14:00 , 13 հունվար, 2015
Galatv.am-ը գրում է․
ՇՄ Բայանդուր գյուղի մոտակայքում հայտնաբերված եւ ձերբակալված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը խոստովանել է, որ դաժան սպանությունն ինքն է կատարել: Իր նախնական ցուցմունքի ժամանակ ասել է, որ լքել է զորամասը, ցանկացել է զբոսնել քաղաքում, ապա ջուր խմելու նպատակով այցելել է Ավետիսյանների տուն, որից հետո էլ տեղի է ունեցել դեպքը: Նախնական տվյալների համաձայն՝ Ավետիսյանների ընտանիքի հետ որեւէ կապ ու առնչություն Պերմյակովը չի ունեցել եւ պատահական է այցելել վերջիններիս բնակարան:
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հ. Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե տարօրինակ չէ՞ արդյոք այն, որ նա դուրս է եկել գիշերով միայնակ շրջելու եւ հենց հայտնվել է Ավետիսյանների բնակարան, որոնց հետ, ըստ նախնական տեղեկությունների, ընդհանրապես առնչություն չունի: Ոստիկանապետի տեղակալը պատասխանեց. «Իր նշած պատճառաբանությունները մանրազնին ուսումնասիրվում են:Նրա բոլոր ասածները համապատասխան ստուգում են անցնում, լուրջ խումբ ենք ստեղծելու: Կնշանակվեն համապատասխան համալիր փորձաքննություններ, ուսումնասիրվում է նրա անցյալը, ՌԴ ՊՆ առաջին տեղակալն է ժամանել՝ լուրջ փորձագետներով եւ մասնագետներով, ստուգվում են նրա բանակ զորակոչման հիմքերը, անցած ճանապարհը, զորակոչման պայմանները եւ ընտանեկան կազմը: Այս պահին կարող եմ վստահեցնել, որ կրթական եւ գիտական մակարդակը շատ ցածր է»:
Հունան Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես ստացվեց, որ 1-օրյա որոնողական աշխատանքներից հետո հանկարծ կասկածյալը հայտնաբերվեց ռուս սահմանապահների կողմից, այն պարագայում, երբ ոստիկանությունն իր ամբողջ ուժերը կենտրոնացրել էր Գյումրիում: Նշեցինք, որ կա կարծիք, թե ամեն ինչ կազմակերպվեց այնպես, որ փնտրվող անձը հայտնաբերվի հենց ռուսական ուժերի կողմից, իսկ քննվող գործը մնա ռուսական կողմի տիրույթում: Ըստ փոխոստիկանապետի՝ կատարվել են օպերատիվ –հետախուզական բոլոր միջոցառումները, եւ որոշակի մանրամասների ոստիկանությունն այնուամենայնիվ տիրապետել է: Նա հավաստիացրեց, որ ինֆորմացիայի համակարգման եւ ձեռք բերման լուրջ աշխատանք են կատարել եւ ողջ իրավապահ համակարգը համակարգված է աշխատել՝ հույս հայտնեց, թե հասարակության մոտ թյուր կարծիք չի ձեւավորվի, որ ՀՀ իրավապահները ձախողեցին եւ ռուսական կողմը կարողացավ հաջողել: Ինչ մնում է այն մտավախությանը, թե նախաքննությունը հայկական կողմին չի վստահվի եւ կարվի ամեն ինչ, որ գործի քննությամբ ՀՀ իրավապահները չզբաղվեն, փոխոստիկանապետը վստահեցրեց, որ հենց ռուսական կողմի ցանկությունն է, որ հայ իրավապահները տանեն գործի նախաքննությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ