08:52 , 30 դեկտեմբեր, 20141in.am-ը գրում է.

Chaos Computer Club (CCC) ցանցահենային ցանցի անդամ Յան Քրիսլերը պնդում է, որ իրեն հաջողվել է վերստեղծել գերմանացի քաղաքական գործչի մատնահետքերը լուսանկարների օգնությամբ՝ արված մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է BBC-ն:
Քրիսլերը CCC-ի համագումարի ժամանակ հայտարարել է, որ պատճենել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի մատնահետքերը՝ օգտագործելով սովորական լուսանկարչական սարքով արված լուսանկարները:
Նրա խոսքով՝ ինքն օգտագործել է լուսանկարը, որտեղ նախարարի մատը լուսանկարված է խոշոր պլանով, ինչպես նաև տարբեր անկյուններից արված լուսանկարներ:
Քրիսլերը ենթադրել է, որ իր ձեռքբերման մասին իմանալուց հետո քաղաքական գործիչները հանրության առջև ելույթ ունենալիս ձեռնոցներ կկրեն: