15:20 , 15 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
«Ես տարբերություն չեմ տեսնում՝ ռուսական դատարանը կամ ռուս իրավապահները Պերմյակովին քրեական պատասխանատվության կենթարկեն ՀՀ տարածքո՞ւմ, թե՞, ասենք, Ռուսաստանի որևէ այլ քաղաքում: Ես դրա տարբերությունը չեմ կարողանում հասկանալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախաղ Գևորգ Կոստանյանի այն հայտարարությանը, թե Պերմյակովը գործի նախաքննության և դատաքննության ընթացքում կգտնվի Հայաստանում և պատասխանատվության կենթարկվի Հայաստանում:
Վարոսյանի խոսքով՝ այս հայտարարությունն ավելի շատ քաղաքական բնույթի է և նպատակ ունի զսպել հասարակության շրջանում առաջացած կրքերը: Եվ հետո, փաստաբանի խոսքով, անհասկանալի է, թե ՀՀ տարածք ասելով՝ նրանք ինչ են հասկանում: «Օրինակ՝ երեկ Պերմյակովի խափանման միջոցի հարցը քննարկվել է ռուսական ռազմաբազայի տարածքում: Հիմա եթե ռազմաբազայի տարածքը հայկական տարածք են համարում, ապա թող բարի լինեն՝ նրան հանձնեն մեր կողմին: Իսկ հիմա, եթե ասում են, որ Պերմյակովին պատասխանատվության են ենթարկելու Հայաստանում, նշանակում է՝ մենք ռազմաբազայի տարածքը սկսում ենք դիտարկել հայկական տարածք: Եթե այսպես է, ապա թող բարի լինեն հանձնեն նրան մեր կողմից: Այստեղ շատ անհասկանալի պահ կա»,- ասաց Վարոսյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, ուր ռոսական կողմը սպանության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու իրավունք չի ունեցել, քանի որ այդ հարցի քննության իրավազորությունը ՀՀ իրավապահներինն է, և ռազմաբազայի համաձայնագիրը կարգավորում է այդ հարցը: «Սպանության փաստի վերաբերյալ քննությունը պետք է իրականացնեն ՀՀ համապատասխան իրավապահ մարմինները, և այն փաստի առնչությամբ, որ նրանք ի սկզբանե սպանության մեղադրանքով քրեական գործ են հարուցել, ես միտում եմ տեսնում նրանում, որ ռուսական կողմը ի սկզբանե մտադրություն է ունեցել հայտնաբերելու Պերմյակովին, վերցնելու իր իրավազորության ներքո և հրաժարվելու հանձնել ՀՀ-ին»,- ասաց Վարոսյանը:
Մեր հարցին, թե Կոստանյանի ասուլիսից այդուամենայնիվ հասկանալի դարձա՞վ, թե որքանով է հիմնավորված Պերմյակովին Հայաստանին չհանձնելու որոշումը: «Հիմա, երբ Պերմյակովը գտնվում է Ռուսաստանի իրավազորության ներքո, և ռուսները հրաժարվում են նրան հանձնել, գուցե հղումը ՌԴ սահմանադրությանը ճիշտ է, և կոնկրետ այդ հարցում ճիշտ չէ թիրախավորել գլխավոր դատախազին»,-ասաց նա՝ հավելելով. «Ինձ համար առավել անհասկանալի են այն հարցը, թե ինչպե՞ս Պերմյակովը հայտնվեց ռուսական ռազմաբազայում, և նմանատիպ այլ հարցեր»:
Նշենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում պետք է քննարկվի Պերմյակովին խափանման միջոց առաջադրելու հարցը: Սակայն այդ հարցից առաջ, Վարոսյանի խոսքով, պետք է պաշտոնապես դիմել ռուսական կողմին՝ նրան արտահանձնելու պահանջով, հակառակ դեպքում չեն կարող խափանման միջոցի հարց որոշել: Եվ եթե ռուսական կողմը դատախազի մակարդակով մերժի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջը, ապա պետք է արդեն քննարկվի քրեական գործը Ռուսաստան տեղափոխելու հարցը:
«Մենք փորձում ենք իրավական դաշտում լուծումներ գտնել, բայց լուծումներն այնքան էլ իրավական դաշտում չեն: Այն պահից, երբ ռուսական կողմը սպանության փաստով քրեական գործ է հարուցում, այդ պահից այս հարցը դադարում է դիտարկվել իրավական դաշտում»,- եզրափակեց Վարոսյանը: