15:01 , 14 հունվար, 2015Վախենո՞ւմ եք թռչել: Հոգեբանները թռիչքների հանդեպ դրսևորվող վախը համարում են ամենաբարդ հոգեբանական խնդիրը, իսկ որոշ մարդիկ դողում են նույնիսկ հենց միայն ինքնաթիռ նստելու և հողից կտրվելու մտքից: Նման մարդկանց համար երբեմն այս վախը դառնում է ազատ շրջագայելու և մի շարք հիասքանչ հեռավոր երկրներ տեսնելու լուրջ խոչընդոտ: Համաձայն որոշ հետազոտողների, թռիչքների հանդեպ ունեցած վախն ավելի է խորանում, երբ բանը հասնում է անվտանգության հարցին՝ ոչ միայն թռիչքի և ինքնաթիռի, այլև օդանավակայանի:
Այս հոդվածում կներկայացնենք աշխարհի 25 ամենասարսափելի օդանավակայանի մասին, որտեղ սարսափն առաջանում է ինքնաթիռ նստելուց էլ բավականին շուտ:
Միջազգային Վելլինգթոն օդանավակայան, Նոր Զելանդիա

Այս օդանավակայանում կատարվող վայրէջքը կարող է բավականին վտանգավոր լինել, քանի որ այստեղ միայն մեկ և այն էլ կարճ թռիչքուղի է, որը, դրա հետ մեկտեղ, ավարտվում է… ծովում: Չնայած դրան, այստեղ բավականին գունագեղ է, և օդանավակայանը կարելի է ոչ միայն ամենավտանգավորներից մեկը համարել, այլև ամենագեղեցիկ օդանավակայաններից մեկը:
Ագաթթիի օդանավակայան, Լակշադվիպ, Հնդկաստան

Այս օդանավակայանը բոլոր կողմերից շրջապատված է Հնդկական ծովով, ինչի պատճառով էլ բնականաբար առաջանում է այն հարցը, թե ինչ տեղի կունենա, եթե վայրէջքի ժամանակ ինչ-որ բան այնպես չլինի կամ օդաչուին պարզապես արգելակման տեղը չբավականեցնի: 1219 մետր երկարությամբ թռիչքուղին այնքան փոքր է, որ նման է ավելի խոշոր թռիչքուղու մի հատվածի, որի մի մասն անցել է ծովի տակ: Նման կարճ ուղիների ունեցած վտանգների պատճառով մի անգամ չէ, որ փորձել են ձգել այն, սակայն առայժմ թռիչքները նորմալ կերպով շարունակվում են, քանի որ դա Լակշադվիլայի՝ 36 շքեղ էկզոտիկ կղզիներից կազմված հնդկական տարածքի միակ օդանավակայանն է:
Միջազգային Սավաննա/Հիլթոն Հեդ օդանավակայան, ԱՄՆ

Իհարկե սա այդքան էլ «վտանգավոր» օդանավակայան չէ (համեմատած այս ցուցակի մյուս օդանավակայանների հետ), սակայն նրանում անսովոր ինչ-որ բան կա: Եթե Դուք երբևէ այս օդանավակայանում տաքսիով ընթանաք 10 թռիչքուղով, սարսափելի բանի ականատես կլինեք: Բանն այն է, որ 10 արահետում փորված է զույգ… գերեզման: Դրանք պատկանում են հողի նախկին տերերին, որտեղ այժմ տեղակայված է օդանավակայանը: Նրանց վերջին ցանկությունը եղել է այդտեղ հողարկավորվելը:
Նարսարսուակ օդանավակայան, Գրենլանդիա

Շրջակա բնության շնորհիվ այսքան գեղեցիկ և աշխարհի ամենահեռավոր օդանավակայաններից մեկում՝ Նարսարսուակում, վայրէջք կատարելը կարող է կա՛մ հիասքանչ լինել, կա՛մ էլ ամենասարսափելի փորձը, և ամեն դեպքում՝ անմոռանալի: Իսկ ահա օդաչուների համար այն անկասկած իրական մղձավանջ է, քանի որ այդտեղ վայրէջք կատարելու համար անհրաժեշտ է թռչել ֆիորդի երկայնքով, մշտական վախը ներսում՝ ընկնել ալեկոծության մեջ, որը թվում է թե լինում է նույնիսկ խաղաղ և ոչ քամոտ օրերին:
Միջազգային Կանսայ օդանավակայան, Ճապոնիա

Կանսայ արհեստական կղզու երկարությունը կազմում է 4կմ, լայնությունը՝ 2,5կմ: Ասում են, որ այն նույնիսկ տեսանելի է տիեզերքից: Ճարտարապետական տեսանկյունից տեղի օդանավակայանն աշխարհի ամենատպավորիչներից մեկն է, սակայն, ցավոք, հաճախակի գրանցվող երկրաշարժերը, հզոր ցիկլոնները և անկայուն ծովային հատակը այդ ճարտարապետական շեդևրը դարձնում են աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից մեկը:
Միջազգային Դոնմիանգ օդանավակայան, Թաիլանդ

Սա «խաբուսիկ» օդանավակայան է, որում առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան չկա: Ուշադիր նայելու դեպում Դուք բավականին տարօրինակ մի բան կնկատեք՝ ինչ-որ մեկի մտքով անցել է երկու թռիչքուղու անմիջապես կենտրոնում տեղադրել… գոլֆի՝ 18 անցքով դաշտ: Դա նշված օդանավակայանը դարձնում է ոչ միայն ամենավտանգավորներից, այլև ամենատարօրինակներից մեկը:
Պարո օդանավակայան, Բութան

Ձեզ արդեն իսկ շատ բան պետք է ասի այն փաստը, որ ամբողջ աշխարհում միայն 8 օդաչու է բավականաչափ որակավորված, որ կարողանան այստեղ վայրէջք կատարել: Սակայն, եթե դա բավարար չի, հավանաբար, Ձեզ կհետաքրքրի այն փաստը, որ Պարո օդանավակայանը գտնվում է ծովի մակարդակից 2.4 կմ բարձրության վրա և շրջապատված է 5000 մ բարձրությամբ սուր լեռնագագաթներով, իսկ թռիչքուղին ունի ընդամենը 1980 մ երկարություն: Եվ վերջապես, ըստ ասեկոսեների, Հիմալայներում գտնվող այս փոքրիկ օդանավակայանում վայրէջք կատարելու քաջություն ունեցող ուղևորներն իրենց նյարդերը կարգի բերելու համար սովորաբար հանգստացնող հաբեր են ընդունում:
Կայտակ օդանավակայան, Հոնկոնգ

Բազմաթիվ օդաչուներ այս վայրը սարսափելի օդանավակայան էին համարում, և հենց այդ պատճառով, 1998 թվականին այն փակեցին: Ուժեղ հողմահայաց քամիները և շրջապատող լեռները վայրէջքի ժամանակ դժվարություններ են առաջացնում: Մի ժամանակ այս վայրը տեղաբնիկների համար եղել է ամենաանբարենպաստը: Իզուր չի, որ օդանավակայանն անվանում են «բոլոր սարսափելի օդանավակայանների հայրը»:
Բարա միջազգային օդանավակայան, Շոտլանդիա

Սա, իրավամբ, մեր մոլորակի առավել յուրօրինակ օդանավակայանն է, քանի որ այստեղ որպես թռիչքուղի օգտագործվում է լողափը: Այո-այո, Դուք ամեն ինչ ճիշտ կարդացիք: Լողափին տեղակայված է եռանկյան տեսք ունեցող երեք թռիչքուղի, որոնց ծայրերը նշանակված են փայտե ձողերով:
Կոնգոնյաս օդանավակայան, Բրազիլիա

Առավել սարսափելին և միևնույն ժամանակ տարօրինակն այս օդանավակայանում այն փաստն է, որ այն գտնվում է քաղաքի կենտրոնից ընդամենը 8 կմ հեռավորության վրա: Եթե Դուք հաճախ եք ճանապարհորդում, պետք է իմանաք, որ աշխարհի առավել խտաբնակ և խոշոր քաղաքները, անվտանգության նկատառումներից ելնելով, սովորաբար, իրենց օդանավակայանները կառուցում են քաղաքի ծայրամասում, իսկ երբեմն էլ նույնիսկ քաղաքի սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Սակայն, երևում է, Սան Պաուլուի բնակիչներն այդ մասին տեղյակ չեն: Արդյունքում, այս օդանավակայանում յուրաքանչյուր օդանավի վայրէջքը անվտանգության տեսանկյունից վերածվում է իսկական փորձության:
Գիսբորն օդանավակայան, Նոր Զելանդիա

Միգուցե որպես չափազանցություն հնչի, սակայն սա, թերևս, աշխարհի ամենախելահեղ օդանավակայաններից է: Ինչո՞ւ: Որովհետև հենց թռիչքուղու վրայով անցնում է երկաթգիծ: Այո-այո, իսկակա´ն երկաթուղի: Դիսպետչերները թռիչքներն ու վայրէջքները պետք է կոորդինացնեն գնացքների ժամանման հետ: Եվ չնայած նրան, որ վերջերս փոթորկից վնասվելու արդյունքում ճանապարհը փակվել էր, օդանավակայանը դեռևս գործում է` չնայած 2001 թվականից իրականացնում է միայն բեռնափոխադրումներ:
Թենցինգի և Հիլարիի անվան օդանավակայան, Նեպալ

2010 թվականին History Channel հեռուստաալիքը սա անվանեց աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանը: Այն գտնվում է 2900 մ բարձրության վրա, իսկ թռիչքուղին մի կողմից շրջապատված է բարձր լեռներով, իսկ մյուս կողմից` խորին անդունդով: Վայրէջքի համար իդեալական պայմաններ են, այնպես չէ՞:
Լոս-Անջելեսի միջազգային օդանավակայան, ԱՄՆ

Լոս-անջելեսյան օդանավակայանը մեկ անգամ չի, որ ճանաչվել է ամենավտանգավորն ԱՄՆ-ում: Այստեղ «վերապատրաստման ինտենսիվ ծրագիր» է անցկացվում օդաչուների, դիսպեչերների, ինչպես նաև իրավիճակային վտանգների և թռիչքուղում անվտանգության այլ ասպեկտներով պայմանավորված հարցերի գծով տրանսպորտային միջոցների օպերատորների համար:
Կուրշևել օդանավակայան, Ֆրանսիա

Սա աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից է, չնայած նրան, որ սպասարկում է Ֆրանսիական Ալպերում դահուկ վարելու նպատակով այստեղ ժամանած հարուստներին: Համանուն հանգստավայրին հասնելու համար նախ պետք է օդանավակայանում հաղթահարել շնչառությունը կանգնեցնող վայրէջքը: Թռիչքուղին ունի ընդամենը 518 մ երկարություն, սակայն ամենալավ «անակնկալը» թռիչքուղու կեսերին տեղակայված բլուրն է:
Օլդ Մարիսկալ Սուկրե միջազգային օդանավակայան, Էկվադոր

Սա իսկական մղձավանձ էր նույնիսկ փորձառու օդաչուների համար: Սկզբի համար նշենք, որ օդանավակայանը գտնվում էր մեծ բարձրության վրա` Էկվադորի խտաբնակ մայրաքաղաքի հենց սրտում, ինչը մեծապես ավելացնում էր ռիսկի գործոնը: Ավելին, լեռնային տեղանքը, ակտիվ հրաբուխները և մշտապես մառախուղով ծածկված հովիտը միայն դժվարացնում էին վայրէջքներն ու թռիչքներն այս օդանավակայանում: Սակայն, սա դեռ ամենը չէ: Թռիչքուղին հարթ չէր: Նրա վրա բազմաթիվ խորդուբորդություններ կային: Բարեբախտաբար, անցյալ տարի, վերջապես, փակեցին օդանավակայանը և կառուցեցին նորը:
Տոնկոտին միջազգային օդանավակայան, Հոնդուրաս

History Channel հեռուստաալիքի ներկայացրած առավել վտանգավոր օդանավակայանների ցուցակում այս օդանավակայանը զբաղեցրել է երկրորդ տեղը, ընդ որում, ոչ առանց պատճառի: Նրա թռիչքուղին գտնվում է լեռներով շրջապատված հովտում, ընդ որում, «մուտքը» և «ելքը» ինքնաթիռների համար գտնվում է միևնույն վայրում, ինչը, իհարկե, բարձրացնում է աղետների առաջացման ռիսկի գործոնը: Որքան էլ որ զարմանալի է, չնայած դրան, նույնիսկ Boeing 757 ինքնաթիռներն ամեն օր վայրէջք են կատարում օդանավակայանում և թռիչք կատարում այդտեղից:
Ջիբրալթարի օդանավակայան

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այն ամբողջովին սովորական օդանավակայան է, սակայն ավելի ուշադիր դիտելուց հետո կհասկանաք, որ դա այդպես չէ: Անկասկած, առավել բացառիկ փաստը հանդիսանում է այն, որ գլխավոր թռիչքուղին անցնում է քաղաքի գլխավոր փողոցի վրայով: Այո-այո: Այսինքն, ամեն անգամ, երբ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի, ավտոմեքենաները պետք է կանգնեն և ճանապարհ տան գնացքին… այսինքն` ի նկատի ունեինք օդանավին, իհարկե:
Մադեյրայի օդանավակայան, Պորտուգալիա

Մադեյրա հրաշալի կղզում գտնվող միջազգային այս ոչ մեծ օդանավակայանը շատ կարճ թռիչքուղի ունի: Եվ դա այն դեպքում, որ 2003 թվականին նրա երկարությունը կրկնակի մեծացրել էին: Բացի այդ, այն մի կողմից շրջապատված է օվկիանոսով, իսկ մյուս կողմից` լեռներով: Օդանավակայանը համարվում է ամենավտանգավորներից մեկն աշխարհում:
Արքայադուստր Յուլյանայի օդանավակայան, սբ. Մարտինի կղզի

Կարիբյան ավազանի առավել բանուկ օդանավակայաններից մեկում վայրէջք կատարելու համար օդաչուները թռչում են լողափի վրայով, հատում ցանկապատը, թռչում ճանապարհի վրայով և հետո, վերջապես, վայրէջք կատարում:
Սառցե օդանավակայան, Անտարկտիդա

Սա երեք այն գլխավոր թռիչքուղիներից մեկն է, որոնք օգտագործվում են սնունդը և բևեռախույզներին Անտարկտիդայի Մակ-Մերդո կայան հասցնելու համար: Այն մշակված է նույնիսկ Boeing 757-ի և ծանր բեռնատար ինքնաթիռների հաշվարկով: Տվյալ պահին օդանավակայանի գլխավոր վտանգը հանդիսանում են եղանակային պայմանները, այլ ոչ թե բուն օդանավակայանի տեղադիրքը:
Ֆահդ արքա միջազգային օդանավակայան, Սաուդյան Արաբիա

Սա, ըստ ցամաքային տարածքի մակերեսի, աշխարհի խոշորագույն օդանավակայանն է, որն անապատով ձգվում է 300 քառ. մղոն տարածքով: Այս օդանավակայանն այնքան մեծ է, որ, ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ, օդաչուներն իրենք էլ, երբեմն, դժվարանում են ասել, թե որտեղից է այն սկիզբ առնում և որտեղ ավարտվում, քանի որ մեծ հեռավորությունից դիտելիս այն ձուլվում է իրեն շրջապատող անապատի հետ:
Քլիվլենդ Հոփքինսի միջազգային օդանավակայան, ԱՄՆ

Տեխնիկական առումով օդանավակայանի տեղադիրքի կամ նախագծի հետ կապված վատ ոչինչ չկա, սակայն այստեղ աշխատում է աշխարհի ամենաանպատասխանատու անձնակազմը: Մի անգամ, գիշերային ավիադիսպետչերին մեղադրեցին նրանում, որ նա ինքնաթռիներին ուղղություն ցույց տալու փոխարեն ֆիլմ էր նայում: Իսկ մեկ այլ անգամ բողոքեցին, որ գիշերային հերթափոխի դիսպետչերներն ընդմիջման ժամանակ քնում են կամ էլեկտրոնային խաղեր խաղում, եթե չվերթների գրաֆիկը շատ խիտ չի:
Գաստաֆ III օդանավակայան, Սենտ-Բարտելեմի

Այս օդանավակայանն անհավանական կարճ թռիչքուղի ունի, որը սովորաբար սպասարկում է 20 ուղևորից ոչ մեծ տարողունակությամբ փոքր ինքնաթիռներին: Թռիչքուղին գտնվում է լեռնալանջի հիմքում, որն ավարտվում է լողափին: Բացի այդ, ինքնաթիռները վտանգ են ներկայացնում արդեն իսկ մոտակայքում` բլրային տեղանքի պատճառով, իսկ թռիչքն ընդհանրապես տեղի է ունենում գրեթե լողափում հանգստացողների գլխի վրայով:
Բամդա օդանավակայան, Տիբեթ

Տիբեթը գտնվում է աշխարհի ամենաբարձր լեռներում` Հիմալայներում, այնպես որ, զարամանլի չէ, որ Բամդա օդանավակայանն աշխարհի ամենաբարձրադիր օդանավակայաններից մեկն է, որը գտնվում է ավելի քան 4000 մ բարձրության վրա: Առավել հետաքրքրականն այն փաստն է, որ թռիչքուղու երկարությունը գրեթե 5 կմ է, հետևաբար, այն աշխարհի ամենաերկար թռիչքուղին է: Նման բարձրություններում թթվածնի ցածր պարունակությունը նորեկների մոտ դիսկոմֆորտ է առաջացնում, ինչպես նվազեցնում է նաև ինքնաթիռների շարժիչների արտադրողականությունը, որի պատճառով այստեղ վայրէջք կատարելն իսկական փորձություն է:
Սաբա կղզու օդանավակայան

Կարիբյան այս հրաշալի կղզի տանող ճանապարհը Ձեզ համար կարող է իրական մղձավանջ դառնալ, քանի որ օդանավակայանը հանդիսանում է ընդամենը 396 մ երկարություն ունեցող թռիչքուղի: Շրջապատված լինելով բարձր քարափներով՝ այս չափազանց կարճ թռիչքուղին (որը, երևի թե, գերազանց վայր կարող էր դառնալ սքեյթբորդինգի առաջնություն անցկացնելու համար) գրեթե օվկիանոսում է ընդհատվում: Հասկանալի է, որ խոշոր ինքնաթիռները պարզապես չեն կարող այստեղ վայրէջք կատարել, սակայն դա հեշտ չի նույնիսկ «եգիպտացորենի կողրերի» համար: