21:12 , 13 հունվար, 2015
Ռուսաստանը և Ադրբեջանը նույնն են, երկուսի դեպքում էլ մարդասպանները սպանել են քնած զոհերի, և երկուսի դեպքում էլ փորձում են փախցնել հանցագործներին հայի պատժից։
Չէի ցանկանում անդրադառնալ Գյումրիում կատարված ոճրագործությանը, սակայն վերջին դեպքերի զարգացումներն ինձ թույլ չտվեցին հոգուս ցավը և իմ մեջ կուտակված զայրույթը չարտահայտել:
Նախ առաջին, հարկավոր չէր պղտոր ջրում ձուկ որսալ` մեղադրելով ազգային պատկանելության համար, քանի որ հանցագործությունն ազգություն չի ճանաչում:
Պերմյակով ազգանունը դեռևս երկար կմնա մեր հանրության ուշադրության կենտրոնում, սակայն, ինչպես հասկացա, շատ կարճ կմնա իրավապահ մարմինների համար:
Կցանկանամ համեմատություն անցկացնել Սաֆարովի և Պերմյակովի միջև:
Սաֆարովը կացնահարելով սպանում է քնած հայ սպայի, իսկ Պերմյակովը` քնած մանկահասակի և մի ամբողջ հայ ընտանիքի:
Երբ Սաֆարովին դատեցին Հունգարիայում, սակայն կարճ ժամանակ անց արտահանձնեցին Ադրբեջանին, ապա մի ամբողջ հայ իշխանավոր, մի ամբողջ հայ ազգ հունգարներին էլ դավաճան, էլ մարդասպան կոչեցին, նույնիսկ դիվանագիտական հարաբերությունները սառեցվեցին:
Պերմյակովի պես վիժվածքը (սա դրան հաճոյախոսություն է) սպանում է միանգամից 6 անմեղ մարդկանց, այդ թվում մանկահասակ երեխայի, նաև վիրավորում մի քանի ամսական երեխայի, ու պարզվում է, որ նա ՌԴ-ի քաղաքացի է, հետո էլ նույն ՌԴ-ի պատկան մարմիններն առանց ամոթի հայտարարում են, որ այդ տականքին հանձնելու հարց անգամ չի կարող քննարկվել, դրանով փաստում են, որ Ադրբեջանից ոչ մի բանով առավել չեն, և այն տեսլականը, թե իբրև Ռուսաստանը Հայաստանի դարավոր բարեկամն է, հօդս է ցնդում:
Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պահանջում եմ բոլոր պատկան մարմիններից, որպեսզի շտապ քայլեր ձեռնարկեն, որպեսզի Պերմյակովը պատասխանատվության ենթարկվի ՀՀ-ում և ՀՀ-ի քրեական օրենքի ողջ խստությամբ, եթե դա չկարողանան կատարել, ապա սառեցվի ՌԴ-ի հետ ցանկացած տիպի հարաբերություն, հակառակ դեպքում կնշանակի, որ հայի կյանքը ոչ մի գրոշի արժեք չունի պատկան մարմինների համար:
Թող լինի գեթ մեկ հայ, ով կասի՝ ՌԴ-ին Ադրբեջանի հետ նույն հարթության մեջ դասելն ուղղակի սխալ է, ապա թող հենց նա պատասխան տա 6 անմեղ զոհերի համար...