Բաղանիսի գյուղապետը հաստատում է սահմանային միջադեպի մասին տեղեկությունը


11:46 , 12 հունվար, 2015

Հայ սահմանապահը հայ-ադրբեջանական սահմանին դիտակետում, արխիվ Azatutyun.am-ը գրում է․

Երեկ ադրբեջանցի դիվերսանտների կրակոցից սպանված Ոսկեվան համայնքի բնակիչ Հրանտիկ Սարգսյանը երեկ Բաղանիսի արոտավայրում իր ոչխարի հոտն էր արածեցնում, «Ազատությանը» փոխանցեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

«Ու լրիվ պատահական հանդիպել է դիվերսանտներին, ու կրակոցով սպանել են», - ասաց Սահակյանը:

Նա հաղորդեց, որ դեպքը տեղի է ունեցել Երևան-Թբիլիս միջպետական ճանապարհի աջ հատվածում, հայկական տարածքում:

«Էդ դիվերսանտներին մեր զինվորականները ժամանակին նկատել են ու փորձել են իրենց հետևել՝ ուր են գալիս, ինչի համար են գալիս: Հետո որոշել են, որ իրանց վերցնեն շուրջկալի մեջ, դիվերսանտները էդ ամեն ինչը հասկացել են», - նշեց գյուղապետը՝ հավելելով, որ 80-ամյա հովիվը սպանվել է այն ժամանակ, երբ դիվերսանտները, հասկանալով, որ շրջապատված են, որոշել են հետ դառնալ:

«Կրակոցները գյուղում լսվել են: Ինձ զանգահարեցին ասացին, որ ДШК-ից են խփել, մեկի տանն է կպել՝ խոհանոցին, հիմա գնում եմ էնտեղ տեսնեմ՝ ինչ է եղել: Էս 20 տարի ոնց եղել է, ապրում ենք», - ասաց Սահակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ