06:59 , 14 հունվար, 2015
Tert.am–ը գրում է.
Անցյալ շաբաթ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին չհաջողվեց Հունաստանում կրկնել տասը տարի առաջ Շվեյցարիայում իր կազմակերպած ժխտողական խաղը: Փերինչեքը ծրագրել էր իր սրբապիղծ «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամների հետ միասին մեկնել Աթենք՝ վիճարկելու Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող վերջերս ընդունված հունական օրենքը: Նա երազում էր «հերոս» դառնալ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հունաստանի դեմ հայց ներկայացնելով՝ օրենքը խախտելու համար ակնկալվող ձերբակալությունից հետո:
Դեռևս 2005 թվականին, Շվեյցարիայի ոստիկանության կողմից կալանավորվելուց հետո, Փերինչեքը մեղավոր ճանաչվեց Հայոց ցեղասպանության ժխտման համար: Երբ Շվեյցարիայի դաշնային դատարանը (Գերագույն դատարանը) հաստատեց նրա պատիժը, Փերինչեքը 2008 թ. դատավճիռը բողոքարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): 2013 թ. դեկտեմբերի 17-ին, ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը որոշում կայացրեցին հօգուտ Փերինչեքի՝ պնդելով, որ Շվեյցարիայի դատարանները խախտել են նրա խոսքի ազատության իրավունքը: Երեք ամիս անց Շվեյցարիան ՄԻԵԴ-ի սխալ որոշումը բողոքարկեց դատարանի 17 անդամներից բաղկացած Մեծ պալատում, որը նախատեսում է 2015 թ. հունվարի 28-ին վերաքննել ավելի վաղ ընդունված դատավճիռը:
Բարեբախտաբար, Փերինչեքի ծրագրած հնարքը Հունաստանում բազմաթիվ արգելքների հանդիպեց ... Նախ, սկսենք նրանից, որ նա չէր կարող Թուրքիայից դուրս գալ, քանի որ նրա վրա ճամփորդական արգելք էր սահմանված բանտից պայմանական ազատվելուց հետո՝ դավադրության մասնակից լինելու համար: Երբ առանց նրա, իր կուսակցության 13 անդամներից բաղկացած պատվիրակությունը ժամանեց Աթենքի օդանավակայան, Հունաստանի իշխանությունները խելամտորեն որոշեցին խմբին հետ վտարել Թուրքիա, քան թե տեսարան սարքել՝ նրանց ձերբակալելով: Հունական ոստիկանությունը որպես արդարացում օգտագործեց թուրք այցելուների ճամփորդական փաստաթղթերի կարգին չլինելու փաստը:
Ստամբուլ վերադառնալուց հետո արտաքսված թուրքերը կուսակիցների կողմից հռչակվեցին որպես «հերոսներ»: Փերինչեքն անմիջապես մեղադրեց նախագահ Էրդողանին և վարչապետ Դավութօղլուին՝ իրենց «չափազանց խայտառակ որոշման» համար, որով կանխեցին նրա Հունաստան մեկնելը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքի հետևորդները նաև մեղադրեցին Հունաստանում Թուրքիայի դեսպան Քերիմ Ուրասին՝ հունական կառավարության հետ դավադրության մեջ՝ խոչընդոտելով իրենց առաքելությունը: Ի պատասխան՝ թուրք դեսպան Քերիմ Ուրասը մեղադրեց «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամներին՝ իրենց սեփական ծրագրերը խանգարելու համար, դրանց մասին նախօրոք հայտարարելով, չնայած դեսպանի հորդորին՝ անաղմուկ ժամանելու Աթենք և հանդես գալու միայն այնտեղ հասնելուց հետո... Ուրասն ավելացրեց, որ թուրքական պատվիրակության վաղաժամ հրապարակային հայտարարությունների պատճառով, հունահայ համայնքն Աթենքում բողոքի ցույցի էր նախապատրաստվել նրանց դեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ