ՀՀ Քննչական կոմիտեն որոշում է կայացրել Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին


16:37 , 14 հունվար, 2015

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում կատարված սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում օրենքով սահմանված կարգով շարունակվում է: 
ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովմանը, ինչպես նաև հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ: Միջոցներ են ձեռնարկվում պարզելու նաև առերևույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, ինչպես նաև բռնվելու հանգամանքները: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ:
Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել վերջինիս ՀՀ քր. օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: