07:30 , 9 հունվար, 2015
Զուբայդա Հասանը աֆղանական ընտանիքի սովորական երեխա էր։ 2001 թ.–ին, երբ նա 9 տարեկան էր, կերոսին լցնելիս այն անսպասելի բռնկվում է և այրում երեխայի մարմինը։ Այրվել էր Զուբայդայի մարմնի վերին մասը, հիմնականում գլուխն ու վիզը։ Տեղի բժիշկներն ի վիճակի չեղան օգնել երեխային, և նրա հայրը ստիպված դիմեց այդ պահին Քաբուլում գտնվող ամերիկացի ռազմական բժիշկների օգնությանը։

Շնորհիվ ամերիկացի բժիշկների` աղջնակին ուղարկեցին Կալիֆորնիայի պլաստիկ վիրաբուժության կլինիկա։ Այստեղ նա 12 ծանր վիրահատություն տանելուց հետո միայն կարողացավ մարդկային կերպարանք ստանալ։ Վիրահատություններից հետո աղջնակը մնաց ամերիկյան Կալաբասա քաղաքում, որտեղ 12 շաբաթում սովորեց անգլերեն և կյանքում առաջին անգամ դպրոց գնաց։ Այստեղ էլ աղջնակը վերականգնողական կուրսեր անցավ։

Զուբայդան ընկերացավ իր հասակակիցների հետ, ովքեր ուշադրություն չէին դարձնում նրա սպիներին։ Վերջերս նա հայրենիք էր վերադարձել։ Աղջիկը որոշել է շարունակել ուսումը և երազում է մանկաբույժ դառնալու մասին, որպեսզի բուժի Աֆղանստանի երեխաներին։
