12:50 , 9 հունվար, 2015Newmag.am-ը գրում է․
Ժամանակի մեջ կողմեորոշվելու համար մեր նախնիները պետք է ունենային վերլուծական միտք: Նրանք պետք է ստեղծեին ժամանակի հատվածներն ընկալելու և չափելու համակարգեր: Դրանց հիմքում էլ պետք է լինեին կենսական, երկրային, երկնային երևույթների ժամանակային բնութագրերը: Այսինքն` մարդն ուզեր-չուզեր, պետք է ստեղծեր օրացույց: Տարբեր երկրներում ու ժամանակներում ձևավորվել են օրացույցի հարյուրավոր տեսակներ: Դրանք ունեին մի հիմնական հատկանիշ, օրերը, շաբաթներն ու ամիսները հաշվելու որոշակի կարգ և հաշվանքի սկզբնակետ:
Ժամանակի տևողության պարզագույն գիտելիքները սաղմնավորվել են 20-30 հազարամյակ առաջ: Աստղագիտական հիմքով առաջին օրացույցները ծագում են VII-IV հազարամյակներում, երբ մարդիկ սկսում են գիտակցել, որ իրենց կյանքում կարևոր երևույթների մեծ մասը երկնային լուսատուների՝ արևի, լուսնի, մոլորակների ու աստղերի շարժման հետևանքն է:
Հռոմեական կայսրության շրջանում ձևավորվեց և ընդունելի դարձավ մեկ միասնական օրացույց՝ Հուլյան տոմարը (1582-ից՝ Գրիգորյանը): Որոշ երկրներ ու ժողովուրդներ էլ պահպանեցին իրենց ավանդական օրացույցները:
Բոլոր օրացույցների հիմքում ժամանակի չափումն է. երկնային մարմինների շարժումների օգնությամբ (տարի, ամիս, շաբաթ, օր) և մարդու տրամաբանությամբ (հազարամյակ, դար, ժամ, րոպե, վայրկյան): Կան նաև տիեզերագիտական, երկրաբանական, կենսաբանական, պատմական ու մշակութային պարբերաշրջաններ: Սակայն տոմարի աստղագիտական հիմնատարր՝ առաջնային միավոր կարող են ծառայել միայն երեքը՝ միջին արեգակնային օրը, լուսնամիսը (29,53 օր) և արևադարձային տարին (365,24 օր): Եթե Նկատեցիք, այս միավորները մեկը մյուսի մեջ չեն տեղավորվում ամբողջական անգամներով, և հենց սա էլ բարդացրել է օրացույց կազմելը (առավել ևս՝ միասնական օրացույց կազմելը):

Առաջին` լուսնային դասի օրացույցում առաջնային միավորը լուսնամիսն է (29 կամ 30 օր), ամսվա սկիզբը նորալուսինն է: 12 լուսնամիսը կոչում ենք «տարի», որը 11 օրով կարճ է իրական` արևադարձային տարուց: Ուստի տարեսկիզբը կամ տոներն ամեն տարի շեղվում են` ըստ տարվա եղանակների: Սա է լուսնայինի հիմնական թերությունը: Այս դասի օրացույցները տարածված էին բրիտանական կղզիներից մինչև Չինաստան, Հյուսիսային Եվրոպայից` Աֆրիկա: Լուսնային օրացույց ունեցել են շումերները, հայերը, բաբելացիք, չինացիները, հին հույներն ու հռոմեացիք, հրեաները, արաբները, հնդիկները, վրացիները և ըստ լեզվական տվյալների՝ կելտերը, գերմանները, սլավոնները, խեթերը, էտրուսկները: Հետագայում ժողովուրդների մեծ արտագաղթի հետևանքով ծագում են դրա բազմաթիվ տարբերակները, որոնցում արդեն զգալի են փոփոխումներն ու տեղական-ազգային առանձնահատկությունները: Այսպես ծնվեցին լուսնային օրացույցի զարգացման հաջորդ փուլերը՝ լուսնարեգակնային և լուսնարեգակնամոլորակային համակարգերը:
Երկրորդ՝ լուսնարեգակնային դասի օրացույցում առաջնային միավորները երկուսն են՝ լուսնամիսը և արևադարձային տարին, պահպանված է լուսնայինի առավելությունը, ամսաթիվը նշում է լուսնի տեսքը՝ փուլը, կա նաև շաբաթ (քառորդ) հասկացությունը: Ունի մի մեծ թերություն, տարբեր է տարվա տևողությունը (հրեականում 6 տեսակ տարի կա, հունականում, չինականում և բաբելականում՝ 2 տեսակ, ինչն ակնհայտորեն, հարմար չէ տնտեսական առումով): Շումերում լուսնարեգակնային տոմարի անցան մ.թ.ա. 24-րդ դարում, Նիպպուրում՝ 21-րդ դարում, Բաբելոնում՝ 18-րդ դարում, Ասորեստանում՝ 11-րդ դարում: Բայց այն դեռևս կատարյալ համակարգ չէր. աստղաբաշխ քրմերի ցուցումով արքան երբեմն հրամայում էր լրացուցիչ՝ 13-րդ ամիս մտցնել (որպեսզի հողագործության և կրոնական ծեսերի ժամկետները փոքր-ինչ կայունանան, տեղի ունենան միևնույն ամսին): Զարգացման ավելի բարձր աստիճանում էր մ.թ.ա. 17-րդ դարում Հայկական լեռնաշխարհից Եգիպտոս արշաված հիքսոսների լուսնարեգակնային օրացույցը և ուներ կանոնակարգված շտկումների համակարգ: Չինաստանում այսօրինակ ինքնաշխատ օրացույց ներդրվեց մ.թ.ա. 6-րդ դարում, Հին Հունաստանում՝ 6-5-րդ, Հրեաստանում՝ 4-3-րդ դարերում, Արաբիայում՝ մ.թ. 7-րդ դարում:
Լուսնային օրացույցն այժմ գործում է մահմեդական 40 երկրներում (մոտ մեկ միլիարդ բնակչությամբ), իսկ լուսնարեգակնայինն Իսրայելի պաշտոնական օրացույցն է, մասամբ էլ՝ Իրանի:
Հայերը մինչև մ.թ.ա. 10-րդ դարը նույնպես կիրառել են լուսնային հիմքով այս երկու օրացույցները: Դրա նյութեղեն վկայություններ են բազմաթիվ ժայռապատկերները՝ 14, 27 և 29 գծիկներով, ծիսական խեցանոթների (III հազ.) պատկերները, գոտի-օրացույցները և Վանի թագավորության արքայական վահանների նախշազարդման օրինաչափությունները: Դիցաբանական վկայություններ են հայասական աստվածների թիվը՝ 14 (կես լուսնամիս), Մեծամորի պաշտամունքային 7 սյուները և 7 դիտահարթակները՝ արևը, լուսինն ու անզեն աչքով տեսանելի 5 մոլորակները դիտելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ