15:38 , 30 դեկտեմբեր, 20141in.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ, որպես կառավարության աշխատանքի բացթողում, հայտարարել է, որ չկարողացան այնպես անել, որպեսզի քաղաքացիները բարեկեցիկ կյանքով ապրեն:
Հովիկ Աբրահամյանի համար նման խոստովանություն անելը հեշտ է, նա ընդամենը 7 ամիս է, ինչ վարչապետ է, և հեշտությամբ կարող է հղում անել նախկին կառավարությանը կամ կառավարություններին, ինչն էլ ըստ էության արել է: Նա ասել է, որ չեն կարող նախկին տարիների խնդիրները միանգամից լուծել և ժամանակ է պետք:
Սակայն բանն այն է, որ Հայաստանի քաղաքացիները արդեն երկու տասնամյակ լսում են գրեթե նույն բանը: Սկզբում հղումներն արվում էին ԽՍՀՄ-ի փլուզմանն ու պատերազմին, հետո հղումներն արվում էին ՀՀՇ-ին, հետո՝ Ռոբերտ Քոչարյանին ու շինարարության փուչիկին, հետո՝ Տիգրան Սարգսյանին: Թող Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը հանգիստ լինեն, կգա ժամանակ, երբ իրենց էլ հղումներ կարվեն անհաջողությունները արդարացնելու համար: Այս բոլոր հղումներում ճշմարտության տարրեր կան, մի մասում՝ շատ, մի մասում՝ քիչ, սակայն այս ամենը հեռու է բուն խնդրից և իրականությունից:
Հայաստանի հասարակությունը ճանապարհում է հերթական տարին և տարեցտարի անընդհատ լսում է նույն բանը և ակնկալում նույն բանը՝ մեկնարկ, խնդիրների լուծման իրական մեկնարկ՝ թեկուզ մեկ իրական և ֆունդամենտալ գործով: Հասարակությունը ոչ մեկից չի պահանջել այսօր կամ վաղը լուծել բոլոր խնդիրները, երբեք: Սակայն հասարակությունը բոլորից պահանջել է լուծման իրական կամքի դրսևորում հե՛նց այսօր, նույնիսկ ո՛չ վաղը: Որովհետև այդ կամք ասածը ըստ էության չի կարող կախված լինել նախկիններից, պատերազմից, շրջափակումից, ՀՀՇ-ից, Քոչարյանից, Սարգսյանից, ֆլան-ֆստանից: Կամք ասածը կա՛մ կա տվյալ գործչի, պաշտոնյայի մեջ, կա՛մ չկա:
Հասարակությունը իրար փոխարինած իշխանությունների մեջ երկու տասնամյակ շարունակ այս կամքն է փնտրել ու չի գտել, չի տեսել, այդ կամքը չկա: Բարեկեցություն հասկացությունը ընդգրկուն հասկացություն է և միայն նյութական մինիմումով չէ, որ պայմանավորված է: Մարդը կարող է սոցիալապես շատ սուղ պայմաններում ապրել, սակայն իրեն բարեկեցիկ զգալ՝ տեսնելով երկրի ընդհանուր մթնոլորտում արդարության, հավասարության, ազատության դրսևորումները, իրեն մարդ զգալով ըստ իրավունքների, ոչ թե ըստ գրպանի պարունակության, վարած մեքենայի, ապրած տան, հագած զգեստի կամ զբաղեցրած պաշտոնի:
Նյութական բարեկեցության ապահովման համար ժամանակ է պետք, սակայն ժամանակ պետք չէ մարդկանց իրավահավասարությամբ, արժանապատվությամբ և արդարադատությամբ ապահովելու համար: Եթե այստեղ էլ մեջտեղ է բերվում ժամանակը, ուրեմն հարցերը լուծելու ցանկություն ունեցող մեկը չկա: Որովհետև լուծել այդ հարցերը նշանակում է վտանգել սեփական բարեկեցությունը, հարազատների, խնամիների բարեկեցությունը: Այդ բարեկեցությունն ունի իր, այսպես ասած, նշաձողերն արդեն, որտեղ մեկ զրո պակասը արդեն անբարեկեցության, «անբարաքյաթության» նշան է:
Որպեսզի հասարակությունը Հայաստանում ապրի բառի բուն իմաստով բարեկեցիկ, Հայաստանը մաս-մաս արած մի քանի ընտանիքներ պետք է զրկվեն իրենց՝ բառի օլիգարխիական իմաստով բարեկեցությունից: Այլ ելք չկա, երկու երնեկ այս դեպքում միասին չի կարող լինել, որովհետև մեկը բխել է մյուսից, մեկը կայացել է մյուսի հաշվին, օլիգարխիական բարեկեցությունը ձևավորվել է հանրային անբարեկեցության հաշվին, և վերականգնել կամ ձևավորել հանրային բարեկեցություն ֆունդամենտալ և խորքային, այսպես ասած՝ ինստիտուցիոնալ երաշխիքներով հնարավոր է միայն օլիգարխիական բարեկեցությանը հասցվելիք «հարվածներով»:
Մնացյալը հեքիաթներ են, որ պատմվում են տարբեր առիթներով հնչող ելույթների տեսքով, և որոնց ոչ միայն մեծերը, փոքրերն էլ արդեն չեն հավատում: