15:36 , 16 հունվար, 2015
Tert.am-ը գրում է․
Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները հանդես են եկել հայտարարությամբ` արժանի ու խիստ պատիժ պահանջելով ոճրագործի նկատմամբ:
«Շիրակ» գերեզմանատանն Ավետիսյանների ինքնահողի արարողությանը նրանց շիրիմների մոտ մահացած Սերյոժա Ավետիսյանի մորեղբոր տղան` Սամվել Հովհաննիսյանը, Ավետիսյանների ընտանիքի բոլոր հարազատների անունից հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ իրենք որևէ կապ չեն ունեցել երեկվա միջադեպի հետ, սակայն արդար դատավճիռ են ակնկալում ոճրագործի համար:
«Բոլոր հարազատների անունից ուզում եմ ասել, որ մեր հարազատներից ոչ մեկը երեկ միջադեպին չի մասնակցել և չի մասնակցել նաև կազմակերպչական աշխատանքներին: Մենք սգացել ենք մեր կորուստն ու ցավը: Մեր պահանջն է միայն արդարությունը, պահանջում ենք, որ այդ մարդուն օրենքի ամբողջ խստությամբ պատժի ենթարկեն մեր հանրապետությունում և պարզեն, թե ինչի համար է տեղի ունեցել ոճիրը և ինչ պատճառով: Ցանկանում ենք, որ չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ավետիսյանների հետ: Ոչ միայն մենք ենք գում, այլ ողջ հայ ազգը: Թող դա լինի առաջին ու վերջին անգամ: Կրկին պնդում ենք` մենք պահանջում ենք արդար դատավճիռ: Թող չկրկնվի այն, ինչ եղավ մեր ընտանիքի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել են հարազատները:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ