«Հայկական ժամանակ». Հայաստանում էլէներգիայի սակագինը կարող է կրկին բարձրանալ


07:05 , 15 հունվար, 2015

«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրավիրած ասուլիսում ակնարկել է, որ Հայաստանում էլէներգիայի սակագինը կարող է բարձրանալ: «Սակագների փոփոխությունները անխուսափելի են»,- ասել է նա:

Նախարարը, միևնույն ժամանակ, հայտարարել է, թե հավանաբար այս տարի սակագինը չի բարձրանա, ու նաև չի նշել, թե բարձրացման դեպքում որքան կկազմի նոր սակագինը: Դեռ անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացվել է էլէներգիայի այն սակագնի հաշվարկը, որի դեպքում մեր էներգետիկ համակարգը, իբր, կդադարի պարտքեր կուտակել և կունենա զարգացման նվազագույն ռեսուրսներ։

Ըստ այդմ, մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետների մոտավոր հաշվարկներով, էլէներգիայի սակագինը Հայաստանում պետք է լինի առնվազն 51-52 դրամ: Սակայն այդ հաշվարկներում ներառված չէ դրամի փոխարժեքի փոփոխությունը: Այն ժամանակ, երբ այդ հաշվարկները իրականացվել են, մեկ դոլարի գինը Հայաստանում 415 դրամից չէր անցնում: Դժվար չէ կռահել, որ այդ գործոնը ևս հաշվի առնելով էլէներգիայի սակագինը ավելի բարձր կլինի»,–գրում է թերթը։