Ինչ հեռանկար է սպասվում, երբ ծառայողը դառնում է տեր, իսկ տերը՝ ծառա


18:03 , 19 դեկտեմբեր, 2014

Ներկայիս հասարակական հարաբերություններում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ, որի արդյունքում հասարակությունը դեգրադացվել է: Քաղաքացին դարձել է ծառա, ստրուկ, իսկ պետական ծառայողը դարձել է չինովնիկ և իրեն պահում է տիրոջ նման: 
Չինովնիկը նույն պետական ծառայողն է, որը, դառնալով տեր, փորձում է իրեն ենթարկել օրենքն ու թելադրում է իր կամքը: Քաղաքացին թուլացրել է իր դիրքերը և իրականության մեջ հանդես է գալիս լավագույն դեպքում որպես դիտորդ՝ հաճախ դառնալով զոհ: 
«Մինիստր»-ը լատինական բառ է և նշանակում է ծառայող, կառավարող: Կառավարել նշանակում է առաջընթացի ուղղություն ցույց տալ և պատասխանատվություն վերցնել: Մեզանում թե չինովնիկը, թե քաղաքացին խուսափում են ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն վերցնել: Սա չարիք է, որի արմատը գտնվում է մեր ինքնագիտակցության խորքերում: 
Ժամանակն է դուրս գալ հիվանդագին բնույթ կրող քննադատությունների կործանարար ճանապարհից և ազատվել ինքնարդարացման երեխայական բարդույթներից: Ժամանակն է հասկանալ երևույթների իմաստն ու խորությունը և պատասխանատվություն ստանձնել: