Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնեց իր ցավակցությունը


19:20 , 12 հունվար, 2015

Արտաքին գործերի նախարարի տեղակալն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանին՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Հունվարի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին:

Հանդիպմանը երկուստեք խորը մտահոգություն հայտնվեց` հունվարի 12-ին Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ:

Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնեց իր ցավակցությունը և նշեց, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա ընդգծեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և աջակցություն ցուցաբերում գործի քննությանը: