Ինչո՞ւ է ռուսական կողմն ասում, թե իբր իրենք են բռնել հանցագործ զինվորին, եթե ականատեսներն այլ բան են ասում


16:14 , 13 հունվար, 2015

Պաշտոնական տեղեկատվությանը հավատում են հիմարները, իսկ ռուսական պաշտոնական տեղեկատվությանը՝ անհույս հիմարները։ 

Փախուստի մեջ գտնվող, Գյումրիում 6 հոգու սպանած ռուս զինվորին բռնելու մասին լուրն անմիջապես ստացանք ականատեսներից։ Ականատեսը, որ տվյալ գյուղի բնակիչն էր, հայտնեց, որ Պերմյակովին գիշերով նկատել և բռնել են գյուղի տղաները, ապա հայտնվել են զինված ռուսները, և նրանք ստիպված են եղել ցրվել։ Պաշտոնական տեղեկատվությունը, որը տարածում է ռուսական ФСБ-ն, այսպիսին է՝ ինչ-որ անծանոթ մոտեցավ սահմանին, հենակետի ավագը գոռաց «Կանգնի՛ր», անծանոթը չլսեց, ավագը գոռաց «կանգնի՛ր կկրակեմ», նորից չլսեց, ապա 1 անգամ կրակեց օդ և հրամայեց պառկել գետնին, և անծանոթը պառկեց գետնին։ Հետո պարզվեց, որ անծանոթը հենց Պերմյակովն էր։ Մի քիչ շատ «Устав»-ային է նկարագրած ամեն ինչ, որը, համաձայնեք, մի փոքր կասկածելի է։ Չնայած դրան՝ մեր ոստիկանությունը նույնպես հակված էր տարածել ռուսական կողմի հայտարարությունը, որի թարգմանությունը տարածեց մեր ոստիկանության մամլո խոսնակը՝ սկզբում ավելացնելով ցավակցական մի քանի նախադասություն։ «Օղակն աստիճանաբար սեղմվում էր: Իրավապահ կառույցների սերտ համագործակցությունն արդյունք տվեց. անելանելի վիճակում հայտնված կասկածյալը՝ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ստիպված էր շարժվել դեպի հայ-թուրքական սահման»,-նշում է Աշոտ Ահարոնյանը։ Պարոն Ահարոնյան, չե՞ք կարծում արդյոք, որ զինվորը, ում ստորաբաժանումը պարբերաբար գնում էր սահման հրաձգության, հիանալի տիրապետում էր տարածքին, սահմանին, և դեպի Թուրքիա գնալը նրա առաջնային նպատակներից մեկը պետք է լիներ, որտեղ էլ նա միգուցե կարողանար փրկվել։ Հարցերը շատ են... Ի՞նչ էին անում մեկը մյուսի շորերը հագած, միմյանց հետ սերտ համագործակցող ոստիկանները,

երբ սեղմված օղակի միջից հանցագործը պլստում է և հայտնվում է հենց ռուս զինվորների ձեռքում. Երևանում մետրոյի կայարա՞ն էին փակում։ Միգուցե ռուսները նախօրոք պահանջել են հանձնել Պերմյակովին իրենց ձե՞ռքը։ 

Ամերիկացիները մի արտահայտություն ունեն. «He may Be a Son of A Bitch... But Hes Our Son of A Bitch» (նա մի գուցե անառակի զավակ է, բայց նա մեր անառակի զավակն է)։