Ֆորմուլա 1-ի պիլոտների շուկան. վերլուծություն


09:36 , 27 սեպտեմբեր, 2012

Եվ այսպես: Ետեւում մնացին արքայական ավտոսպորտի եվրսպական ետապները, իսկ Սինգապուրի գիշերային գրան պրին սկիզբ դրեց Ֆորմուլա 1-ի, վերջին տարիներին ավանդական դարձած, ասիական տուրնեյին: Սովորաբար` մրցաշրջանի հենց այս հատվածում են եռում այս կամ այն պիլոտի այս կամ այն թիմ տեղափոխվելու մասին խոսակցությունները եւ ընթացիկ մրցաշրջանը բացառություն չէ: Ավելին, ինչպես եւ շատ հաճախ նախորդ տարիներին, այս անգամ եւս Ֆ1-ի տրանսֆերները եւ պայմանագրերի սրոտագրումները կենտրանացած են մեկ անձի շուրջ: 2007-2009 ընկած ժամանակահատվածում այդ կարեւորագույն անձը Ֆերնանդո Ալոնսոն էր` նախ Մակլառենից Ռենո վերադառնալիս, իսկ այնուհետեւ երկար սպասված եւ ի վերջո կայացած` Ֆեռռարի տեղափոխությունով: Այս անգամ դա Ալոնսոյի վաղեմի ընկեր Լյուիս Հեմիլթոնն է: Եվ իրոք, ինչպես եւ մի քանի տարի առաջ, Ֆեռնանդո Ալոնսոյով էր պայմանավորված մի շարք պիլոտների աշխատավայրերը փոխելու շխթայական ռեակցիան (Օրինակ` Բատտոնի` ՄակԼառեն, Կուբիցայի` Ռենո տեղափոխությունները, ինչպես նաեւ Ռայկկոնենի ժամանակավորապես Ռալլի հեռանալը եւ Միխաել Շումախեռի վերադարձը): Սակայն ի տարբերություն վերը նշված 2010-ի, այս անգամ Լյուիսի այս կամ այն թիմ տեղափոխվելը թոփ-թիմերում չափազանց լուրջ փոփոխությունները չի խոստանում, բացառությամբ մեկի, որի մասին կխոսեմ քիչ ավելլի ուշ: Եվ այսպես սկսենք հենց Հեմիլթոնի թիմից...

ՄակԼառեն: Թիմը հրաշալի սկսեց մրցաշրջանը, սակայն այնուհետեւ որոշակի թուլացրեց պտույտները: Սակայն վերջին գրան պրիներին թիմը կրկին, ինչպես եւ մրցաշրջանի սկզբում ուժեղագույնն է, ինչի վառ ապացույցը վերջին 4 գրան պրիներում 4 անընդմեջ Փոլ Փոզիշններն են: Վերջին անգամ թիմը նման հաջողության հասել էր 1999-ին` Կուլթհարդ-Հակկինեն զույգի օրոք: Դրանից հետո, ոչ Մոնթոյա-Ռայկկոնեն եւ անգամ ոչ էլ Ալոնսո-Հեմիլթոն տանդեմներին չի հաջողվել նման գերակշիռ առավելություն ունենալ: Փոխարենը` եթե 99-ին Միկան եւ Դեյվիդը անդադար սխալենրի պատճառով չկարողացան 4 անգամ անընդմեջ հաղթել, ապա այժմ` Լյուիսին եւ Ջենսոնին դա գրեթե հաջողվեց: Ցավալին այն է, որ հենց գրեթե, քանի որ Սինգապուրում Լյուիսի ձախողումը` այն է, փոխանցումատուփի խափանումը, շատ լուրջ հարված հասցրեց բրիտանացու`առաջնությունում Ֆեռնանդո Ալոնսոյին հասնելու եւ չեմպիոնության համար պայքարելու հնարավորություններին: Սակայն որքան էլ զարմանալի է, այդ ձախողումից հետո Լյուիսը շատ չտխրեց, ինչը շատերի մոտ կարծիք առաջացրեց, որ 2008 թվականի չեմպիոնը որոշել է մնալ ՄակԼառենում: Նման որոշման դրական կողմը միայն այն չէ, որ ՄակԼառենն այժմ շատ ավելի ուժեղ է քան Մերսեդեսը: ՄակԼառենում հայտնվելու առաջին օրվանից ի վեր (իսկ, դա տեղի է ունեցել, երբ Հեմիլթոնը դեռ դեռահաս էր), Լյուիսը իրեն շատ հաճախ պահել է քմահաճ մանուկի պես: Վերցնենք թեկուզ մեկնարկային մրցաշրջանի Հունգարիայի գրան պրիում թիմային ռադիոյով իրեն աստղ դարձրած Ռոն Դեննիսին հայհոյելը, կամ մի քանի շաբաթ առաջ Բելգիայի գրան պրիի որակավորման մրցումներից հետո իր շրջանի, խիստ գաղտնի տելեմետրիան Թվիթթեր տեղադրելը:  ՄակԼառենը Հեմիլտոնի տունն է, այստեղ է նա մեծացել եւ հասկանալի է թե ինչու են Դեննիսն եւ Ուիթմարշը նրան ներում եւ շարունակ հանդուրժեն նրա նման մանկապարտեզային պահվածքը: Սակայն Մերսեդեսի պես կորպորատիվ կառույցում, Լյուիսի նման վարքը ոչ միայն չի հանդուրժվի, այլ նաեւ կմեծանա ֆերնանդո Ալոնսոյի եւ ՄակԼառենի պատմության կրկնվելու հավանականությունը, երբ իսպանացին ինչպես եւ Լյուիսը, եկել էր մի տեղից որտեղ նրան ամեն ինչ թույլատրված էր, մաեստրո Բրիատորեի կողմից: Իսկ մի շարք ֆինանսական խմդիրները, որոնց մեջ են նաեւ Լյուիսի ավելի բարձր աշխատավարձի պահանջները, իր գլխավոր մենեջեր Սայմոն Ֆուլլերի սեփական հովանավորների թույլտվությունը պահանջելով հանդերձ, անկասկած կլուծվեն, քանի որ Լյուիսը եւ ՄակԼառենի միմյանց հետ բազմիցս են լեզու գտել: Վերջում ավելացնեմ նաեւ այն, որ Հեմիլտոնի այլ թիմ հեռանալեւ ցանկությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ նա 2014-ի նոր կանոնակարգի ժամանակ գործարանային թիմերը կարող են լուրջ առավելություն ստանալ մասնավորների նկատմամբ, ինչը հեռու է փաստ կոչվելուց: Ինչ վերաբերում է Լյուիսի թիմակից Բատտոնին, ապա նա դեռ նախորդ տարվա իր ելույթներով կարողացավ թիմից 3 տարվա պայմանագիր կորզել եւ կմնա այնտեղ դեռ առնվազն 2 տարի, առավելեւս որ թիմը կձգտի իր մոտ պահել, մասնագետներից շատերի կարծիքով ներկայիս ուժեղագույն` Բատտոն-Հեմիլտոն զույգին: 

Մերսեդես: Եթե Լյուիսն այնուամենայնիվ գա Մերսեդես, ապա դա ավտոման կնշանակի Միխաել Շումախեռի 2-րդ կարյեռայի ավարտը: Հենց սա է 2-րդ հնարավոր լուրջ փոփոխությունը, որի մասին նշեցի վերեւում: Ֆ1-ի լեգենդի վերադարձի ճիշտ կամ սխալ լինելու մասին կարելի է անվերջ վիճել: Վերադարձի սկզբում բոլորը խոսում էին նրա խայտառակ լինելու մասին, իսկ նախորդ մրցաշրջանի կեսից, մասնավորապես կանադական տպավորիչ գրան պրիից հետո, այդ քննադատողների խոսքերը մի փոքր մեղմացան: Բայց փաստը փաստ է, որ Մերսեդեսը այդպես էլ չկարողացավ ամպրապնդվել` թոփ թիմերի ճամբարում եւ մյուս մրցաշրջանում դա եւս դժվար թե տեղի ունենա: Սակայն եթե Միխաելն այնուամենայնից հեռանա, դա ամենեւին էլ չի նշանակի, որ Ռոսբերգի թիմակիցը հենց Հեմիլթոնը կդառնա: Մերսեդեսը վաղուց արդեն աջակցում է Փոլ Դի Ռեստային, իսկ Սինգապուրի գրան պրիում շոտլանդացու վստահ ելույթը էլ ավելի մեծացրեց նրա շանսերը: Ռոսբերգը վաղուց արդեն երկարաձգել է թիմի հետ պայմանագիրը եւ դեռ կշարունակի մնալ Մերս-ում, չնայած որ այստեղ նա առայժմ չի կարողանում > մասնագետների աչքերին, քանի որ շատերը` նրա Միխաել Շումախեռին գերազանցելը բացարտում են ոչ թե Նիկոյի արագությամբ, այլ Շումախեռի արագության կորստով:

Ֆեռռարի: Ֆեռնանդո Ալոնսոն մոտ է հերոսաբար ջանքերով Ֆեռռարիին տիտղոս պարգեւելուն եւ նրա թիմում մնալը կասկած չի հարուցում, իսկ ահա Մասսան արդեն որերորդ անընդմեջ տարին խորը քննադատության թիրախ է եւ որքան էլ դա տարօրինակ է, բայց ամեն ինչ գնում է նրան, որ բռազիլացին Սկուդերիայում իր 7-րդ անընդմեջ մրցաշրջանը կսկսի, քանի որ Լուկա դի Մոնդեձեմոլոն կտրականապես հրաժարվում է թիմ վերցնել Սերխիո Պերեսին, այնինչ դա կօգներ նաեւ Մասսային, ով նոր թիմում կարող էր նոր շունչ ստանալ, ինչպես դա ժամանակին տեղի ունեցավ ՄակԼառենից Ռեդ Բուլլ տեղափոխվախ Դեյվիդ Կուլթհարդի հետ:

Ռեդ Բուլլ: Սեբաստյան Ֆետտելը դեռ չի պատրաստվում տեղափոխվել Ֆեռռարի, իսկ Մարկ ՈՒեբբերը մերջեց իտալական թիմի առաջարկը, նախընտրելով մնալ իր կարյեռայի 10 տարիներից 7-ը անցկացրած թիմում: Այս տարվա 2 լեգենդար` Մոնակոյի եւ Մեծ Բրիտանիայի գրան պրիներում տարած հաղթանակները էլ ավելի բարձրացրին ավստրալացու, պադդոկում ունեցած բարձր հեղինակությունը եւ նա լավ հասկանալով որ անցկացնում է իր կարյեռայի վերջին տարիները, նախընտրեց իր հավանաբար վերջին մրցաշրջանն անցկացնել, ինչպես քիչ առաջնշեցինք հարազատ թիմում:

Լոթուս: Կիմի Ռայկկոնենն իր հիանալի վերադարձով ապացուցեց, որ անկախ հարբեցողի իր ոչ բարի համբավից, արագ ընթանալու իր տաղանդը ոչ մի տեղ չի կորել, իսկ Ռոման Գրոժանը իր մի քանի տպավորիչ ելույթներով, գլխավորապես Վալենսիայում ապացուցեց, որ արժանի էր Ֆ1 վերադառնալու 2-րդ շանսին: Միակ խնդիրը ֆրանկոշվեյցարացու չափից ավելի հաճախ վթարվելն է: Այս տարի Ավստրալիայում, Մալայզիայում, Մոնակոյում, Գերմանիայում եւ Բելգիայում Ռոմանը հենց մրցարշավի առաջին մետրերին չկարողացավ մրցակիցների հետ ճանապարհը կիսել: Հատկապես վտանգավոր էր Սպայի մեկնարկային վթարը եւ Գրոժանի անուշադրության պատճառով Ալոնսոն քիչ էր մնում այն աշխարհ գնար: Բայց հաշվի առնելով, որ նա թիմի ղեկավարության հովանու ներքո եկել Լոթուս, նա պետք է որ մնա թիմում:

Զաուբեր: Շվեյցարական թիմի կազմն իմ կարծիքով ամենախարիզմատիկն է: Տաքարյում սամուրայ Կամուի Կոբայաշին եւ ապագայի աստղ Սերխիո Պերեսը դարձան Պետեր Զաուբերի թագավորական ավտոսպորտին տված հերթական տաղանդները: Շվեյցարակն թիմի այս տարվա մեքենան Զաուբերի պատմության մեջ ամենահաջողն է եւ եթե պիլոտները մի փոքր ավելի փորձառու եւ սառնասիրտ լինեյին, ապա Զաուբերը հիմա կպայքարեր ոչ թե Ֆորս Ինդիայի եւ Ուիլյամսի հետ, այլ Լոտուսի, ՄակԼառենի եւ Ֆեռռարիի հետ: Խոսակցություններ կան, որ Կամուի Կոբայաշիին իր կամիկաձէության համար կարող են փոխարինել Շարլ Պիկով կամ Հեյկի Կովալայնենով, իսկ եթե Սերխիո Պերեսը մինչեւ մրցաշրջանի ավարտը չկարողացավ Լուկա Դի Մոնդեձեմոլոյին ապացուցի, որ բավական հասուն է Ֆեռռարի վարելու համար, ապա նա կմնա Զաուբերում: Կա եւս մեկ վարկած, Ռոն Դենիսը կարող է պատժել Ֆեռռարիին, պայմանագիր առաջարկելով Պերեսին, իհարկե եթե Լյուիս Հեմիլթոնը հեռանա...

Ուիլյամս: Առաջնության ամենատիտղոսակիր թիմերից մեկն այս տարի Սեր Ֆրենկ ՈՒիլյամսի ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ`պատահաբար հենց հոբելյանի օրը տարավ երկար ընդմիջումից հետո իր առաջին հաղթանակը: Պաստոր Մալդոնադոն արդեն հասցրել է այնքան շատ տուգանք ստանալ, որ պելետոնի կեսի համար մի քանի մրցաշրջան կբավականացնի, սակայն նրա կատաղի արագությունը ամեն անգամ փոխհատուցում է իր տաքարյունության պատճառով զանազան վթարներին մասնակցելու հանգամանքը: Հավանաբար Պաստորը կմնա թիմում, առավլեւս իր հզոր ֆինանսական աջակցությամբ: Թիմի մյուս պիլոտ Բռունո Սեննան դժվարին պահերին չի կորցրել հույժ կարեւոր միավորրներ վաստակելու հնարավորությունը եւ ժամանակ առ ժամանակ, ինչպես օրինակ Սինգապուրում Ֆելիպե Մասսայի դեմ պայքարում, ապացուցել որ նրա ազգանունը պատահական չէ: Սակայն թիմը առաջ է տանում իր սան Վալտերի Բոտտասին, ով շատ մոտ է գրան պրիում մեկնարկին եւ մյուս տարի կարող է դառնալ Մալդոյի թիմակիցը:

Ֆորս Ինդիա: Փոլ Դի Ռեստա եւ Նիկո Հյուլկենբերգ: Եվս մեկ երիտասարդ եւ անչափ տաղանդավոր զույգ: Թիմի ղեկավոր ՎիՋեյ Մալյան նշել է, որ դեմ չէր լինի թիմի կազմը պահպանելուն, սակայն իր տաղանդավոր տղաների ետեւից այնպիսի մեծ որս է սկսվել, որ դրա հավանականությունը առավելագույնս 50:50 է: Մասնագետները Փոլ Դի Ռեստային ուղարկում են ՄակԼառեն կամ Մերսեդես, իսկ Հալկին անգամ Ֆեռռարի: Ամեն դեպքում եթե երիտասարդ տաղանդներից մեկը հեռանա, թիմը ունի Ֆեռռարիի սան Ժուլ Բյանկիին, ում նորամուտը ձեռնտու է առաջին հերթին հենց Սկուդերիային, քանի որ դա քչ միայն հնարավորություն կտար կարեւորագույն մրցարշավային փորձ ձեռք բերել, այլ նաեւ պիլոտի տաղանդը հենց գրան պրիի պայմաններում գնահատելու համար:

Տորրո Ռոսսո: Դոկտոր Հելմուտ Մարկոն աստիճանաբար հասկանում է, որ 2-րդ Ֆետտելին նա դեռ երկար պետք է փնտրի, քանի որ 2008թ.-ից հետո արհեստականորեն թուլացված մեքենայի ղեկը ստանձնած Ջան Էրիկ Վերնը եւ Դանիել Րիկկիարդոն, մեղմ ասած` Խայմե Ալգերսուարիից եւ Սեբսատյան Բուեմիից լավ չեն ելույթ ունենում: Թիմի կազմը հավանաբար անփոփոխ կմնա, քանի որ Ռեդ Բուլլն առայժմ նոր սան չունի, իսկ եթե Մարկոն որոշի հեռացնել պիլոտներից մեկին, ապա միակ որոշումը կլինի Ռեդ Բուլլի 3-րդ պիլոտ Սեբաստյան Բուեմիին վերադարձնելը: Եվս մեկ որոշումը կարող է լինել թիմը վերջնականապես վաճառելը:

Կեյտրեմ: Թույլերից ուժեղագույնը: Այսպես կարելի է բնորոշել Տոնի Ֆերնանդեսի ձիանոցը: Հեյկկի Կովակայնենը կարողացավ անել այն ինչ շատերին չէր հաջողվել` այն է հաղթել որակավորման վարպետ` Յառնո Տռուլլիին: Այս տարի նա նույն հաջողությամբ հաղթում է Վիտալիյ Պետրովին, սակայն մրցարշավներում պիլոտների ուժերը գրեթե հավասար են: Իր վստահ ելույթներից հետո Հեյկկին կարող է ուժեղ թիմում 2-րդ շանս ստանալ, իսկ Պետրովի համար հաջողություն կլինի առաջնությունում մնալը:

Մորուսիա: Ռուսական թիմը մի քանի օր առաջ Տիմո Գլոկի ջանքերով նվաճեց իր պատմության լավագույն արդյունքը, ինչի շնորհից կարող է այս մրցաշրջանն ավարտել Կեյտրեմի առջեւում: Փորձառու Գլոկը շարունակում է իր կարհեռան խորտակել եւ դեռեւս մնում է թիմում, իսկ եթե խոստումնալից Պիկը հեռանա, ապա Մորուսիան միշտ էլ կարող է կանչել ԳՊ2-ի հերթական չեմպիոն դարձած Դավիդե Վալսեկիին:

ՀՐԹ: Մեր օրերի հերոս Պեդրո Դե Լա Ռոսան լավ օրինակ է ծառայում երիատասրադ սերնդի մրցարշավորների համար եւ իր աշխատանքը հրաշալի կատարելով եւս մեկ տարի կմնա թիմում, իսկ 2-րդ պիլոտի դերը կստանձնի ամենահաստ դրամապանակով արշավորդը, որը 3-րդ տարին անընդմեջ կարող է Նարաին Կարտիկեյանը լինել, շարունակելով մեծացնել հնդիկների` Ֆորմուլա 1-ի հանդեպ ուշադրությունը:

Այսքանը: Սիրեք Ֆորմուլա 1-ը: Ալեքս Ենոքյան

Պերես եւ Ֆեռռարիի ղեկավար Դոմենիկալի: <<Մի քիչ էլ դիմացիր տղա ջան, դու դեռ չափազանց երիտասարդ ես>>

 

 

 

 

 

 

 

 

 

Նորբերտ Հուգը դեմ չի լինի կրկին աշխատել Լյուիսի հետ:

Սակայն այստեղ հարցը Լյուիսի մեջ է:

 

 

 

 

 

 

 

Փոլ Դի Ռեստա եւ Նիկո Հյուլկենբերգ: Ֆորս Ինդիայի տաղանդաշատ երիտասարդությունը, որոնք լուրջ դեր կարող են խաղալ եւ եղանակ փոխել 2012 թվականի տրանսֆերային շուկայում:

 

 

 

 

 

Խուան Պաբլո Մալդոնադո: Ծիծաղալու է, բայց փաստ, որ Պաստոր Մալդոնադոն իր խարիզմատիկ կերպարով եւ տաքարյունությամբ բոլորին հաճելիորեն հիշեցնում է Խուան Պաբլո Մոնթոյային: Այսպիսի դեմքերը պետք են Ֆորմուլա 1-ին: