17:46 , 17 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Կուաշի եղբայրներից մեկին, որը հունվարի 7-ին հարձակում էր իրականացրել ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի վրա, հուղարկավորել են անցած գիշեր Ռեյմսում: Այս մասին հայտնել են քաղաքապետարանից:
Հուղարկավորության վայրը գաղտնի է պահվում՝ խուսափելու համար ինչ-ինչ դեպքերից, հայտնում է TASS-ը:
Ռեյմսը ընտրվել էր՝ կապված այն բանի հետ, որ Սաիդ Կուաշին հենց այնտեղ է ապրել վերջին մի քանի տարիներին:
«Սկզբում ես հրաժարվում էի, սակայն իշխանությունները պնդեցին հուղարկավորությունը օրենքին համապատասխան կատարել»,- բացատրել է Ռեյմսի քաղաքապետ Առնո Ռոբինեն:
Արարողությանը ներկա է եղել ընտանիքի մի քանի անդամ: Ընդ որում՝ այդ ամենն իրականացվել է ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո:
Հաղորդվում է, որ երկրորդ եղբայրը՝ Շերիֆ Կուաշին, պետք է հուղարկավորվի Փարիզի մերձակայքում՝ Ժենվիլյե քաղաքում: