Այնպիսի տպավորություն է, որ Մոսկվան արգելել է, այդ ընտանիքի հոգեհանգիստն ու թաղումը դարձնել սգո արտահայտություն


10:42 , 15 հունվար, 2015

Untitled-5311in.am-ը գրում է․

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:

- Տիկին Բախշյան, ինչպե՞ս եք գնահատում գյումրեցի ընտանիքին գնդակահարած ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին Ռուսաստանի իրավադատությանը թողնելու հանգամանքը:

- Ես` որպես ՀՀ քաղաքացի, խորապես վիրավորված եմ, ընկճված եմ և ուզում եմ ամոթանք տալ մեր իշխանություններին այն բանի համար, որ իմ պետության հեղինակությունը իջեցրել են զրոյից էլ ցածր: Առաջին օրը մեր պաշտոնյաները, նույն Հունան Պողոսյանը կամ այլ իրավապահներ հայտարարում էին, որ այդ տականքը պետք է անպայման հանձնվի Հայաստանի իրավապահներին, որովհետև նա իր հանցանքն այստեղ է կատարել: Այսպես ամեն ինչ հիմնավորում էին, բայց հաջորդ օրը ինչ-որ անհասկանալի հիմնավորումներով կամ ՌԴ Սահմանադրությանը հղում անելով՝ սկսեցին հակառակը պնդել: Ես կարդացի Ռուսաստանի Սահմանադրությունը, որ ՌԴ-ն իր քաղաքացուն տեր է լինում աշխարհի որ ծայրում էլ լինի: Բայց գրած չէր, որ տեր է լինելու հանցագործին, ով որևէ պետության մեջ հանցանք է գործում:

Աչքիս լույսը չէ Գագիկ Ջհանգիրյանը, բայց որպես այդ ոլորտում փորձ ունեցող մարդ, հատկապես զինվորական ոլորտում եղած պաշտոնյա, հիմնավորված ասում է, որ այդ զինծառայողին անպայման պետք է հանձնեն ՀՀ իրավապահ մարմիններին: Հիմա այսօր իշխանություններն ուզում են համոզել, որ ճիշտը դա է: Դե կներեք էլի:

Ես այդ ընտանիքի հոգեհանգստից եմ գալիս, Արմեն Երիցյանից բացի` իշխանության ուրիշ որևէ այլ ներկայացուցիչ այնտեղ չկար: Դա այնքան ամոթ է մեր իշխանությունների համար: Այս մարդիկ անմեղ, իրենց տունը քնած սպանդի են ենթարկվել, փոքր երեխան էլ հետները: Իշխանությունները վերից վար պետք է այնտեղ լինեին և լսեին սրբազանի խոսքը, ով ասեց, թե, այո, մենք հավասարակշիռ ենք լինելու, բայց նաև պահանջատեր ենք լինելու: Իսկ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանն անգամ արգելել է, որ այդ ընտանիքի հոգեհանգիստն ու թաղումը դառնան սգո արտահայտություն, որ ուշադրություն սևեռի: Պետության՝ տեր կանգնելու ջանքը չերևաց: Հակառակը` կարծես թե իշխանությունը ցույց է տալիս, որ Հայաստանում տեղի է ունեցել մի հերթական ողբերգություն: Շատ ամոթ է: Ես շատ վրդովված եմ:

- Իսկ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն պնդում, որ Պերմյակովին հանձնեն ՀՀ իրավապահներին:

- Որովհետև ՀՀ իշխանությունները պինդ չեն, Հայաստան պետությունը կռտել և դարձրել են Ռուսաստանի վասալը: Եվ իրենք իրենց այդ կարգավիճակում էլ զգում են: Ինչ Կրեմլից կհայտարարեն, այդպես էլ կընդունեն ու կանեն: Առաջին օրը մեծ-մեծ խոսեցին, թե մենք պիտի դատենք, երկրորդ օրն արդեն Ռուսաստանն ասեց, թե փակի բերանդ, մենք ինչպես կասենք, այդպես կանեք: Երկիրը տեր չունի: Թասիբով հայ տղամարդ ղեկավար չունենք:

- Կարծիքներ են հնչում, թե ռուս զինծառայողները Գյումրիում իրենց շատ սանձարձակ և օրենքից դուրս են զգում: Ինչի՞ հետևանք է դա:

- Որովհետև այդ բազայում ծառայող սպաներն իրենց համար Գյումրի «գուլյանկի» են եկել: Լավ տեղ են եկել, լավ ու բարի ժողովրդի մեջ են եկել: Մեր սահմանի հետ կապված ի՞նչ նեղություն ունեն, որ գիշեր-ցերեկ զբաղված լինեն: Լավ, հանգիստ տեղ են եկել: Այսօր Գյումրիում ժողովուրդը գունդուկծիկ դարձած՝ ասում էին, թե մենք անտեր ենք: Ռուսական բազայի սպաներն էլ իրենց վարքով նկատելիորեն շատ սանձարձակ են: Իհարկե, դա ոչ բոլորին է վերաբերվում: Եվ զգացվում է, որ այդ բազայում կարգուկանոն չկա: Եթե գիշերը զինվորը դուրս է գալիս, և ոչ մեկը նրան չի կանգնեցնում, նշանակում է այնտեղ ոչ կանոնադրային հարաբերություններ են:

- Իսկ Ձեզ համար համոզի՞չ է այն բացատրությունը, որ Պերմյակովը մենակ է այդ սպանդը կատարել, որ ջուր խմելու համար է մտել այդ տունը: Չեն տվել, դրա համար էլ սպանել է:

- Որևէ մեկին դա չի համոզում, և իրավապահներն ինչքան այդպիսի անհեթեթ բացատրություններ են տարածում, ավելի են խճճում իրավիճակն ու ավելի անվստահություն են սերմանում: Նույնիսկ երեխաներն են ծիծաղում այդ բացատրությունների վրա: Դա մի հոգու գործ չի կարող լինել: Բայց ՌԴ-ն նրան վերցրեց, և մենք իրականությունն այդպես էլ չենք իմանա:

- Դուք հույս չունե՞ք, որ իրականությունը կբացահայտվի, և մեղավորները կպատժվեն:

- Եթե տականքին հանձնած լինեին մեր իրավապահներին, ես էլի հույս կունենայի, որովհետև այդ քննչական խմբում կգտնվեին մեկ-երկու թասիբով հայ իրավաբաններ, որ արդարադատությանը հասնելու համար կփորձեին ամեն ինչ անել: Իսկ հիմա բոլորովին վստահ չեմ: Եվ մտահոգ եմ, որ մեր հասարակությունն իրականությունը չի իմանա: