-ի հունվարի 7-ի փոխարժեքով): Հայաստանյան խանութներում նույն ապրանքները Հայաստանի ԿԲ-ի փոխարժեքով ունեն հետևյալ դոլարային գները՝ «Ավեդով» ձեթն արժե 1.79 դոլար, մեկ կիլոգրամ շաքարավազը 0.84 դոլար, նույն քաշի հացը՝ 0.42 դոլար:

Ուսման նպատակով Վրաստանում գտնվող Աննա Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վրացիների շրջանում այս սուպերմարկետն ամենամասսայականն է, որտեղ երբեմն կարելի է հանդիպել նաև գնումներ անող շատ հայերի. «Գներն ու որակը գոհացնում են բոլոր սպառողներին, սպասրակումը ևս վատը չէ: Եթե Հայաստանում նույն գները լինեն, կարծում եմ՝ մարդիկ կնախընտրեն մի վայրից մեծ քանակությամբ առևտուր անել, այս դեպքում նրանք բավական գումար կտնտեսեն»:

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի և հարակից բնակավայրերի բնակիչների զգալի մասն իրենց առևտուրն անում են Վրաստանում, իսկ տոներին սեղան են դրել Վրաստանի «Քարֆուր»-ի ապրանքատեսակներով:

Ալավերդի քաղաքի բնակիչ Արսենը մեզ հետ զրույցում հետևյալ հաշվարկը բերեց, որ եթե Ամանորին միջին սեղան դնելու համար ներքին շուկայից գնումների համար անհրաժեշտ է 250 հազար դրամ, ապա ավելի նախընտրելի է նույն ապրանքները ձեռք բերել անհամեմատ ավելի էժան՝ ծախսելով մոտ 180 հազար դրամ և ևս 15 հազար դրամ ճանապարհածախսի համար:

«Մոտ 50-60 հազար դրամ ենք խնայում, մյուս կողմից էլ՝ գիտենք, որ գնում ենք որակյալ ապրանք, հատկապես որակյալ են հենց «Քարֆուր»-ի ապրանքները: Ճանապարհի առումով ևս հարմար է՝ 2 ժամ 40 րոպեում հասնում, գնումներ ենք անում և վերադառնում»,- ավելացրեց վերջինս:

Լավ որակի շնորհիվ նման գնային առաջարկը գրավիչ է գնորդների համար, և Վրաստանին սահմանակից համայնքների բնակիչները իրենց գումարները ծախսում են Վրաստանում: Ազատ շուկայական պայմաններում քաղաքացիները մեղավոր չեն, հատկապես որ գնաճի տեմպը Հայաստանում շարունակում է բարձր մնալ, իսկ մարդկանց եկամուտները՝ գրեթե անփոփոխ: Ստեղծված պայմաններում Վրաստանը դառնում է գրավիչ ոչ միայն բիզնեսի, զբոսաշրջության, այլ նաև առևտրի տեսանկյունից:

Հայաստանում «Քարֆուր»-ի մուտքը ուղեկցվեց բազմաթիվ քննարկումներով և ձգձգումներով, արդեն մեկ տարուց ավելի է՝ հայ գնորդ սպասում է գնային նոր առաջարկների և նոր որակի ապրանքների:

Հիշեցնենք, որ ըստ նոր վերջնաժամկետի՝ «Քարֆուրը» Հայաստանում կբացվի 2015 թ. հունվարի վերջին: Այս մասին գյուղնախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր առևտրային ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալը: