18:03 , 15 դեկտեմբեր, 2014
Ղազախստանի Կալաչի գյուղի ամեն 10-րդ բնակիչը հասցրել է հանկարծակի քնի մեջ ընկնել օրը ցերեկով և օրերով չարթնանալ։ Չնայած բազմաթիվ մասնագետներ են փորձել հասկանալ այս անբացատրելի խանգարման պատճառները, այնուամենայնիվ, նրանց չի հաջողվել բացահայտել այս հանելուկը։
600 բնակիչներից բաղկացած այս գյուղն արդեն մի քանի տարի է, ինչ տառապում է «քնի համաճարակից», ինչպես իրենք՝ բնակիչներն են կոչում այս երևույթը։ Այստեղ ապրող յուրաքանչյուր բնակիչ կամ ընտանիքի անդամ և/կամ ընկեր ունի, ով անհայտ պատճառներով քնի մեջ է ընկել։ Մինչ այս 100 դեպք է գրանցվել, որոնցից մի քանիսի դեպքում հանկարծակի քնի մեջ ընկնելու երևույթը կրկնվել է, ինչպես պնդում են տեղացիները։

Դեպքերից մեկի ժամանակ երեխաները սկսեցին վայր ընկնել հենց սեպտեմբերի մեկին՝ դպրոց հաճախելու առաջին օրը, երբ մեկ ժամվա ընթացքում 8 երեխա հանկարծակի միանգամից տեղում քնեցին։
Դրանից առաջ 20 մարդ ուշագնաց էր եղել ու մի քանի օր շարունակ քնել, «և առնվազն 60-ը մի անգամ ձմռանը... Մենք նրանց շարքով պառկեցրինք»,- այս մասին պատմել է բուժաշխատողը, ով այստեղ է ժամանել սեփական հետազոտությունն անցկացնելու համար։
Գիտնականների մի խումբ այդ թվում՝ վարակաբաններ, ճառագայթաբաններ ու թունաբաններ, այցելել են գյուղ՝ խնդիրը հասկանալու և դրան լուծում տալու համար, սակայն նրանց չի հաջողվել հասկանալ ու լուծել այս հանելուկը, ինչը տեղացիներին վախի մեջ է թողել, որ մի օր նրանք կարող են պարզապես քնել ու այլևս չարթնանալ։

Այս անհասկանալի երևույթից տառապող երեխաներից մեկի հայրը՝ Իգոր Սամուսենկոն, պատմել է. «Երբ փորձում ես արթնացնել, թվում է, թե ցանկանում է բացել աչքերը, սակայն չի կարողանում։ Նա քնում ու քնում է...»։ Մարդիկ պատմում են տարբեր ախտանիշների մասին, այդ թվում՝ հալյուցինացիաներ, հիշողության կորուստ, գլխապտույտ և սրտխառնոց։
Մի կին պատմել է, որ ոտքերին ծանրության զգացում է ունեցել. «ասես հարյուր զույգ կոշիկ հագած լինեի»։ Այլ հիվանդներ պատմել են, որ այնպիսի վիճակում էին հայտնվում, որ դժվարանում են օգնության կանչել՝ նշելով որ ասես հարբած լինեին և չէին կարողանում խոսել։
Բժիշկները պատմել են, որ որոշ մարդիկ մի ամբողջ շաբաթ քնած են մնացել։
Արթնանալուց հետո մարդկանց մոտ որոշակի խանգարումներ են նկատվում նյարդային համակարգի ու գլխուղեղի աշխատանքի հետ կապված, սակայն մի քանի օր ինտենսիվ խնամքից հետո նրանք վերականգնվում ու սովորական կյանքի են անցնում, մինչև որ նորից սկսում են անկանոն քնկոտություն զգալ։ Որոշ բժիշկներ կարծում են, որ պատճառը զանգվածային փսիխոզն է։
Շատերն էլ կարծում են, թե պատճառը Կալաչիի մոտ գտնվող հանքն է։ Սովետական տարիներին գյուղը գաղտնի վայր էր համարվում՝ այստեղ առկա ուրանի հանքի պատճառով։ Հանքը փակվել է երկու տասնամյակ առաջ, ու այս տարածքը մասնակի լքված է։ Ինչևէ, ո՛չ բնակիչները, ո՛չ էլ բժիշկները չեն կարծում, որ քնի խանգարման պատճառը ճառագայթումն է։
Նախկին հանքափորերից մեկը նշել է. «Տարիներ շարունակ մարդիկ աշխատում էին հանքերում, և ոչ ոք այդ պատճառով քնի մեջ չի ընկել»։ Իսկ բժիշկներն էլ նշում են, որ ճառագայթման հիվանդությունների ուսումնասիրություններն ու հետազոտությունները երբեք ցույց չեն տվել քնի խանգարման ախտանշաններ։ Կալաչիում անկախ փորձագետների կողմից ջրի, հողի և բուսականության ուսումնասիրությունները ոչ մի անսովոր բան չեն հայտնաբերել։