«Օդնոկլասնիկիում» «ֆրանսահայ միլիոնատերը», նույն ինքը՝ սարիթաղցի Գևորը, ամուսնանալու խոստմամբ հափշտակել է Շողիկի 1,5 միլիոն դրամը


03:05 , 15 դեկտեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

Fotor1214225555

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվեց Գևորգ Այվազյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Գևորգ Այվազյանը 2014 թվականի մարտի 13-ին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Լոռու մարզի բնակչուհի Շողիկի (անունը փոխված է) հետ: Չարաշահել է նրա վստահությունը, խաբել ու մարտի 18-ից մինչև ապրիլի 5-ը խարդախությամբ հափշտակել է Շողիկի 1 միլիոն 573 հազար դրամը:

Գևորգ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Դատարանում հարցաքննվեց տուժող Շողիկը:

Ըստ տուժողի՝ Գևորգը «Օդնոկլասնիկի» կայքում ծանոթանալով իր հետ՝ ներկայացել է որպես Ֆրանսիայից ամուսնանալու նպատակով Երևան ժամանած հայ մեծահարուստ:

Գևորգը նորածանոթ կնոջը ներկայացրել է, թե Ֆրանսիայում բրենդային հագուստի խանութներ ունի և շատ հարուստ է: Այնպես է ներկայացրել իր հարստությունն ու ապրելակերպը, որ միանգամից պտտեցրել է Շողիկի գլուխը:

Շողիկի գլուխը պիտի որ չպտտվեր Ֆրանսիայից Երևան ամուսնանալու եկած մեծահարուստի խոսքուզրույցից, քանզի նա արդեն ամուսնացած էր և ոչ միայն իր ամուսնու կինն էր, այլև՝ երկու երեխաների մայրը:

Բայց Շողիկը հայաստանյան մարզում իրեն բաժին ընկած գորշ իրականությունից Գևորգի հետ համացանցային շփումների ժամանակ սավառնել է դեպի եվրոպական ճոխությունները և այնպես է ընկել երանության լազուրի մեջ, որ կորցրել է իրականության զգացողությունը:

Գևորգի կողմից արված սիրո «արհեստավարժ» խոստովանություններն այդ կինն ընդունել է հալած յուղի տեղ, ու ծանոթության արդեն հինգերորդ օրը պատրաստ է եղել հանուն Գևորգի դատարկել իր ընտանիքի առանց այն էլ ոչ լեփ-լեցուն «գրպանը»:

Գևորգը շատ հեշտությամբ է «հաղթանակի հասել»: Միգուցե դա է պատճառը, որ նա հնարավոր է համարում մարզում ապրող աղջիկների մեծամասնությանը հեշտությամբ մոլորեցնելը՝ սփյուռքահայ միլիոնատեր ներկայանալու եղանակով:

Շողիկը Գևորգին հավատացել է անվերապահորեն՝ առանց նրա հետ հանդիպելու, առանց անգամ նրա դեմքը տեսնելու, ընդամենը հինգ օրվա ծանոթության ու համացանցային գրագրության արդյունքում:

Գևորգի արտիստական ու բառապաշարային հնարավորությունները լիուլի են եղել՝ Շողիկին գրավելու, սթափ մտածողությունից նրան իսպառ զրկելու համար:

Շողիկը արդեն երևակայության մեջ ֆրանսիաներում միայն բրենդային հագուստով էր շրջում, վայելում էր իրեն երկրպագող ամուսնու սերն ու միլիոնները: Եվ այդ միլիոնների հետ համեմատած ի՞նչ էին Գևորգի խնդրանքները՝ ընդամենը աստիճաններ, որոնք դժվարին առօրյայից հոգնած կնոջը տանելու էին դեպի երջանկության Օլիմպոս:

Ի՞նչ պիտի խնդրեր ֆրանսիացի միլիոնատերը շարքային հայ քաղաքացուհուց: Փո՞ղ: Այո, բայց միայն ու միայն՝ պարտքով:

Բանն այն է, որ ըստ Գևորգի ներկայացրած հեքիաթի՝ նրա բանկային քարտերը Հայաստանում «բացվելու էին» ապրիլի 8-ին: Իսկ մինչև այդ բաղձալի օրը Գևորգը պետք է որոշ ֆինանսական հարցեր լուծեր, բայց արի ու տես՝ կանխիկ ոչ մի դրամ չուներ:

Ամենասրտառուչ և Շողիկի աչքերից արցունք քամած խնդրանքն այն էր, որ Գևորգը իր սիրասուն մոր գերեզմանը պիտի կառուցեր հնարավորինս արագ, որպեսզի հասցներ հարսնացուի հետ մեկնել Ֆրանսիա: Մոր գերեզմանը կառուցելը սուրբ գործ է, Շողիկը անձնազոհաբար նետվել է Գևորգին օգնելու վճռականության «գետը», տրվել է հոսանքին ու ընկղմվել է նրա խարդախության «ալիքների» մեջ:

Այնպես չէր, որ Շողիկի ընտանիքի գումարները դրված էին դարակում, նա պարզապես վերցրել և ուղարկել է «միլիոնատեր» երկրպագուին: Շողիկի ամսական աշխատավարձը 50 հազար դրամ է եղել: Ու նա ամուսնուց թաքուն գրավ է դրել իր ոսկեղենը, գումարը Գևորգի ասած եղանակով՝ իր քաղաքից Երևան ուղևորվող տաքսիստների միջոցով ուղարկել է Գևորգին:

Մեկանգամյա «օգնությամբ» Գևորգի խնդրանքները չեն ավարտվել: Նա երկու-երեք օրը մեկ Շողիկից գումարներ խնդրելու նորանոր պատճառներ է բերել, որոնք հիմնավոր են թվացել Շողիկին, ու կինը մեկը մյուսի հետևից կատարել է Գևորգի խնդրանքները: Նրան փող ուղարկելու համար ուրիշներից էլ է պարտքեր արել, նույնիսկ բանկերից վարկ է վերցրել, ներկայումս այդ պարտքերի, վարկերի ու տոկոսների տակ է հայտնվել:

Դատարանում Շողիկը թվարկեց, թե որ օրերին է փող ուղարկել իրեն անծանոթ «սիրելիին»` մարտի 18-ին` 300 հազար դրամ, մարտի 20-ին` 200 հազար դրամ, մարտի 24-ին` 180 հազար դրամ… ապրիլի 3-ին՝ 240 հազար դրամ, ապրիլի 5-ին՝ 250 հազար դրամ… Ընդամենը Շողիկը Գևորգին ուղարկել է մոտ1 միլիոն 355 հազար դրամ:

Հետագայում քաղհայցի պահանջ է ներկայացրել 1 միլիոն 573 հազար դրամի՝ հաշվելով նաև տաքսիների վրա ծախսած գումարները, տոկոսները և կատարած մյուս ծախսերը՝ գումարներն իր քաղաքից Գևորգին հասցնելու համար:

Դատարանում Շողիկն ասաց, թե Գևորգն իր հետ մտերմիկ զրույցներ է վարել, ասել է, թե անչափ հավանել է, շահել է իր վստահությունը: Ինքը հավատացել է նրա երդումներին: Գևորգն ասել է՝ մոր գերեզմանը սարքելուց հետո վերցրածի եռապատիկը, քառապատիկը կվերադարձնի, իսկ Շողիկն ասել է՝ պետք չէ, միայն իմ տվածը վերադարձրու: Ու Գևորգը երդվել է, թե բոլոր գումարները մեկտեղ կվերադարձնի ապրիլի 8-ին. անձամբ կգա Շողիկի քաղաք ու կհայտնի իր խորին շնորհակալությունը:

Շողիկը դատարանում ասաց, թե նախկինում «Օդնոկլասնիկի» կայքով ոչ մեկի հետ չէր ծանոթացել, միայն խաղեր էր խաղում: Գևորգը եղել է նրա առաջին համացանցային ծանոթը…

Շողիկը ապրիլի ութին սրտատրոփ սպասել է Գևորգի հայտնվելուն կամ գոնե գումարների վերադարձին: Բայց ո՛չ մեկն է տեղի ունեցել, ո՛չ էլ մյուսը: Հաջորդ օրը ևս Գևորգից ոչ մի տեղեկություն չի ստացվել:

Ապրիլի տասին Շողիկը ստիպված է եղել ամեն բան խոստովանել ամուսնուն:

Վերջինս, Շողիկի ասելով, խիստ զայրացել ու կնոջը տնից վռնդել է: Շողիկը վարձով է ապրել: Այդ ընթացքում Գևորգը համացանցային ասպարեզում թեթևակի երևացել է, փորձել է պատճառաբանել, թե «չի կորել», թե ինչ-որ անհեթեթ պատճառով իրեն «բռնել են», «հետապնդել են» և այլ արդարացումներ է բերել: Բայց արդեն ուշ էր:

Շողիկն արդեն դիմել էր իրավապահներին…

Տուժող կինը հայտնեց, որ մեկուկես ամիս առաջ ամուսինը հաշտվել է իր հետ, իրենք նորից միասին են, ընտանիքը վերականգնվել է:

Կատարվածի մասին ասաց. «Դե, ստացվել ա, խաբվել եմ, տվել եմ՝ ի՞նչ անեմ, միայն պնդում եմ իմ քաղհայցը, ուրիշ՝ ոչինչ… Եթե իմ գումարը վերադարձնի, թող դատարանը մեղմ վարվի նրա հետ, եթե ոչ՝ ոչ…»:

Գևորգը հայտարարեց տեղից. «Ես երդվացել եմ, որ կվերադարձնեմ ու չեմ հրաժարվում…»:

Բայց գործի բացահայտումից հետո, նախաքննության ընթացքում ու մինչ օրս տուժողին պատճառված վնասի ոչ մի դրամը չի վերականգնվել:

Գևորգը Սարի թաղից է: Նրա հայրը տաքսու վարորդ է: Դատարանում հայրը, որ գործով վկա է, հրաժարվեց ցուցմունք տալ որդու վերաբերյալ, իսկ տուժողի վնասը հատուցելու հարցով էլ ասաց, թե իրենք բացարձակապես ոչ մի բան չունեն: Ինքն ու տղան ապրել են վարձով: Այ, եթե որդին չազատազրկվի ու աշխատի, այդ դեպքում միայն նա կարող է աստիճանաբար փակել պարտքը:

Տուժողը զայրագին ընդունեց այս մոտեցումը և ասաց, թե ինքն իր գումարն է պահանջում, եթե չվերադարձնեն՝ բողոքելու է մինչև վերջ, մինչև Եվրադատարան…

Գործով դատակոչված մյուս վկաները դատարան չէին ներկայացել: Դատարանը բերման ենթարկելու որոշում կայացրեց այդ վկաների վերաբերյալ՝ կարևորելով նրանց ներկայանալն ու հարցաքննվելը դատարանում:

Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին: