23:16 , 11 դեկտեմբեր, 2014
Երբեմն մենք ձգտում ենք լինել այն, ինչ չկանք.... Մենք հայտնվում ենք այնտեղ, որտեղ նույնիսկ ավելորդ է մեր գոյությունը: Մեզ տանում է մարմինը.... Հոգուց պոկված, մեր անզգույշ ու անփույթ մարմինը: Մենք արյունոտվելով անցնում ենք փշալարերով գծված սահմանի միջով, հետո խառնվում ենք հոգուց ազատված ուրիշ մարմինների...
Ու քարշ են գալիս մեր անարժեք մարմինները: Մեր դատարկ ու անկշիռ մարմինները.... Աստվա՜ծ իմ, երբեմն այնքա՜ն հաճելի է ապրել ներքևում ու լինել անկշիռ: Ուղղակի լինել մի քիչ մարմին..... Ու ուրիշ ոչինչ:
Բայց ու՞ր է տանում մեզ այդ ներքևը.... Ի՞նչ ենք դառնում այնտեղ. անզուսպ վայելքների ստրուկ.... Ու ապրում էլ ենք հենց այդպես` ստրուկներով լի մի փոքրիկ ու փոշոտ քաղաքում, ուր գիշերը մարմինն իրեն տուն է բերում: Բերում է հոգու մոտ ու ասում. «Ընդունի՛ր իմ անկշիռ ծանրությունը: Վերցրու՛ ինձ դարձյալ քո մեջ: Սխալ էր անջատումը քեզանից, հոգի՜ս.....»
Ու այդպես ամեն գիշեր: Այդ արցունքների պատճառով է, որ գիշերը քաղաքից միշտ խոնավության հոտ է գալիս.... Գիշերը, երբ մարմինն իրեն տուն է բերում:
Երևի թե պետք չի: Պետք չի մեր հոգուն այդ սպիտակ մարմինը, որ վաղուց թաղել ենք սև հողերի մեջ: Ավելի լավ է առանց մարմնե կաղապարի ուրիշ հոգիներ գտնենք ու միանաք նրանց.... Հետո միասին կնշենք մեր մարմինների հոգեհանգիստը..
Ու երևի խոնավությունն անցնի: Ու երևի դառնանք իրական: Ու երևի պոկենք մեր մաքուր հոգիներն այդ անզգույշ ու անփույթ մարմիններից: Ու երևի տանենք մեզ այնտեղ, որտեղ երբեք ավելորդ չէ մեր լինելը:
Որտեղ երբեմն մենք դառնում ենք այն, ինչ կանք:
©Անի Խամոյան