Ներկայումս համաշխարհային տնտեսական գործընթացները, զուգորդվելով գլոբալիզացիայի նորանոր երանգավորումների հետ, իրենց հերթին ի հայտ են բերում բոլորվին նոր աշխարհաքաղաքական իրավիճակներ: Ըստ էության, Արևմուտքի և Ռուսաստանի միջև տնտեսական պատերազմն արդեն իսկ անկասելի իրողություն է, որը դրսևորում է խորացման միտումներ: Եվ ահա այս իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականի նորամուտն ազդարարելու է` անցում կատարելով բոլոովին նոր պատմական ժամանակահատված: Բանն այն է, որ, դառնալով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, որտեղ վճռորոշ դերակատարությունը, անկասկած, պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, Հայաստանը ևս կամա թե ակամա ներքաշվելու է այդ խորը հակամարտության մեջ:
Ինչպես պատմական փորձն է վկայում, որպես կանոն, պատերազմներից տուժում են հակամարտող բոլոր կողմերը, իսկ տնտեսական պատերազմները, որպես կանոն, իրենց բնույթով ունենում են առավել տևական բնույթ, քան զինված հակամարտությունները ու պահանջում են ոչ պակաս ռեսուրս ապահովվածություն: