Փաստեր Մոնթեի մասին, որոնք քչերը գիտեն


21:00 , 20 դեկտեմբեր, 2014

Վայսեյլիայի իր առանձնատան պարտեզում մինչև հիմա պահպանվում է այն «գերեզմանոցը», որտեղ Մոնթեն թաղել է իր սիրելի կենդանիներին: Փոքրուց Մոնթեն արդեն գիտեր, թե զենքը ձեռքին ո՞ւր պիտի գնա, բայց թե որտեղի՞ց է գալիս, չգիտեր։ Որպեսզի իմանա, Ճապոնիայում մի ամբողջ տարի մարտարվեստ ուսումնասիրեց, ավարտեց Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը, եղավ աշխարհի 64 երկրում, տիրապետեց յոթ լեզուների, որոնց թվում՝ ճապոներենին, ուրարտական արքայական ժայռափոր դամբարանների մասին ավարտաճառը, որ ուղարկել էր Օքսֆորդի համալսարան, ընդունվեց որպես գիտությունների դոկտորի աստիճանի հայց, բայց չներկայացավ պաշտպանությանը։ Զինվորները տեսնում էին, արդեն համոզվել էին, որ նա, չնայած ամբողջ Մարտունիի պաշտպանական շրջանի գլխավոր հրամանատարն է, չափազանց խնայասեր է, երբ գետնին՝ հողերի, փոշու մեջ փամփուշտ է նկատում, վերցնում է, սրբում, դնում գրպանը, բայց թե ինչո՞ւ՝ պատճառը չէին իմանում: Վերջին անգամ, երբ Մոնթեն ազատվեց ֆրանսիական բանտից, արտաքսեցին Եմեն։ Այնտեղ նրան հասավ, միացավ առաջին ու վերջին սերը՝ Սեդան։ Ոչ աշխատանք ունեին, ոչ խնայողություն՝ սպասում էին, որ ծանոթ-բարեկամները՝ ավելի ճիշտ համախոհներն իրենց հիշեն, դրամ ուղարկեն։ Ու քանի որ այնքան էլ հաճախ չէին հիշում, երկուսով շիշ էին հավաքում, հանձնում, որ ստացած գումարով ամենաէժան մակարոնը գնեն, իրենք իրենց համար չափաբաժին սահմանեն, քիչ-քիչ ուտեն։ Մի անգամ, մինչև երկու-երեք շիշ գտան, հանձնման բաժին հասան, փակվեց։ Առանց ընթրելու անկողին մտան։ Իրար չէին խոստովանում, բայց երկուսի քունն էլ չէր տանում։ Այդ սոված գիշերը, սակայն, ամենահրաշալին դարձավ իրենց համատեղ կյանքում, որովհետև Մոնթեն անսպասելի անկեղծացավ։ Պատմեց, որ Պուասիի բանտում սովորություն է ունեցել Սեդայի ուղարկած քարտեզով շրջագայել Արևմտահայաստանում։ Նա մեն-մենակ մագլցել է բոլոր լեռնագագաթները, բայց ամենից շատ սիրել է Հայկական պարի պիրկ ելևէջները, ավելի ճիշտ՝ 2247 մետր բարձրության վրա գտնվող Գայլատու՝ փոքրիկ, ձկնառատ լիճը։ Ու ուխտել է Արևմտահայաստանն ազատագրելուն պես Սեդայի հետ Գայլատու լճի ափին հաստատվել, առանձնատուն կառուցել ու երեխաներ ունենալ։ Հայրենիք վերադառնալուց հետո Մոնթեն կռվել էր Իջևանում, Ճամբարակում, Էրքեջում, Բուզլուխում, Մանաշիդում, Կարաչինարում, Մարտակերտում, Քարվաճառում, Աղդամում, չէր վիրավորվել։ Մարտունիում, միայն մի ճակատամարտում, գնդակն արյունոտել, ավելի ճիշտ` քերծել էր ճակատը։ Երբ ընկերները զարմացան, թե ինչպես է այդքան էժան պրծել, լուրջ-լուրջ պատասխանեց. – Ճակատս անանկ պինդ է, որ գնդակը չմտավ, դիպավ, ետ թռավ։ Մարտունու շրջանի պաշտպանության հրամանատարությունն ստանձնելուց հետո, սակայն, որտեղ մինչ այդ երբեք չէր եղել, որի բնակիչների լեզուն սկզբում այնքան էլ լավ չէր հասկացել, նա այնպիսի պատասխանատվությամբ համակվեց, որ իր մեջ գիտական բոլոր հակումներն ու նախասիրությունները մոռացության մատնելու ուժ ունեցավ, և երբ զոհվեց, նրա մոտ միայն մի՝ ռազմարվեստի դասական Սուն-Ցուի «Պատերազմելու արվեստը» գիրքը գտան։