11:43 , 27 սեպտեմբեր, 2012Էս օրերին, երբ փորձում էի նախորդ կես տարվա կյանքս տեղափոխել դեպի հաջորդ կես տարի, ահագին փիլիսոփայեցի ու մտածեցի լիքը կարևոր բաների մասին՝ ընդհուպ մինչև կյանքի իմաստը: Պիտի կարողանայի հաջորդ կես տարվա կյանքս տեղավորել մի մեծ ճամպրուկում ու մի ուսապարկում: Ու պիտի էնպես անեի, որ թույլատրված քաշի սահմանները չանցնեի:
Էդպես սկսվեց զտման առաջին փուլը: Անմիջապես աղբամանում հայտնվեցին այն իրերը, որոնք ինձ երբևէ պետք չեն գալու: Պիտի խոստովանեմ, որ դրանք բավական քիչ էին, որովհետև մենք սովորություն ունենք ամեն ինչ պահելու՝ մտածելով, որ մի օր պետք կգա: Էդ մի օրը գուցե երբեք չլինի, բայց ավելորդ ծանրությունը կմնա ու կմնա:
Հետո անցա այն իրերին, որոնք հաջորդ կես տարվա ընթացքում պետք չեն գալու: Սա արդեն մի առանձին ճամպրուկ էր, որը գնալու է Երևան: Իհարկե, ամառային հագուստը ձմռանը, այն էլ Ֆինլանդիայում հաստատ պետք չի գա: Ոչ էլ գրքերը, որոնք արդեն կարդացել եմ կամ դիսկերը, որոնք արդեն կոմպիս մեջ գրել եմ: Տեսականորեն հնարավոր է, որ դրանք էլ այլևս երբեք չգործածվեն, եթե, իհարկե, ընթերցող կամ երաժշտասեր չհայտնվի: Բայց արի ու տես, որ մենք սիրում ու փայփայում ենք մեր գրա- և ձայնադարանները: Խնամքով վերցնում ենք փոշիները, մինչդեռ դրանց պարունակության մեծ մասն այդպես էլ այլևս երբեք չենք գործածում:
Այնուհետև հերթն այն իրերինն էր, որոնք հնարավոր էր, որ գործածեի: Սկզբում դրանք դրեցի ճամպրուկիս մեջ, բայց երբ տեսա, որ այլևս տեղ չի մնում, հանեցի ու առանց խղճի խայթի լցրեցի աղբամանը: Դրանք հիմնականում սիրելի առարկաների ուսումնական նյութերն էին, որովհետև ոչ սիրելիներից վաղուց արդեն ազատվել էի՝ դրանք ջանասիրաբար ճղելով ու ճմրթելով:
Երևանում մի հսկայական դարակ ունեմ, որը լցված է դեռ ԵՊԲՀ-ում սովորելուս ուսումնական նյութերով: Նստեցի ու փորձեցի հիշել, թե քանի անգամ է պատահել, որ նախորդ տարվա տետրերս բացեմ: Հազվադեպ: Այն էլ միայն շատ կոնկրետ առարկաների դեպքում: Ինչու՞ էի մյուսները պահում: Ինչու՞ պահեմ սրանք, որ գիտեմ՝ չեմ բացելու: Ու հատկապես ինչու՞ պահեմ, երբ դրանց մեծ մասն էլեկտրոնային տարբերակով ունեմ, ու բնավ ծանր չէ հետս Ֆինլանդիա հասցնելը:
Ճամպրուկն էլի լցվել էր: Էդ ժամանակ սկսեցի հրաժարվել այն իրերից, առանց որոնց կարող եմ ապրել: Ձեռքս դրեցի սրտիս ու խոստովանեցի, որ հետս վերցրած հագուստի մի մասը չեմ էլ հագնելու: Դրանք դուրս բերեցի ճամպրուկից: Որոշեցի նաև ջազվե չվերցնել. վեց ամիս էլ առանց սև սուրճի կապրեմ: Հրաժարվեցի նաև բաժակներից. երկու օր յոլա կգնամ, մինչև խանութից առնեմ: Վերջում հովանոցիցս էլ հրաժարվեցի: Անկեղծ լինենք. ես անձրևասեր եմ ու հովանոց գրեթե չեմ օգտագործում: Էլ չեմ ասում, որ էսպես թե էնպես շուտով անձրևի մասին խոսք էլ չի լինի. Յոենսուում արդեն զրոյից ցածր է:
Ու երբ վերջապես հաջորդ վեց ամսվա կյանքս տեղավորեցի մի ճամպրուկի մեջ՝ առանց բաց թողնելու այն իրերը, առանց որոնց ապրել չեմ կարող, հասկացա, որ մենք մեզ շատ ենք շրջապատում անպետք առարկաներով: Սարսափեցի, երբ հաշվեցի, թե քանի տոպրակ աղբ եմ թափել էս օրերին ու դեռ թափելու եմ, որոնք ոչ միայն անպետք իրեր են ընդգրկում, այլև իրեր, որոնք պետք են, բայց Ֆինլանդիայում նորն եմ գնելու, որովհետև տեղ չունեմ դրանք տեղափոխելու համար: Մտածեցի՝ ինչքան աղբ ենք մենք բոլորս արտադրում առանց գիտակցելու: Մտածեցի՝ ինչքան աղբով ենք մեզ շրջապատում: Մտածեցի՝ ինչ աստիճանի հակաբնապահպանական ծրագրում եմ սովորում, որ ամեն վեց ամիսը մեկ էսքան աղբ եմ թափում:
Ամենասարսափելին այն է, որ մեր խմբում ես հայտնի եմ որպես քիչ իրեր ունեցող: