Դրական սցենարներ ակնկալելը դժվար է. տնտեսագետները` դրամի արժեզրկման մասին


13:49 , 11 հունվար, 2015

Tert.am-ը գրում է.

Դեկտեմբերի վերջին օրերի համեմատ ռուսական ռուբլին հունվարի առաջին օրերին սկսեց արժեզրկվել, և այսօր արդեն 1 ռուբլու առքի գինը փոխանակման կետերում հասել է 7 դրամի, իսկ վաճառքի գինը՝ 8.20 դրամի: Դրան զուգահեռ նորից սկսվել է ԱՄՆ դոլարի արժեվորումը դրամի նկատմամբ: Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետ Զոյա Թադևոսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ զարգացումներ են սպասվում ֆինանսական շուկայում, հատկապես՝ առևտրային բանկերի աշխատանքի վերսկսումից հետո, ասաց, որ դեռ մինչ Ամանոր ինքը և մի շարք տնտեսագետներ զգուշացնում էին, որ ծանր օրերն սկսվելու են տոներից հետո: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ևս կանխատեսեց, որ դրամի արժեզրկումը կշարունակվի՝ կապված ռուսական տնտեսության խնդիրների, ՀՀ տնտեսության անմրցունակության և տարվա առաջին եռամսյակում մշտապես համեմատաբար պակասող տրանսֆերտների հետ:

«Ի՞նչը պետք է հակազդի, որ դրամը արժեվորվի, եթե իրական տնտեսություն գոյություն չունի, ոչինչ չի կարող օգնել, որպեսզի դրամը նորից կայունանա: Մեր երկրում որևէ ռեսուրս դրա համար չկա, հետևաբար արժեզրկումը շարունակվելու է: Ստեղծված իրավիճակի հիմնական կանխարգելիչ հնարավորությունը իրական տնտեսության ստեղծումն է:Երբ տնտեսությունը սկսի աշխատել, ապրանք կարտադրվի, կարտահանվի, այդ ժամանակ էլ վիճակը կփոխվի: Արտահանված ապրանքը հնարավորություն է տալիս, որպեսզի օտարերկրյա արժույթ մտնի տնտեսություն, եթե դա չկա, արհեստականորեն հնարավոր չէ կանխել գործընթացը»,-ասաց նա:

Զոյա Թադևոսյանն ընդգծեց, որ Կենտրոնական բանկը ոչինչ անել չի կարող ստեղծված իրավիճակում, քանի որ հարցը մշտապես չի կարող լուծվել ինտերվենցիաների միջոցով:
«Նախորդ ամիսներին արհեստականորեն պահեցին դրամը, մեծ ռեսուրսներ ծախսվեցին, հիմա դա շարունակել հնարավոր չէ: ԿԲ-ն արդեն ռեսուրսներ չունի»,- ասաց նա:

Զոյա Թադևոսյանն անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսության կախվածությանը ՌԴ տնտեսությունից և ասաց .«Սա շատ ծանր խնդիր է, մենք բազմիցս ահազանգում էինք, որ տարվող տնտեսական քաղաքականության արդյունքում բոլոր լծակները կսպառվեն, և մենք այսօր հասել ենք այդ կետին: Մենք սպառված հնարավորություններ ունենք»,-ասաց նա:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ ընդգծեց, որ 2015 թ-ի առաջին եռամսյակում սոցիալական դժվարություններ են սպասվում:

«Արդեն հունվար ամսին նկատվում է, որ մենք կունենանք ավելի բարձր գնաճ՝ պայմանավորված նրանով, որ դեկտեմբերին դրամի արժեզրկման արդյունքում ապրանքների գների բարձրացումից հետո ապրանքների հիմնական մասի գինը լիարժեք չվերականգնվեց: Կարելի է ասել, որ հատկապես՝ ԵՏՄ-ի հետ կապված անորոշությունների բացասական գործոնները ավելի շատ են, քան դրականները»,-ասաց նա:

Արտակ Մանուկյանը ևս կանխատեսեց, որ դրամի արժեզրկումը կշարունակվի՝ կապված ռուսական տնտեսության խնդիրների, ՀՀ տնտեսության անմրցունակության և տարվա առաջին եռամսյակում մշտապես համեմատաբար պակասող տրանսֆերտների հետ:

Շարունակությունն՝ այստեղ