16:42 , 16 դեկտեմբեր, 2014
Kinetoon.com-ը գրում է.
Հավանաբար «Մատանիների տիրակալը» կինոեռագրության տրիումֆալ հաջողությունն ուներ մի քանի պատճառ. առաջինը, բնականաբար, հարգանքն ու խնամքով վերաբերմունքն էր սկզբնաղբյուրի նկատմամբ: Երկրորդը` նույն այդ հարգանքը երկրպագուների այն բազմամիլիոնանոց բանակի նկատմամբ, ում մանկության գլխավոր հերոսները Ջ.Ռ.Ռ. Տոլքինի ստեղծած աշխարհից էին: Եւ երրորդը ու երեւի թե ամենակարեւորը` չափի զգացոողությունն էր` առկա երիտասարդ, խոստումնալից ու եռանդով լի Պիտեր Ջեքսոնի մոտ: Այս երեք բաղադրամասերի առկայության շնորհիվ նրան հաջողվեց ստեղծել ժամանակակից կինոյի ամենահայտնի մոնումենտը, որը (եթե ծայրահեղ տոլկինիստ չլինես) լրիվությամբ արժանի է իր սկզբնաղբյուրին:
«Հոբիթի» էկրանավորման գաղափարը հենց սկզբից բավականին օրինաչափ էր գնահատվում: Սակայն հետագա որոշումները` բաժանելու փոքրիկ մանկական հեքիաթը երեք խոշոր կինոյի, աստիճանաբար տարակուսանքի պատճառ էին դառնում երկրպագուների շրջանում. իսկ արդյո՞ք Պիտեր Ջեքսոնը չի կորցրել չափի զգացողությունը: Արդյունքում պարզվեց, որ կորցրել է:
«Հինգ բանակների ճակատամարտն» իդեալական նախատոնական բլոկբաստեր է` ընտանիքով այցելելու, եւս մեկ անգամ Միջերկրի կախարդական աշխարհում հայտնվելու ու կինոթատրոնի դահլիճից դուրս գալուց հետո այն մոռանալու համար: Դժվար է չգայթակղվել այս դեպքում «ավելորդ» բառն օգտագործելուց, չնայած այն բոլորովին տեղին չէ: Սակայն փոքրիկ հոբիթի մասին եռագրության վերջին մասը նման է հսկայական մեխանիզմի այն եզրափակիչ դետալին, որն անհրաժեշտ է կցել սարքին, սակայն առանց որի էլ այն մեծ հաջողությամբ աշխատում է: Բնականաբար, այդ մեխանիզմը ներառում է ինչպես «Մատանիների տիրակալը», այնպես էլ «Հոբիթը», որոնք երկուսը միասին մտածված էին որպես մեկ ընդհանուր օրգանիզմ: Բայց արի ու տես, որ այդ փազլի վերջին դետալն ընդհանուր պատկերում գրեթե ոչինչ չի փոխում:
Ու այս ամենի պատճառը Ջեքսոնի մոտ չափի զգացողության կորուստն էր: Եթե «Մատանիների տիրակալը» ոսկերչական ճշգրտությամբ հաշվարկված, ամեն կադրում ու ընդհանուր կոնստրուկցիայում բալանսը իդեալական պահող արվեստի հրաշալի գործ էր` որի ամեն տեսարան շնչում էր հեքիաթով, ապա «Հոբիթը» դա բլոկբաստեր է` բառի ամենաիսկական իմաստով ու ժանրին հատուկ բոլոր թերություններով: Բլոկբաստերին չափի զգացողությունը պետք չէ, այն միայն ակնթարթային զվարճանքի համար կառուցված ատրակցիոն է, այն իր առաջ խնդիր չի դնում թափանցելու մարդկանց սրտերն ու մնալու այնտեղ ընդմիշտ: «Հոբիթը» տեղ-տեղ կաղացող, հաճախ` իր վիզուալ ճոխությամբ ու թանկարժեքությամբ հիացնող, սակայն խաղալիք է, որն ուղղակի չի կարող օրգանապես կապակցվել առաջին եռագրության հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ