Երեք շաբաթ Հայաստանում


15:42 , 9 հունվար, 2012

Սկզբում ինչ-որ տարօրինակ զգացողություն ունեի: Դժվար է նկարագրել, թե դա ինչ էր: Հաստատ կարոտ չէր, ոչ էլ զզվանք: Ուղղակի ոնց որ հանդիսատես լինեի, ոչ թե մասնակից: Բաներ կային, որոնց հետ էի սովորել: Օրինակ, մատուցողուհիների կամ խանութների վաճառողների մուննաթոտ դեմքերին, ոչ ուղիղ գծով հերթերին, ծխախոտի ծխին, հետիոտնի վրա բարձրացող մեքենաներին: Ու երբ ընկերներս աչքով-ունքով անելով Հոլանդիայի «ծխերից» էին հարցնում, հազիվ էի կարողանում բացատրել, որ մարիխուանան թույլատրվում է միայն հատուկ վայրերում, իսկ սովորական ծխախոտը հասարակական վայրերում ընդհանրապես արգելված է: 

Թվում էր, թե Խրոնինգենը մի մեծ ու սիրուն երազ էր, որն ինձնից գողացել էին, ինձ փակել Հայաստանում: Մի քանի օր պետք եղավ, որպեսզի հասկանամ, որ ժամանակավոր եմ Հայաստանում, որ գնալուս օրը, այնուամենայնիվ, գալու է: 

Ընթացքում հասցրի տեսնել մարդկանց, որոնց ուզում էի տեսնել: Տեսա նաև նրանց, ում առանձնապես չէի ուզում տեսնել: Ու, ցավոք, չտեսա շատ մարդկանց, որոնց շատ-շատ էի ուզում տեսնել: Չգիտեմ` Նոր տարի՞ն էր մեղավոր, ժամանակի սղությու՞նը, թե՞ պարզ ամաչկոտությունս: Իսկ ում էլ տեսա, բան չհասկացա:

Ընկերներիցս շատերն արդեն ուրիշ կյանքով էին ապրում, որտեղ վաղուց արդեն ես չկայի, հետևաբար ստիպված էի լուռ լսել խոսակցություններ, որոնցից ոչինչ չէի հասկանում կամ սպասել, թե երբ ժամանակ կգտնեն ինձ համար: Այնուամենայնիվ, իմ նոր կյանքում էլ նրանք չկան, ու սուտ չեն խոսքերս, երբ ասում եմ, որ Հայաստանը չեմ կարոտում: Կարոտում եմ միայն առանձին մարդկանց, այն էլ երբեմն: Կարոտում եմ առանձին վիճակներ, որոնք նույնիսկ Հայաստանում լինելիս վերադարձնել հնարավոր չէ (օրինակ, Ամերիկյան համալսարանում պարապելը կամ ֆրանսերենի դասերը):

Երեքուկես ամսում Հայաստանը հեչ չէր փոխվել, ավելի շատ երևի ես էի փոխվել, որ ոչ մի կերպ չէի մարսում այն իրականությունը, որտեղ կյանքիս մեծ մասն էի ապրել: Ասենք, էն ժամանակ էլ չէի մարսում:

Միակ բանը, որ դուրս եկավ, տոնական զարդարանքն էր: Չգիտեմ` իսկապե՞ս նախորդ տարիներից սիրուն էր, բայց Ծննդյան տոները մատների արանքով տոնող Նիդեռլանդներից հետո աչքս չէի կտրում փողոցի լույսերից, սառցե արձաններից, խանութների զարդարված ցուցափեղկերից ու լիքը-լիքը տոնածառներից: 

Գնալիս էլ մի ուրիշ տարօրինակ զգացողություն ունեցա. ո՞նց, էլ իմ սենյակում չե՞մ քնելու, ընտանիքիցս ու ընկերներիցս հեռու՞ եմ լինելու: Ուղղակի հավատս չէր գալիս կամ էլ պատրաստ չէի, որովհետև երբ հասա Խրոնինգեն ու այս տարի առաջին անգամ գնացի սուպերմարկետ, հին կյանքս նորից իր սովորական հունի մեջ մտավ: