Սիդնեյի օպերային թատրոնի շենքը տարհանվել է. հայտարարվել է քաղաքում 4 ռումբի մասին


08:15 , 15 դեկտեմբեր, 2014

10382322541in.am-ը գրում է․

Ավստրալիայի ոստիկանությունը տարհանել է Սիդնեյի օպերային թատրոնը՝ կասկածելի առարկա հայտնաբերելուց հետո: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Տեղի ոստիկանության ներկայացուցիչը չի կարողացել հաստատել այդ տեղեկությունը: Թատրոնի ներկայացուցիչը ևս չի պատասխանել զանգերին: Նշենք, որ 1973-ին բացված Սիդնեյի օպերային շենքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Բացի այդ, ծայրահեղականները Սիդնեյի Lindt սրճարանում պատանդ են վերցրել աշխատակազմին և այցելուներին: Ծայրահեղականներից մեկը հայտարարել է, որ քաղաքում տեղադրված է 4 ռումբ: Ոստիկանությունն այս տեղեկությունը ևս չի հաստատում և հանգստության կոչ է անում:

Թե կոնկրետ որտեղ են տեղադրված ռումբերը՝ չի նշվում:

Խանութ-սրճարանում պատանդներ վերցրած ծայրահեղականները բանակցություններ են պահանջում Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հետ: Իր հերթին Էբոթը հայտարարել է, որ դա «խորապես անհանգստացնող միջադեպ է»:

«Բոլոր ավստրալացիները պետք է վստահ լինեն, որ մեր իրավապահները և անվտանգության գործակալությունը մանրամասն և պրոֆեսիոնալ կերպով արձագանքում են»,- ասվում է վարչապետի հայտարարության մեջ: