Գյումրիի սպանությունը չպետք է հակառուսական տրամադրություն առաջացնի և պետք չէ կենտրոնանալ նրա վրա, որ կասկածյալը ռուս է


17:54 , 12 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Վեց անմեղ կյանք կյանքեր խլած մարդու արածը ազգություն չի ճանաչում: Tert.am–ի հետ զրույցում մեկնաբանելով Գյումրի սպանության վերաբերյալ սոցիալական ցանցերում տիրող տրամադրությունները, ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը՝ նշելով, որ, նախ, անպայման չէ, որ Գյումրու ռուսական ռազմաբազայում լինեն միայն   ազգությամբ ռուսներ:

«Վեց քնած անմեղ, քնած կյանքեր ու այդ թվում՝  երկու երեխաների կյանք վերցրած անձի վերաբերյալ ինչ-որ բան գրելիս պետք չէ կենտրոնանալ նրա վրա, որ նա ռուս է կամ ռուս զինվորական: Պետք է բացահայտել բոլոր մանրամասները և նաև՝ ինչն է նման ահավոր հանցագործության պատճառը»,– ասաց նա:

«Եվ ես , օրինակ, չէի շրջանցի և բացառի հարցը, թե ինչո՞ւ ոչ, մեր թշնամիները չէին կարող ժամանակին այդ երիտասարդին հավաքագրել, որ ինքը նման մի բան աներ, կապ չուներ, թե դա ո՞ր ընտանիքը կլիներ կամ երբ կլիներ»,- նշեց Թևան Պողոսյանը՝ առաջարկելով հասկանալ, որ գտնվում ենք պատերազմական իրավիճակում գտնվող տարածաշրջանում  և որ ունենք Ադրբեջան անունով թշնամի երկիր:

Ամեն դեպքում, Թևան Պողոսյանը, չի բացառում նաև կենցաղային հողի վրա նման սարսափելի հանցագործության տեղի ունենալու փաստը և առաջարկում է վերջնական գնահատականներ տալուց առաջ  տեղեկանալ բոլոր մանրամասներին: Այդ իսկ պատճառով, ըստ Թևան Պողոսյանի,  Հայաստանի իրավապահ մարմինների  խնդիրն է շատ արագ բացահայտելու այդ հանցագործությունը:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Լիլիթ Գալստյանի խոսքով ևս ոճրագործությունն աշխարհագրություն չունի և չէր ցանկանա, որ մեր հանրության արդարացի ընդվզումը հակառուսական ուղղություն ստանար։

«Այն, ինչ կատարվել է Գյումրիում՝ զարհուրելի է, աներևակայելի, մարդկայինի սահմանից դուրս… Բառերն անզոր են կատարվածը գնահատելու։ Հարցերը շատ են, այդ թվում՝ ինչպե՞ս կարող էր մոլագարը զենք կրել, օգտագործել, ինչպիսի՞ կարգապահական ու կանոնագրային հարաբերություններ են տվյալ զորամասում, որ հնարավոր են դարձնում տվյալ գազանային- կենդանական նկարագիրը, միթե այս որակներով է իրականացվում ռազմական բազայի գործառույթը, ամենաթողության ինչ մթնոլորտում է ծնվել, հասունացել տվյալ ոճիրը … Հարցեր, հարցեր, որոնք մանրամասն ու հանգամանալից ուսումնասիրություն են պահանջում։
Ցավակցում եմ ու կիսում, բոլորիս վիշտը, զայրույթը…»
,- ասաց Լիլիթ Գալստյանը:

ՀՅԴ–ական նախկին պատգամավորը  նշեց, որ դարձյալ, ուզում է հավատալ, որ «անկողմնակալ ուսումնասիրություն, հետաքննություն կանցկացվի, անհրաժեշտ հետևություններ կարվեն և ոճրագործության բոլոր մասնակիցները կկանգնեն արդարության դատաստանի առաջ։ Սա նաև մեր բոլորի արժանապատվության խնդիրն է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ