11:10 , 16 դեկտեմբեր, 20141in.am-ը գրում է․
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը
- Պարոն Մելքումյան, Կենտրոնական բանկը շարունակում է օրական մոտ 6 միլիոն դոլարի ինտերվենցիաներ անել, բայց դոլարի փոխարժեքը շարունակումէ բարձրանալ: Փաստորեն, ԿԲ-ի այդ ներարկումները չե՞ն կարող կասեցնել դոլարի թանկացումը:
- Միայն ինտերվենցիայի գործիքը բավարար չէ, որ փոխարժեքը կայունացնես: Երեք-չորս հիմնական գործոններ կան, որոնք ազդում են ստեղծված իրավիճակի վրա՝ տրանսֆերտների չափը, որը էապես քչացել է, ներդրումները, որոնք ըստ էության չկան: Եվ երրորդը՝ արտահանման ծավալներն են, որոնք պաշտոնական տեսակետի համաձայն՝ դանդաղում են, բայց իմ կարծիքով, աճ չկա: Այս երեք գործոնները պետք է հանրապետությունում ապահովեն համապատասխան տարադրամի առկայությունը, ինչը կարծես թե քչանում է: Իհարկե, կա նաև սպեկուլյատիվ գործոնը: ԿԲ-ի խնդիրն է նաև գների կայունության ապահովումը, ինչն այսօր չկա: Մենք այսօր անգամ չենք կարող ասել, թե գնաճային ճնշումներն ինչքան են, որովհետև դա որոշվում է մոտ 480 խումբ ապրանքներով: Բայց եթե 5-7 և ավելի տոկոսով թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները, դրա արդյունքները բնակչության կենսամակարդակի առումով ակնհայտ են՝ մարդիկ շարունակում են աղքատանալ:
- Չե՞ք կարծում, որ ԿԲ-ի կողմից արվող օրական մոտ 6 մլն դոլարի ինտերվենցիաները փոշիանում են: Չէ՞ որ այդ քայլն ուղղված էր դոլարի փոխարժեքի բարձրացման զսպմանը, ինչը չի հաջողվում:
- Եթե այդ ինտերվենցիան չլինի, մենք չենք կարող ասել, թե փոխարժեքի բարձրացումն ինչքան կլիներ: Եթե դա չլինի, կարող է մի օրում ոչ թե 10-20, այլ 50 դրամով բարձրանար:
- Ամեն դեպքում ԿԲ-ն ինտերվենցիաներ է անելու մինչև տարեվերջ: Կարելի՞ է ասել, որ հաջորդ տարվա սկզբին դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրանալու է:
- Դրա համար պետք է պետության առաջին դեմքերը հանդես գան հայտարարությամբ, թե ինչ սցենարով է գնում: Մենք դրսի գործընթացներից էապես կախում ունենք, բայց այդ կախման աստիճանն ավելի մեծ է, երբ նախորդ տարիներին դու չես արել այն, ինչ պետք է անեիր: Օրինակ, ինչու չեն աճել մեր արտահանման ծավալները, ինչու չեն եղել ներդրումները: Տրանսֆերտների հետ կառավարությունը կապ չունի: Եթե մեր ներքին արտադրության ծավալը մեծ լիներ, այսինքն՝ ներկրման փոխարինման գործընթացն արդյունավետ լիներ, այսպես չէր լինի: Դրսից կախվածությունը մեծ խնդիրներ է առաջացնում: