Քո մեջ հաշվարկված են բոլոր ցանկությունները, մոտեցումները, ամեն ինչ՝ բացի իրականությունից


23:00 , 13 դեկտեմբեր, 2014

Անշուշտ, տուփդ գեղեցիկ է, անշուշտ, կառուցվածքդ՝ գերող: Երբեմն այնքան սուր ես, երբեմն այնքան քաղցրահամ… Մի տեսակ նախասիրության վրա ես կառուցված… Քո մեջ հաշվարկված են բոլոր ցանկությունները, մոտեցումները, ամեն ինչ՝ բացի իրականությունից: Քեզ կարելի է սիրել, կարելի է ատել, բայց անտեսել անհնար է: Ոմանց համար դու ամենօրյա անհրաժեշտություն ես, ոմանց համար ալերգիկ դրսևորում: Քեզ կարելի է շոյել, շնչել, զգալ… Բայց օգտագործել միայն անհրաժեշտության դեպքում: Դու ոչ ներկան ես, ոչ անցյալը, դու ապագան էլ չես… Քեզնից կախված չէ ոչինչ և ոչ ոք, բայց երբեմն բնավորությունը ընդգծվում է քեզնով: Դու թանկ ես, էժան, անգին, անհասկանալի, նյութական, հոգևոր, անբացատրելի: Ոմանք թաքցնում են քեզ, ոմանք պահպանում, ոմանք հոգնում: Ախ դու… Դու չես էլ հասկանում, թե ինչ է կատարվում: Դու գովազդ ես, տարրական հոլովակ, կարթ՝ մեծ ձուկ բռնելու համար: Դու բառախումբ ես, նախադասություն, գեղեցիկ բառախաղ, որ մազերիս չափ հոլովել եմ ամենուր, եթերում թե դրանից դուրս: Անշուշտ՝ տուփդ գեղեցիկ է, բայց դա չի նշանակում, որ ամենը որակյալ է: Որպես գովազդի մարդ՝ ցավով պիտի նշեմ, որ հենց գեղեցիկ տուփն է թաքցնում անորակը, գեղեցիկ տուփն է ստիպում գնորդին ուշադրություն դարձնել իր վրա: Գեղեցիկ տուփդ ստեղծելու վրա են ծախսվում թանկագին միջոցները և արդյունքում էլ միջոցներ չեն մնում որակային հանտկանիշներդ բարձացնելու համար: Երբեմն հիշում եմ հին տողերը, որ դու արտասահմանյան հագուստի խանութ ես, որի ցուցափեղկում ամեն ինչ ներկայացված է, իսկ ներսում՝ դատարկություն: Դու աքսեսուար ես, իր, բույր՝ որին քիթս սովորել է: Ցավոք, երբեմն հարբուխը նպաստում է հոտառությանս կորստին: Դու դառնում ես անպետք, շինծու, արհեստական: Քեզ զգում են ուրիշները, իսկ ես անգամ չեմ էլ հիշում քո մասին: Երբեմն սպառում ես քեզ, բարկացնում, հանում հունից ու ստիպում, որ փոխեմ քեզ: Ես չեմ ուզում, բայց հանգամանքները այդպես էլ են դասավորվում: Երբեմն չարաշահում եմ քեզ, կտրուկ շարժումներ անում և դնում մի կողմ…. Դու անգամ չես էլ գիտակցում ինչ է կատարվում, դու պարզապես գեղեցիկ տուփ ունես, սլացիկ կազմվածք, անվեհեր կերպար, խառնվածք, բնավորություն, իմ եսից մի պատառ: Ցավում եմ, որ այդքան գեղեցիկ է տուփդ, բայց բույրդ արդեն վանում է ինձ: Դու անտանելի ես դարձել, միգուցե ես եմ փոխվել, ուստի եկել է քեզ էլ վերջնականապես փոխելու ժամանակը: Ո՞վ գիտի: Բարկանում եմ…. Վախենում եմ կոտրել գլուխդ, վախենում եմ վնասել քեզ ու դրանից հետո երկար չես դիմանա… Բառիս բուն իմաստով կցնդես… Կվերջանաս աստիճանաբար ու մի օր կանհետանաս իսպառ… Կմնա կազմվածքդ, միգուցե դեռ բույրդ զգամ, բայց այլևս անպետք ես դարձել՝ դու փչացել ես, փչացրել եմ քեզ: Քո հետ անգամ երեխաները չեն խաղա, դու աղբամանում կհայտնվես, կամ որևէ մեկի հիվանդագին հավաքածուում: Դու հուշ ես… Դու փողոցում գցած չես, բայց քեզ ձեռք բերելը մեծ խնդիր չէ: Դու կանչովի ես,պատվերով ապրանք, իր, որին տիրանալու համար վճարում են: Ո՛չ, անբարոյական չես, բայց տուփդ անսպառ գերող է: Ոմանք ճանաչում են քեզ անգամ հեռվից, ու դա ինձ բարկացնում է: Ես ուզում եմ, որ միայն իմը լինես: Իմը՝ գիշեր թե ցերեկ, տանը թե աշխատավայրում: Ուզում եմ լոգարանում դիպչես ինձ ու հայеլու մեջ նկատելի դառնա իմ ժպիտը: Ուզում եմ վերնաշապիկիս վրա երկար մնա քո հետքը, քո բույրը, քո «եսը»: Անցյալը ու ներկա խառնվել են իրար: Երբեմն հիշում եմ, թե ինչպես մատի մեկ շարժումով հասնում եմ ուզածիս, թե ինչպես էի կաթիլ առ կաթիլ սպառում քեզ…. Իսկ հիմա… Իսկ հիմա մնաս բարով… Ես գտել եմ ուրիշին, նա ավելի կրքոտ է և դիրքիս համապատասխան: Նա իմ նոր օծանելիքն է…

Հ.Տ. Խոսքս իմ հին օծանելիքի մասին էր, որն արդեն անտանելի էր դարձել… Կարծում եմ՝ գիտեք, որ ինձ համար ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ ամեն ինչ, ուստի մի զարմացեք: Այս ամենը ասացի դատարկ օծանելիքիս շշին և նետեցի աղբամանը, այնպես որ հանգստացեք:

Գրեթե միշտ Ձեր՝ Ռաֆայել Մնացականյան 27/11/2014/ 15:24 /USA/Orem