Ջրերը պղտորվել են ու շատերն էլ փորձում են օգտվել հուզական վիճակից. փորձագետները Գյումրու դեպքերի զարգացումների մասին


19:10 , 17 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Գյումրու ողբերգությունից հետո ջրերը պղտորվել են ու այս ու այն կողմերից փորձում են օգտվել հասարակության հուզական վիճակից  և օգտագործել իրենց նպատակների համար. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Գյումրու իրադարձություններին հաջորդել է ոչ միայն ապատեղեկատվությունների հոսքը, այլ նաև ուղղորդված քարոզչական տեղեկությունը՝ ադրբեջանական քարոզչություն է խցկվել գործի մեջ.  անընդհատ ինչ-որ  նյութեր են տարածում, փորձում են գրգռել։ Դա միայն մի կողմն է, նկատելի է նաև ուկրաինական քարոզչությունը՝ որով փորձ է արվում ուղղակիորեն Հայաստանը ներքաշել ուկրաինական հակամարտության մեջ, և այս պահին ուկրաինական քարոզչական պայքարի մեջ մտած ինչ-որ ուժեր այդ թեման օգտագործում են հակառուսական տրամադրություններն ուժեղացնելու համար։ Ռուսաստանում կան ծայրահեղ ազգայնականներ, որոնց համար սեփական տականքին պաշտպանելն ավելի կարևոր է»,- ասաց նա։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ապատեղեկատվություններ են տարածվում նաև լրագրողների կողմից՝ ոչ միտումնավոր. «Կարող է սխալ են  հասկանում լրագրողները, իսկ հետո դա տարածվում է, պտտվում է համացանցում, ձյան գնդի պես մեծանում է։ Օրինակ՝ ինչ-որ մի  լրատվամիջոց ինչ-որ վարկած է գրում,  որը  օրեր անց որպես փաստ է ընկալվում»,- ասաց նա։ 

Ինչ վերաբերվում է զուտ  միտումնավոր ապատեղեկատվությանը, ապա ըստ նրա, հայտնվել ենք ինչ-որ յուրահատուկ դաշտում։ Նա անդրադարձավ նաև կեղծ պրոֆիլներին, որոնք հիմնականում բացվել են vkontakte-ում՝ ի պաշտպանություն այդ ռուս զինվորականի։ «Առաջին կեղծ պրոֆիլները բացվեցին բառացիորեն մեկ-երկու ժամ հետո, երբ լուրը լրատվամիջոցներով սկսեց տարածվել։ Իհարկե, դա ենթադրություն է, և դժվար է ճշգրիտ ասել, բայց իմ կարծիքով՝ առաջին փուլում բացվածները  կեղծ պրոֆիլներ են։ Հիմա  այն վիճակն է, որ շունը տիրոջը չի ճանաչում, պրոֆիլների քանակը շատ մեծ է  և դժվար է իմանալ ռուս ազգայնականնե՞րն են , ուկրաինական քարոզչությո՞ւն է, ադրբեջանական քարոզչությո՞ւն է, թե՞ հոգեկան հիվանդներ են մտել խաղի մեջ»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ