12:03 , 15 հունվար, 2015
Անշուշտ, ամեն մեկս ու յուրաքանչյուրս ունենք անամոք վշտի (վշտերի) սեփական պատմությունը. ու երբ ցավը շեշտակի գանգիդ է խփում, տիեզերքի անհունի մեջ մի մետր տեղ անգամ չես գտնում՝ փախնելու-ազատագրվելու վշտիցդ, ու էդ ժամանակ քեզ պատահած ամենամեծ կենսաբանական բնական ռեֆլեքսը ԼՌՈՒԹՅՈՒՆՆ է:
Զահլա տարաք, էս ինչքան եք խոսու՜մ...:
Ես հրաժարվում եմ հավատալ աղմկոտ սրտացավությանն ու շարունակում եմ համոզվել մարդ արարածի կենդանական բնազդների դոմինանտության մեջ. Ժամանակին «Ես Վահե Ավետյանն եմ» լոգո-ով ՖԲ-ում պտտվող որևէ օգտատիրոջ այսօր չի էլ հուզում` ինչ եղավ էդ պատմության վերջը... Կամ Մոսկվայում բանտարկված ազատամարտիկ Վլադիմիր Հարությունյանի ճակատագիրն էսօր ու՞մ վեջն է: «Ռսի» հանդեպ ատելություն թքող քանի հայ Մայր է այցելել-վշտակցել անցյալ տարի ճիշտ էս օրերին (հունվարի 19-ին) դիրքերում մեր նմանների համար մատաղ գնացած Արմեն Հովհաննիսյանի` բառացիորեն քթներիս տակ ապրող-տառապող ՄՈՐԸ:
Ախ դուք չե՞ք մոռացել, թե Ազատության զարթոնքի տարիներին որոշ ռուս սալդատներ ինչեր են արել... Իսկ Քանիսդ եք Սրբազան ազատամարտի տարիներն ինքներդ ձեր ներսում կամ հրապարակավ կոչել ազգային ՀԱՂԹԱՆԱԿԻ տարիներ, հը՞, ու քանիսի՞դ հոգին ու շուրթերն են հաշմվել մեր վերջինդարյա պատմության եզակիորեն հպարտ շրջափուլը՝ սոսկ «Ցրտի ու մթի» տարիներ կոչելով...
Եվ վերջում, կողմնորոշեք ինձ, սիրելիներ, որ Ազգին է պետք թշնամի կարգել ու կարևորը՝ բարձրաձայն ատել 2008թ. մարտի 1-ին նույն Ազատության հրապարակում մեզ ծեծող ու հետո սպանող մարդանմանների պատճառով...
Ու իսկապես` հերիք եղավ...