03:55 , 23 դեկտեմբեր, 2014
Կնոջ դերը Ավետարանում (հպանցիկ ծանոթացում, աշխատանքն ավարտելուց հետո կտեղադրեմ իմ էջին ավետարանական հղումներով)
1. Քրիստոս կնոջ դերը բարձրացրեց՝ դեմ գնալով տիրող կրոնական, սոցիալական ու մշակութային կյանքին: Ըստ Հրեաների` կինն իրավունք չուներ Ռաբիի հետ պտտվեր ու նրա հետ խոսեր: Իսկ Քրիստոս խոսում էր ու հարկ եղած դեպքում հանդես էր գալիս որպես նրանց պաշտպան: Կինն իրավունք ունի քարոզելու Ավետարան, քանի որ կանայք առաջին էին, ովքեր Քրիստոսի Հարության լուրը ստացան ու նրանց հնարավորություն տրվեց քարոզելու այդ մասին: Քրիստոսի աշակերտները նրանք են, ովքեր կատարում են Իր կամքը: Թեև նա միայն տղամարդկանց է ուղարկում քարոզելու, սակայն ոչ մի արգելք չկա նրա կողմից, որ կինն իրավունք չունի լինելու իր Ավետարանի քարոզիչ:
2. Պողոսը հիշում է մի շարք կանանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել Ավետարանի տարածման գործում: Հետո Պողոսի համար, ով հավատում է և մկրտվում է Քրիստոսով, այլևս չկա, ոչ արու, ոչ էգ և այլն: Իհարկե, մի շարք համարներ կան, որոնք Պողոսին կնատյաց համբավ են շնորհում, սակայն մի շարք նշանավոր մեկնաբաներ և հեղինակներ կարծում են, որ դրանք պարզապես խմբագիրն է ավելացրել կամ էլ իր աշակերտները: Ինչպե՞ս կարող է Պողոսը, ով խոսում է կնոջ հետ համագործակցության մասին, հանկարծ ասի, որ կինն իրավունք չունի քարոզելու և այլն: Մեկնաբանների մի հատված էլ այն կարծիքին են, որ Պողոսի հրահանգներն ուղղակի տվյալ համայնքին են ուղղված եղել, այսինքն այսօր դրանք մեզ համար ոչ մի նշանակություն չունեն: Այս նույնը Պողոսը հաստատում է, թէ ինչպես են կանայք աղոթում և մարգարեություն անում հավաքի ժամանակ, ինչպե՞ս կարող է հանկարծ արգելել կնոջը հավիտյան չխոսել եկեղեցում, չեմ կարծում՝ Պողոսն ընդունակ էր ինքն իրեն հակասել:
Ըստ իս՝ կինը որպես Քահանա, ինչու չէ նաև Եպս, ահռելի փոփոխություն կբերի եկեղեցում ու վերջապես, ի՞նչ իրավունք ունենք արգելել կնոջ ձեռնադրությունը, երբ Քրիստոս մահացել ու հարություն է առել նաև Կանանց համար, որ նրանք նույնպես հավասար են Աստծու առջև: Ահա մի հզոր թեմա, որ խորհրդածելու ու վիճաբանության նյութ է: